Ինչպե՞ս է ՀՀԿ խմբակցության նորընտիր ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատկերացնում աշխատանքը գործընկերների հետ, ինչպե՞ս է նրանց կարողանալու կարգի հրավիրել, պարտադրել, որ ներկա լինեն ԱԺ նիստերին, քանի որ ՕԵԿ-ի՝ ընդդիմություն դառնալուց հետո, ՀՀԿ-ն ակնհայտորեն ձայների խնդիր կարող է ունենալ որոշիչ քվեարկությունների ժամանակ: Այս հարցերի շուրջ լրագրողների հարցերին ՀՀԿ նորընտիր ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իհարկե բացակայություններ հնարավոր է լինեն, բայց չի կարծում, թե որևէ մեկը կցանկանա տապալել ԱԺ աշխատանքները: Ճշտող հարցին` զգաստացնող կարո՞ղ եք լինել, ասաց. «Պետք է փորձենք»: Համեմատության հետ, թե ինքը ստանձնում է, այսպես ասած, դասղեկի ֆունկցիաներ, Վահրամ Բաղդասարյանը չհամաձայնեց, նշելով, որ բոլորը հասուն և կայացած քաղաքական գործիչներ են եւ ըմբռնումով են մոտենում իրենց պարտականություններին: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ պետք է ամեն ինչ անել այլ խմբակցությունների հետ համագործակցելու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ