Առաջիկայում ԱԺ է ներկայացվելու կառավարության ծրագիրը, և ՀՀԿ խմբակցությունը միայնակ, ընդդեմ հինգ խմբակցությունների, պետք է քվորում ապահովի՝ ծրագիրը հաստատելու համար: Հարցին, թե ՀՀԿ խմբակցությունն ինչպե՞ս է միայնակ լուծելու քվորումի հարցը, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ իրենց թիմն ԱԺ-ում բավական կազմակերպված է, և որևէ խնդիր չի լինի. «Խնդիրներ չենք ունենա: Հայտարարեմ հետևյալը՝ իմ սկզբունքն է, որպեսզի բնականոն աշխատի Ազգային ժողովը: Ես միտում ունեմ, որ քառօրյա նիստերի ժամանակ որևէ գործուղում չիրականանա, իհարկե, մտածում եմ, բացառությամբ այն դեպքերի, եթե պետությանն անհրաժեշտ լինի»:
ՀՀԿ-ն միայնակ չէ, հարյուր հազարավոր մարդիկ կուսակցության անդամներ են` վստահեցնում է Գալուստ Սահակյանը` հավելելով, որ ՀՀԿ-ն պարզապես սովորեցրել է, որ 1999 թվականից ղեկավարման գործընթացում մասնակից լինեն նաև այլ քաղաքական ուժեր. «Մենք միայնակ չենք, առավել ևս մենք միշտ մտածում ենք սևի ու սպիտակի մասին: Միգուցե քվերակություններին միայնակ մնանք, բայց սովորական կենցաղային ու ընկերական փոխհարաբերություններում երբեք ու երբեք միայնակ չենք, որովհետև բոլորի հետ կարողանում ենք այս կյանքը առաջ տանել»: