ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին կուսակցության քաղխորհրդի նիստում մի քանի կտրուկ հայտարարություն է արել՝ հստակեցնելով կուսակցության դիրքորոշումը։ Սա ուշագրավ է հատկապես ԱԺ նախագահի ընտրությունների պատճառով առաջացած աղմուկից հետո, երբ ԲՀԿ-ականները, ի տարբերություն «հրաշալի քառյակ»-ի գործընկեր կուսակցությունների, ոչ միայն մասնակցել, այլեւ ավելին՝ կողմ էին քվեարկել Գալուստ Սահակյանի թեկնածությանը։
«Ժողովուրդ»-ի աղբյուրների վկայությամբ, նիստի սկզբում Գագիկ Ծառուկյանը հերթով հարցրել է քաղխորհրդի անդամների կարծիքը կուսակցության հետագա անելիքների՝ մասնավորապես կառավարության ծրագիրը ԱԺ ներկայացնելու ժամանակ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պահվածքի վերաբերյալ։ Բնականաբար, կուսակցության գործարար թեւը խոսել է հօգուտ կառավարության։ Միայն թե, այս անգամ գործարարները պնդել են ոչ թե «կողմ» քվեարկելու, այլ՝ գոնե «ձեռնպահ» քվեարկելու օգտին, որպեսզի մի կողմից՝ ՀՀԿ-ին օգնեն քվորում ապահովելու հարցում ու չնեղացնեն անձամբ Հովիկ Աբրահամյանին, իսկ մյուս կողմից էլ՝ ժողովրդին ցույց տան, թե իրենք իշխանությունների հետ չեն։ ԲՀԿ քաղաքական թեւը, սակայն, պնդել է հակառակը՝ ԲՀԿ-ն դահլիճում լինելով հանդերձ, պետք է բոյկոտի կառավարության ծրագրի քվեարկությունը։ Ասել է թե՝ ԲՀԿ քաղաքական թեւը կողմնակից է եղել ավելի կտրուկ քայլերի։ Նշենք, որ կառավարության ծրագիրը բոյկոտելու տարբերակը քննարկվում է նաեւ «հրաշալի քառյակ»-ի մյուս կուսակցություններում եւս, եւ հիմա քառյակի ներսում ակտիվ քննարկումներ են ընթանում, որ բոլոր հինգ խմբակցությունները բոյկոտի միջոցով տապալեն կառավարության ծրագրի ընդունումը։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Արտակ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում