Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե անգամ Ս. Սարգսյանն Ավետարանը ձեռքին գա պառլամենտ». «Ժողովուրդ»

Մայիս 07,2014 11:58

Մայիսի 19-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ ՀՀ նոր կառավարությունը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ներկայացնելու է իր ծրագիրը։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության ծրագիրը հիմնականում կազմվել է նախկին ծրագրի հենքի վրա ու, կարելի է ասել՝ նոր ծրագրում ընդամենը կոսմետիկ փոփոխություններ են կատարվել։

Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության ծրագիրը ներկայացնելու է այնպես, որ այն ի սկզբանե էլ շատ լավն է եղել, պարզապես ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նրա կառավարությունը չեն կարողացել այն կյանքի կոչել։ Իսկ ահա իրենք կկարողանան ծրագիրն իրագործել Սերժ Սարգսյանի սրտով։ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու նրանց ակնկալիքները նոր կառավարության ներկայացնելիք ծրագրից։

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

– Պարոն Մանուկյան, տեղեկություններ կան, որ նոր ձեւավորված ՀՀ կառավարության ծրագրում ընդգծված որեւէ փոփոխություն չի լինելու։ Նշվում է, որ ներկայացվելիք ծրագիրը հնի՝ կոսմետիկ փոփոխությունների ենթարկված տարբերակն է։ Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք ՀՀ կառավարության ծրագրից։

– Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեզ համար ամենեւին կարեւոր չէ, թե ովքեր են լինելու ՀՀ կառավարությունում եւ ինչ ծրագիր են բերելու։ Մեր դիրքորոշումը հստակ է. եթե կառավարության գլխին կա Սերժ Սարգսյան եւ կոռումպացված ինստիտուցիոնալացված կաշառքի համակարգ, ապա որեւէ անձ, որեւէ ծրագիր չի կարող մեր երկիրը փրկել։ Ու մենք էս գլխից էլ ասում ենք՝ ինչ ծրագիր էլ բերեն, նույնը լինի, հինը լինի, մեջը սիրուն գրված լինի, թե ոչ՝ մենք գիտենք, որ այդ ծրագիրը հնարավոր չէ իրագործել։ Կոսմետիկ փոփոխություն կլինի, ինչ կլինի, այս դեպքում արդեն անիմաստ է։ Որեւէ ծրագիր Հանրապետական կուսակցության հետ եւ Սերժ Սարգսյանի գոյության պայմաններում, հնարավոր չէ իրականացնել։ Եթե անգամ Սերժ Սարգսյանն Ավետարանը ձեռքին գա պառլամենտ՝ ես չեմ հավատալու, որ ինքը կարող է որեւէ բան անել։

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

– Պարոն Վարդանյան, ՀՅԴ-ն ինչ ակնկալիքներ ունի ՀՀ կառավարության ծրագրից։ Տեղեկություններ կան, որ նոր կառավարությունն ակնհայտ փոփոխություններ չի կատարել ու հիմնականում լինելու է նախկին կառավարության ծրագիրը՝ ինչ-որ չափով փոփոխության ենթարկված։
– Կառավարության ծրագրի մասին ես կարող եմ տեսակետ հայտնել, երբ որ տեսնեմ այն։

– Բայց ՀՅԴ-ն ի՞նչ սպասելիքներ ունի ՀՀ կառավարության ծրագրից։ Կոնկրետ փոփոխությունների սպասո՞ւմ եք։

– Փաստաթուղթը կբերեն, կտեսնենք, ու իմ սպասել-չսպասելը որեւէ կապ չունի։ Կլինի՝ կկարդանք, կտեսնենք՝ ինչ է, որից հետո կասենք մեր տեսակետը։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031