Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը 1 տարեկան 10 ամսական երեխային «խլում» է մորից

Մայիս 07,2014 14:12

Երեխայի բնակության վայրը որոշվել է հոր բնակության վայրով

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարինե Գասպարյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` պահանջելով բեկանել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհարիկ Խաչատրյանի կայացրած վճիռը: Համաձայն այդ վճռի` դատարանը 1 տարեկան 10 ամսական Հովհաննես Թադեւոսյանի բնակության վայրը որոշել է երեխայի հոր՝ հայցվոր Արման Թադեւոսյանի բնակության վայրով` եզրակացնելով, որ երեխան ավելի բարեկեցիկ կյանքով կարող է ապրել հոր հետ` Սեւանում: Դատարանը գործի քննությամբ պարզել է, որ երեխայի մայրը չի ավարտել միջնակարգ դպրոցը, ամուսնական հարաբերությունների մեջ է մտել 15 տարեկանից, չունի վաստակ կամ դրա հեռանկար, բնակվում է իր մոր ծանոթի տանը, չափահասության տարիքի նոր է հասել: Երեխայի հայրը 27 տարեկան է, ունի կայուն վաստակ, մշտական աշխատանք, բնակարան, կարող է ապահովել երեխային:

Սրան հակառակ՝ դատարանում երեխայի մոր` Պայծառ Պողոսյանի շահերի ներկայացուցիչ Նարինե Պողոսյանն ու նրա փաստաբան Կարինե Գասպարյանը պնդում են, որ դատարանի կայացրած վճիռը հիմնազուրկ է եւ անօրինական:
«Հայցվորն ու պատասխանողը, չնայած գրանցված ամուսնական հարաբերությունների մեջ չեն գտնվել, այդուհանդերձ, հայկական ավանդույթի համաձայն, սկզբնական հայցվորի հարազատները հյուրընկալվել են Պայծառ Պողոսյանի ծնողներին ու խնդրել նրա ձեռքը: Քանի որ փոքր է եղել, նշանել են: Որոշ ժամանակ անց խնդրել են երկու օրով հյուր տանել, տարել են, հետո էլ տեղեկացրել, թե Պայծառն արդեն իրենց հարսն է: Երեխայի ուսումն էլ է կիսատ մնացել, նոր ընտանիքում Պայծառին դպրոցն ավարտելու հնարավորություն չի տրվել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է փաստաբան Կարինե Գասպարյանը:
Նա նշում է, որ թե երեխայի հայրը, թե մայրը չունեն իրենց անվամբ սեփականության իրավունքով գրացված բնակարան: «Երեխայի մայրական կողմի տատիկն ու պապիկը Ապարանում ունեն համասեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարան, որտեղ Պայծառ Պողոսյանը կարող է անժամկետ բնակվել երեխայի հետ: Երեխայի մոր բնակության վայրի բնակարանը եւս ունի անհրաժեշտ հարմարությունները երեխայի խնամքն ապահովելու համար: Բացի այդ, անդրադառնալով երեխայի հոր աշխատանքի բնույթին` կարող ենք նշել, որ նա ստիպված է լինում երկար ժամանակով բացակայելու տնից՝ երեխային թողնելով իր մոր խնամքին: Այս դեպքում, դատարանը խախտել է մայր ծնողի նախապատվության իրավունքը տատիկ-պապիկի համեմատ` իր երեխայի խնամքով ու դաստիարակությամբ զբաղվելու առումով: Ստացվում է` դատարանն անտեսելով երեխայի շահը` գերակա շահ է համարել երեխայի տատիկ-պապիկի շահը, ովքեր իրենց որդու` երեխայի հոր շաբաթական 5 օր, օրական 10 ժամ առավոտից անընդմեջ բացակայելու պայմաններում երեխայի խնամքն ու դաստիարակությունը, փաստորեն, հանձնել է երեխայի հայրական տատիկ-պապիկին»,- բացատրում է փաստաբանը:

Կարինե Գասպարյանը հավելում է, որ հայցվոր Արման Թադեոսյանը տուգանքի է դատապարտվել ակնհայտ 16 տարին չլրացած Պայծառ Պողոսյանի հետ սեռական հարաբերություն ունենալու եւ նրան համատեղ կյանքի ընթացքում ծեծելու, խոշտանգելու համար: «Իր սեռական քմահաճույքներին ընդառաջ չգնալու դեպքում սկզբնական հայցվոր Արման Թադեւոսյանն անկյուն է կանգնեցրել Պայծառին, նրան նսեմացրել, ծեծել: Այդպիսի վարքագիծ ունեցող անձը ընդունակ է անկառավարելի լինել նաեւ երեխայի խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելիս, որն էլ կարող է խաթարել երեխայի առողջությունը, հոգեկան վիճակը: Դատարանը, սակայն, այս ամենին գնահատական չի տվել»,- դատարանի կայացրած վճռի անօրինական լինելու մասին է պատմում փաստաբան Կարինե Գասպարյանը: Պայծառ Պողոսյանի մայրն էլ` Նարինե Պողոսյանը, մեզ հետ զրույցում նշում է, որ դատարանն իր ապօրինի վճռով մանկահասակ երեխային զրկում է մորից:

«Դատարանը ոչ մի բան հաշվի չի առել: Փառք Աստծո, ես Վանաձորում աշխատում եմ, Պայծառն էլ փորձաշրջան է անցնում` աշխատելու համար: Արտասահմանից օգնություն էլ ենք ստանում: Ես մինչեւ վերջ պիտի բողոքեմ այդ դատավորի դեմ, ինքը կին, մայր լինելով` ինչ խղճով այդ վճիռը կարդաց ու երեխուն տվեց հորը: Ոչ մի նյութական բարեկեցություն չի կարող փոխարինել մայրական ջերմությանը, ուզում է` ոսկե պալատներ լինի հայրական տանը, իսկ եթե դատարանը մտածում էր, որ իմ երեխեն հնարավորություն չունի, ու Արմանն էլ Մոսկվայում բիզնես ունի, թող իր վճռում ապահովեր այն, որ այդ տարիքի երեխան մնար մոր մոտ, շատերն այդ տարիքում դեռ կուրծք են ուտում, երբ երեխան կմեծանար, ինքը ոնց կուզեր, ում մոտ կուզեր, թող մնար: Բայց այդ տարիքի երեխուն անխղճորեն տվեցին հորը: Հայրական տատիկը մտածված ուզում է երեխուն մորից տանի, երեխան մորը չճանաչի, իրեն մամա ասի»,- եզրափակում է Նարինե Պողոսյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031