ՀՀԿ խմբակցության նիստը, որտեղ պետք է ընտրվեին խմբակցության նոր ղեկավար եւ քարտուղար, տեւեց ընդամենը տասը րոպե: ՀՀԿ խմբակցության նոր ղեկավարն է Վահրամ Բաղդասարյան, քարտուղարը`Գագիկ Մելիքյանը:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Բաղդասարյանն ասաց, որ որեւէ հակասություններ իր թեկնածության հետ կապված չի եղել. «Եթե ներկա գտնվեիք նիստին, կզգայիք` նման հակասություններ կա՞ն: Իսկ եթե կան որևէ խնդիրներ, թերահավատություն, ապա թերահավատները կարող են գալ ինձ մոտ և անմիջապես կփարատվի նրանց թերահավատությունը…. Չկա նման բան»:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Վահրամ Բաղդասարյանի թեկնածությունը ոչ բոլոր ՀՀԿ-ականների սրտով է եղել: ՀՀԿ-ական գործիչը նաև տեղեկացրեց, որ իր թեկնածությանը գործընկերները քվեարկել են միաձայն: Բաղդասարյանը տեղյակ չէ`այլ անձինք հավակնություններ ունեցե՞լ են այդ պաշտոնին, թե`ոչ, սակայն ասաց, որ այլ առաջադրվածներ չեն եղել. «Դա արդեն պետք է հարցնեք խմբակցության անդամներին և կուսակցության ղեկավարությանը: Համենայն դեպս ես փորձեր չեմ կատարել, որպեսզի ես լինեմ, ինձ համար անակնկալ է եղել նաև առաջադրումը»:
Aravot.am-ի դիտարկմանը, որ խոսակցություններ էին շրջանառվում, որ Գալուստ Սահակյանը, Վահրամ Բաղդասարյանին առաջադրելով, փորձում է իր դիրքերը խմբակցությունում ամուր պահել, արդյոք ինքը հանդիսանալո՞ւ է Գալուստ Սահակյանի գործի շարունակողը, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Յուրաքանչյուր խմբակցության ղեկավար կմտածի խմբակցության ամբիցիաների մասին` հզորացնելու խմբակցության դիրքերը»: Մեր հաջորդ դիտարկմանը`ՀՀԿ-ում կան տարբեր թեւեր`տարեց ՀՀԿ-ականներ, երիտՀՀԿ-ականներ, գեներալներ, ինչպե՞ս է կարողանալու բոլորի հետ լեզու գտնել, ՀՀԿ նորընտիր ղեկավարն ասաց, որ չի կարծում, թե խմբակցությունը թևերի է բաժանված. «Չեմ կարծում, դրանք զուտ խոսակցություններ են: ՀՀԿ խմբակցությունը շատ համախմբված է եղել տարիներ շարունակ: Բնական է, նույնիսկ երեք-չորս հոգանոց ընտանիքում լինում են խոսակցություններ, բանավեճեր, բայց խմբակցության մեջ այդ ամենը կարգավորվել է բանակցային փուլում: Բնական է, եթե չլինեն որևէ վեճեր, բանավեճեր, ապա արդյունավետ աշխատանք չենք կարող ապահովել»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ