Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2,7 մետրանոց արձան Միկոյանին. «Հայկական ժամանակ»

Մայիս 07,2014 11:48

Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմել է, թե ինչու է առաջարկել մայրաքաղաքի կենտրոնում կանգնեցնել հենց Անաստաս Միկոյանի հուշարձանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Երեւանի ավագանին, Բարսեղյանի միջնորդագիրը չմերժելով, որոշում է կայացրել Միկոյանի հուշարձանը տեղադրել Մոսկովյան պուրակում, ինչը հանրության մոտ դժգոհություն է առաջացրել։ Մեծ խումբ մարդիկ պնդում են, որ Միկոյանի ձեռքերն արյունոտ են. նա Ստալինին առաջարկել է գնդակահարել 700-ով ավելի հայ, քան նախատեսված է եղել, ինչպես նաեւ՝ Միկոյանը ստորագրել է Կատինում հազարավոր լեհ սպաներին գնդակահարելու փաստաթղթի տակ։

– Պարոն Բարսեղյան, ինչպե՞ս ստացվեց, որ Երևանի քաղաքապետին ներկայացրիք հենց Անաստաս Միկոյանի հուշարձանը մայրաքաղաքի կենտրոնում կանգնեցնելու միջնորդագիր։

– Մենք ստացել ենք գրություններ, դրան հաջորդել են զանգեր՝ Միկոյանի ժառանգներից, հանձինս Վլադիմիր Սերգեյիչ Միկոյանի (Ռուսաստանի առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչը Արեւելյան Եվրոպայում, նստավայրը՝ Չեխիա – Գ. Մ.): Նա նաեւ եղավ Երեւանում, իր պապի մասին շատ հետաքրքիր գիրք նվիրեց, պատմեց, որ տարիներ առաջ, գնահատելով իր պապիկի գործունեությունը, փողոց են անվանակոչել Դավիթաշենին հարող տարածքում։ Վ. Միկոյանը առաջարկեց նաեւ պապի կիսանդրին կանգնեցնել։ Ես չէ, որ պետք է ներկայացնեմ Միկոյանի ավանդը
ընդհանրապես համաշխարհային առումով, նրա ներդրումները բոլորին հայտնի են, այդուհանդերձ ինձ հետաքրքրեց, եւ ես Վիքիպեդիայի նյութերից ծանոթացա նրա կենսագրությանը։ Ես Վլ. Միկոյանին խոստացա, որ այդ խնդիրը առաջ կտանեմ, կներկայացնեմ քննարկման, ինչը եւ արեցի։

– Միկոյանի կենսագրության կնճռոտ դրվագները ձեզ ծանոթ չէի՞ն։

– Նախ՝ իհարկե, ծանոթ չէին։ Հայկ Դեմոյանի ներկայացրած փաստաթուղթը ինձ համար նորություն էր։ Այն ինձ համար հասու չի եղել։ Ամեն մարդ չի կարող ամեն ինչ իմանալ։ Ըստ այդ փաստաթղթի, Մալենկովը տեղեկացրել է Ստալինին, թե՝ Միկոյանը առաջարկություն է արել աքսորյալների թիվը ավելացնել եւս 700-ով։ Իր ստորագրությունը այդտեղ չկա։ Հարցին եթե բազմակողմանի փորձենք նայել, իր ժամանակաշրջանում գործող հեղինակությունները շատ դժվար են որոշումներ կայացրել, որպեսզի ե՛ւ իրենք չայրվեն, ե՛ւ իրենց նեղ հայրենասիրական միտումները հետագայում իրագործելու հնարավորություն ունենային։ Չմոռանանք, որ Միկոյանը փրկել է Ավետիք Իսահակյանի կյանքը։ Մեր մեծագույն ճարտարապետներից Կարո Հալաբյանին նա փրկել է Բերիայի թակարդից, ուղարկել Երեւան, թաքցրել, մինչեւ անցել է էդ ժամանակաշրջանը։ Հետո էլ ավելի մեծ գործունեություն է ծավալել Հայաստանում։ Հասկացեք, հակակշիռներ
կան։ Եթե մենք նրա գործունեության մասշտաբների հետ համաձայն ենք, ապա նա այն ձեւաչափի անձն է, որ բավարար չէ միայն Սանահինում արձան ունենալը։

– Հանրային քննարկումը ինչ-որ բան փոխե՞լ է ձեզ համար։ Միգուցե մտքափոխված լինեք։

– Գիտեք ինչ, Սանահինում նույնպես Միկոյանի կիսանդրին կա եւ թանգարանը, բայց նույն Հայկ Դեմոյանը երբեք չի առաջարկել դա հանել։ Իմիջիայլոց, նույն կիսանդրին ուզում ենք պատճենել եւ տեղադրել նաեւ այստեղ։ Իր ժամանակի լավագույն վարպետները՝ Մոսկովյան քանդակագործները, մի օրինակ այնտեղ ստեղծել են, պատճենը տեղադրել Սանահինում, եւ որպեսզի մենք չընկնենք մեծ պատմությունների մեջ, դրա պատճենը նաեւ այստեղ կդնենք։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031