Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետները «գլխին մազ չլինելու պատճառով» որոշմամբ առաջադրված հարցերին չեն պատասխանել

Մայիս 07,2014 10:51

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվում է Զոհրապ Ստեփանյանի դեմ հարուցված քրեական գործով դատական քննությունը: Նախորդ նիստի ժամանակ նրա պաշտպանը` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը հանդես եկավ փորձագետի եզրակացությունը անթույլատրելի ճանաչելու պահանջով միջնորդությամբ:

Մինչ այդ, Զոհրաբ Ստեփանյանը ցանկություն հայտնեց ցուցմունք տալ , հայտնեց, որ ինքը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ ԻԻՀ քաղաքացուհի Էլհամ Շիրխաիից ցանկություն և նպատակ էլ չի ունեցել թմրամիջոց գնելու: Եթե նույնիսկ ցանկանար էլ գնել, ապա ի վիճակի չէր 13 գրամ գնելու , քանի որ դրա արժեքը կկազմեր մոտ 1.300.000 ՀՀ դրամ: Լավագույն դեպքում ինքը կկարողանար գնել 0,001 գրամ: Սակայն նա թմրամիջոց չի ցանկացել գնել և դրա համար էլ նրա հետ նման պայմանավորվածություն չի ունեցել, ինչը մեղադրանքն առաջադրած մարմինը փորձում է ապացուցել:

Զոհրաբը 1 տարի առաջ է ամուսնացել և մինչև կալանավորվելը բուժվել է, քանի որ երեխա չէին ունենում, իսկ նախկինում թմրանյութ օգտագործել է:

Մեղադրանքի կողմի համար Զոհրաբ Ստեփանյանի մեղքը հիմնավորող ապացույց է վկայակոչվել նաև դատաքիմիական փորձագետի 2013թ. նոյեմբերի 22-ի թիվ 0091 եզրակացությունը, համաձայն որի` 08.11.2013թ. Զ.Ստեփանյանի մեզի փորձանմուշում հայտնաբերվեցին կանաբիոնիդների խմբի թմրամիջոցների թմրալկալոիդները և մետամֆետամինների խմբի մետաբոլիտները: Հետազոտման պահին «Զ.Ստեփանյանի գլխին մազ չլինելու պատճառով» առաջադրված հարցերին հնարավոր չեն համարել պատասխանել:
Ըստ պաշտպան Լ.Սիմոնյանի, փորձագետի եզրակացությունը կարող է գնահատվել որպես արժանահավատ և թույլատրելի ապացույց միայն այն դեպքում, երբ նյութերը` նմուշները, որոնք հետազոտման համար ներկայացվել են փորձագետին, ձեռք են բերվել և ներկայացվել փորձագետին օրենքով սահմանված կարգով: Լ.Սիմոնյանը դատարանում հայտնեց, որ 2013թ. նոյեմբերի 8-ի արձանագրության համաձայն նմուշներ վերցնելու համար Զ.Ստեփանյանը ներկայացվել է ՀՀ ԱՆ նարկոլոգիական կենտրոն . «Զ.Ստեփանյանից նմուշ չի վերցվել: Նշված չէ նաև, թե ինչ կնիքով են կնքվել նմուշները և ում են հանձնվել: Ստորագրել են ընթերականեր` Նելսոն Կարապետյանը Ա.Կարապետյանը` Պտղնիից և Լևոն Աբրահամյանը` Երևանից»:
Պաշտպանն ասում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերից ոչ մեկում հանցագործության մեջ կասկածվող անձին ` Զոհրաբ Ստեփանյանին, չեն բացատրվել և պարզաբանվել փաստաբան հրավիրելու, լռելու, ինչպես նաև հանցանքի կատարման մեջ մերկացնող նյութեր չտրամադրելու իրավունքը: Հետևապես տվյալ փուլում վարույթն իրականացնող մարմնի կողմից խախտվել է Զոհրաբ Ստեփանյանի պաշտպանության իրավունքը:

«ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության 3-րդ բաժնի ՀԿԳ ավագ օպերլիազոր Ա.Առաքելյանի կողմից` դատաքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, որոշման մեջ նշված այն տվյալը, թե իբր Զոհրաբ Ստեփանյանից վերցվել է 150 մլ ծավալով փորձանմուշ ու մազի փորձանմուշ, չի կարող համապատասխանել իրականությանը: Նշվածից հետևում է, որ փորձաքննությունը իրականացվել է առանց համապատասխան նմուշների: Զոհրաբ Ստեփանյանի մեզի և մազի փորձանմուշ վերցված չլինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ քրեական գործի նյութերում բացակայում է նաև, թե ենթադրյալ փորձանմուշը, ինչպիսի տարրայում է պահվում, արդյոք այն փակվե՞լ է, թե՞ ոչ, ե՞րբ, ո՞ւմ կողմից, կնքվե՞լ է, թե՞ ոչ , ի՞նչ կնիքով»,-նշել է Լ.Սիմոնյանը:

Ի դեպ, փորձագետի եզրակացության հետևությունների մասում նշվել է, թե մազի փորձանմուշ չի վերցվել, քանի որ Զ.Ստեփանյանի գլխին մազ չի եղել, սակայն փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ նշվել է, թե իբրև մազի փորձանմուշ վերցվել է:

Լ.Սիմոնյանի դիտարկմամբ, դատաքիմիական փորձաքննության վերաբերյալ կազմված դատավարական փաստաթղթերը մեկը մյուսին չի համապատասխանում, դրանցում նշված են այնպիսի տվյալներ, որոնք, ըստ էության, հիմնավորում են դրանցում արտացոլված տվյալների անարժանահավատությունը և փորձագետի եզրակացության չհիմնավորված և չպատճառաբանված լինելու փաստը: Այս քրեական գործում, փաստաբանի տեղեկացմամբ, առկա չէ Զոհրաբ Ստեփանյանի մասով «նմուշներ ստանալու մասին» որոշում, հետևաբար, նախ առկա չի եղել Զոհրաբ Ստեփանյանից նմուշներ ստանալու մասին հիմքը և չի ստացվել նրանից փորձանմուշ, հետևապես առանց փորձանմուշների, փորձագետը չէր կարող գալ հետևության, թե Զոհրաբ Ստեփանյանի մեզի փորձանմուշում հայտնաբերվեցին կանաբիոնիդների խմբի թմրամիջոցների թմրալկալոիդները և մետամֆետամինների խմբի մետաբոլիտները: Այսինքն, տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 8-րդ մասի, 101-րդ հոդվածի, 255-րդ հոդվածի պահանջների խախտումներ։

Պաշտպանական կողմը պնդում է, որ դատաքիմիական փորձաքննության եզրակացությունը ստացվել է վերը նշված պահանջների էական խախտմամբ, առանց համապատասխան փորձանմուշների ստացումը հիմնավորող ապացույցի, այն անթույլատրելի է և չի կարող օգտագործվել Զոհրաբ Ստեփանյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորելու համար:

Մայիսի 23 -ին սպասվում է, որ ճառով հանդես կգա մեղադրող Հովհաննես Ենոքյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան Աբրահամյան says:

    Սա էլ նույն <> տված մեկ այլ գործով <> վերաբերյալ.
    Սույն դատաքննության ընթացքում հետազոտեցինք նախաքննական մարմնի կողմից որպես ապացույցներ դիտարկվող ամբաստանյալ Գ. Ղափանցյանից և գործով վկաներ Արտակ Իսպիրյանից, Հակոբ Դվոյանից և Արման Դադոյանից նմուշներ ստանալու արձանագրություները, ստացված նմուշները և դրանց հիման վրա ստացված թիվ 0034, 0035, 0036, 0037 դատաքիմիական փորձագիտական եզրակացություն վերնագրված ՀՀ ԱՆ <> ՓԲԸ Նարկոլոգիական կլինիկայի կլինիկական-տոքսիկո-քիմիական լաբորատորիայի վարիչ Կ. Շահինյանի 2014 թվականի հուվարի 30-ի փաստաթուղթը, գնահատելով այն թույլատրելիության տեսանկյունից` պաշտպանական կողմը գտնում է, որ այդ նյութերը չէին կարող դրվել մեղադրանքի հիմքում և չէին կարող օգտագործվել որպես ապացույց հետևյալ պատճառաբանությամբ.
    ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ և 8-րդ կետերի համաձայն` քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել` (…) տվյալ քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից, (…) քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ, (…) ժամանակակից գիտական պատկերացումներին հակասող մեթոդների կիրառման արդյունքում:
    Ապացույցներ ձեռք բերելիս էական են այն խախտումները, որոնք, դրսևորվելով մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների կամ սույն օրենսգրքի որևէ պահանջի խախտմամբ, դատավարության մասնակիցներին` օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ կամ սահմանափակմամբ կամ որևէ այլ կերպ ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա:
    ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայան որպես ապացույց կարող են օգտագործվել սույն օրենսգրքի պահանջների պահպանմամբ կատարված նմուշներ ստանալու քննչական գործողության արձանագրությունը.
    Այսինքն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն քրեական դատավարության օրենսգրքի պահանջների խախտմամբ կատարված նմուշներ ստանալու քննչական գործողության արձանագրությունը չի կարող որպես ապացույց օգտագործվել:
    Այժմ դիտարկենք, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ինչպիսի պահանջներ է ներկայացվում <> քննչական գործողության կատարմանը և արդյոք սույն քրեական գործով այդ քննչական գործողությունը կատարաող անձի կողմից պահպանվել են այդ պահանջները, թե՞ ոչ:
    Ինչպես գիտենք նմուշներ ստանալու հիմքերը, նմուշների տեսակները, նմուշներ ստանալու կարգը ու նմուշներ ստանալու արձանագրությանը ներկայացվող պահանջները նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 36-րդ գլխով, 253-256-րդ հոդվածներով և միայն այդ հոդվածների պահանջների պահպանմամբ կատարված նմուշներ ստանալու քննչական գործողության արձանագրությունը վարույթն իրականացնող մարմինը կարող էր օգտագործել որպես ապացույց, իսկ այդ հոդվածների պահանջների խախմամբ կատարված նմուշներ ստանալու քննչական գործողության արձանագրությունը՝ չէր կարող: Սա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմպերատիվ հստակ պահանջն է, այստեղ 2 կարծիք լինել չի կարող:
    ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քննիչն իրավունք ունի ստանալ մարդու, դիակի, կենդանու, նյութի և այլ օբյեկտների հատկությունները բնութագրող նմուշներ, եթե դրանց հետազոտումը գործի համար նշանակություն ունի:
    Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն նմուշներ ստանալու մասին քննիչը կայացնում է պատճառաբանված որոշում, որտեղ մասնավորապես պետք է նշվեն` նմուշներ ստացող անձը, ումից պետք է ստացվի նմուշը, ինչ չափով և կոնկրետ ինչ նմուշներ պետք է ստացվեն, երբ և ում պետք է ներկայանա անձը նրանից նմուշներ ստանալու համար, որտեղ և ում պետք է ներկայացվեն նմուշները` դրանք ստանալուց հետո:
    Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն անհրաժեշտության դեպքում քննիչը նմուշներ կարող է ստանալ փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ:
    Սույն գործով 20.01.2014թ. ոստիկանության Գավառի բաժնի հետաքննության խմբի տեսուչ Վ. Հակոբյանը, դատավարական առումով չլինելով քննիչ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 253-րդ հոդվածով և չունենալով այդ քննչական գործողություն կատարելու իրավունք, կայացրել է թվով 4 որոշումներ, և այդ որոշումներով հետաքննության մարմնի աշխատակիցը 1-ին կետով որոշել է Արտակ Հարությունի Իսպիրյանից, Արման Աշոտի Դադոյանից, Հակոբ Ռուբենի Դվոյանից և Գեորգի Վազգենի Ղափանցյանից ստանալ մեզի և մազերի նմուշներ՝ դատատոքսիկոքիմիական փորձաքննության հետազոտման համար, 2-րդ կետով որոշել է փորձագետին, (խնդրում եմ ուշադիր լինել՝ փորձագետին ) ներկայացնել նշված անձանց՝ մեզի և մազի նմուշ վերցնելու համար: Թե ինչ է որոշել 3-րդ և 4-րդ կետերով դա արդեն մեկնաբանությունների կարիք չունի, դրանք ոչ մի կապ չունեն նմուշ ստանալու գործողության հետ:
    Այսինքն հետաքննության մարմնի աշխատակիցը, չլինելով քննիչ, ստանձնել է քննիչի լիազորություն և կայացրել է նմուշ ստանալու որոշում, ընդ որում , գոնե չի պահապանել այդ որոշմանը ՀՀ քր. դատ. օր-ի 253-րդ հոդվածով ներկայացված պահանջները, որոշման մեջ չի նշվել մասնավորապես օրենքով պարտադիր նշման ենթակա հետևյալ հանգամանքները.
    1. ինչ չափով և կոնկրետ ինչ նմուշներ պետք է ստացվեն,
    2. երբ և ում պետք է ներկայանա անձը նրանից նմուշներ ստանալու համար,
    3. որտեղ և ում պետք է ներկայացվեն նմուշները` դրանք ստանալուց հետո:
    Որոշման մեջ միայն նշվել է նմուշներ ստացող անձը՝ փորձագետ և ումից պետք է ստացվի նմուշը՝ Արտակ Հարությունի Իսպիրյանից, Արման Աշոտի Դադոյանից, Հակոբ Ռուբենի Դվոյանից և Գեորգի Վազգենի Ղափանցյանից :
    Այսինքն միանշանակ նմուշներ ստանալու որոշում է կայացրել այդպիսի որոշում կայացնելու լիազորություն չունեցող սուբյեկտը և երկրորդ չեն պահպանվել այդ որոշմանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 253-րդ հոդվածով առաջադրվող պարտադիր պահանջները:
    Այսքանը դեռ կարելի է անտեսել, եթե միայն այսքանը լինի:
    ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 255-րդ հոդվածով արդեն սահմանված է կոնկրետ Նմուշներ ստանալու կարգը: Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն քննիչն անձին հրավիրում է իր մոտ կամ գնում է նրա գտնվելու վայրը, ստորագրությամբ ծանոթացնում է նրան նմուշ ստանալու մասին որոշմանը, նրան, մասնագետին, ընթերականերին բացատրում է իրենց իրավունքներն ու պարտականությունները:
    Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն քննիչը` մասնագետի մասնակցությամբ, եթե նա կանչվել է, և ընթերակաների ներկայությամբ կատարում է անհրաժեշտ գործողություններ և ստանում է նմուշներ: Բացի փաստաթղթերից, մյուս նմուշները փաթեթավորվում և կնքվում են:
    ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 256-րդ հոդվածով նախատեսված է նմուշներ ստանալու քննչական գործողության արձանագրությանը ներկայացվող իմպերատիվ պահանջները: Նշված հոդվածի 1-ին մասի համաձայան քննիչը, ստանալով նմուշներ, կազմում է արձանագրություն, որտեղ նշվում են այդ գործողությանը մասնակցած անձինք, նկարագրվում են նմուշներ ստանալու համար ձեռնարկված բոլոր գործողություններն այն հաջորդականությամբ, ինչպես որ դրանք կատարվել են, կիրառված գիտատեխնիկական մեթոդները և միջոցները, ինչպես նաև ստացված նմուշները:
    Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն ստացված նմուշները կցվում են արձանագրությանը:
    Սույն քրեական գործով արդեն մեկ այլ հետաքննության մարմնի աշխատակից,(խնդրում եմ ուշադիր լինել, ոչ այն աշխատակիցը, որը որոշում էր կայացրել, այլ մեկ այլ աշխատակից) կրկին իրեն վերապահելով քննիչի լիազորություններ առանց իր մոտ հրավիրելու Արտակ Հարությունի Իսպիրյանին, Արման Աշոտի Դադոյանին, Հակոբ Ռուբենի Դվոյանին և Գեորգի Վազգենի Ղափանցյանին, այսինքն այն անձանց ումից պետք է նմուշ ստացվեր, կամ չգնալով նրանց գտնվելու վայր և առանց ստորագրությամբ նրանց ծանոթացնելու մեկ այլ հետաքննության աշխատակցի կողմից կայացված ոչ օրինական որոշմանը, առանց նշելու նմուշներ ստանալու համար ձեռնարկված բոլոր գործողություններն այն հաջորդականությամբ, ինչպես որ դրանք կատարվել են, կիրառված գիտատեխնիկական մեթոդները և միջոցները, առանց նշելու թե ինչպե՞ս, ի՞նչ եղանակով, ի՞նչ միջոցների գործադրմաբ, ու՞մ միջոցով ստացվեցին նմուշները, կազմում է թվով 4 արձանագրություններ նշածս անձանցից նմուշներ ստանալու մասին: Նշված արձանագրությունից պարզ չէ թե ով և ինչպես է այդ անձանցից ստացել մազի և մեզի նմուշներ, ինչ եղանակով, որքան, ինչ չափով, ինչ տարաների մեջ են դրանք փաթեթավորվել, ինչ կնիքով են դրանք կնիքվել, ով է փաթեթավորել, ով է կնիքել: Նշված է, որ այդ նմուշները ի պահ են հանձնվել ինչ որ լաբորատորիայի ոմն բժիշկ Թովմասյանի, ով էլ ենթադրաբար վերջում ստորագրել է արձանագրության տակ որպես նմուշ ստացող, պարզ չէ ստորագրել է որպես ի պահ ընդունող, թե որպես նմուշ ստացող: Այն պայմաններում, երբ հետաքննության մեկ այլ աշխատակիցը որոշում էր կայացրել նմուշները ստանալ փորձագետի միջոցով և նմուշ ստանալու համար այդ անձանց ներկայացնել փորձագետին, նշված անձինք ներկայացվել են նարկոլոգիական կլինիկա որտեղ նրանցից ոչ մի փորձագետ էլ նմուշ չի ստացել:
    Այսքանն էլ դեռ բավարար չէ, այդ քննչական գործողությունները կատարելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի խախտմամբ որպես ընթերակա են հրավիրվել և մասնակցել քրեական գործով ակնհայտորեն շահագրգռված այն անձինք, որոնց կողմից թմրանյութ օգտագործելու հանգամնքը պարզելու համար էլ ստացվել են այդ նմուշները, այսինքն նույն իրենք՝ նմուշ հանձնողները:
    Այսպիսով հիմնավորվում է, որ նմուշներ ստանալիս ոչ միայն չեն պահպանվել այլև կոպտորեն խախտվել են այդ քննչական գործողության կատարմանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով առաջադրվող պահանջները, նման քրեադատավարական խախտումները էական են, քանի որ դրանք , դրսևորվել են ՀՀ քր. դատ. օրենսգրքի վերը նշված մի շարք պահանջների խախտումներով, դատավարության մասնակիցներին` այսինքն նմուշ հանձնող անձանց օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ, նրանց չծանոթացնելով որոշումներին և այդ բոլոր հանգամանքերը ազդել են ստացված փաստական տվյալների հավաստիության վրա: Նման պայմաններում նշված նմուշ ստանալու արձանագրությունները և ստացված նմուշները չեն կարող դրվել քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:
    Դրանից բխում է նաև հարգելի դատարան, որ այդ նմուշներով կատարված այսպես կոչված փորձաքննությունները և ստացված փորձագետի եզրակացություն վերնագրված փաստաթղթերը ևս չեն կարող դրվել քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:
    Անդրադառնալով անթույլատրելի ապացույցի հետ պատճառահետևանքային կապի մեջ գտնվող ապացույցը թույլատրելի ճանաչելու հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն իր 2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԵՔՐԴ/295/01/08 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ. ՙՄեղադրյալ Ա.Սարգսյանին վկաներ Ա.Ասրյանի և Տ.Խաչատրյանի ճանաչմանը ներկայացնելու երկու արձանագրությունները որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու պարագայում ճանաչման ներկայացնելուց հետո այդ նույն վկաների տված ցուցմունքները չէին կարող որպես ապացույց օգտագործվել և դրվել Ա.Սարգսյանի մեղադրանքի հիմքում: Այդ ապացույցները թույլատրելի չեն, քանի որ դրանց բովանդակությունն ամբողջությամբ հիմնված է եղել անթույլատրելի ճանաչված քննչական գործողության տվյալների վրա, իսկ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործման սահմանադրական արգելքը վերաբերում է նաև դրանցից բխող ապացույցներին:
    Հետևաբար, սույն գործով իրավաչափ չի եղել Ա.Սարգսյանին երկու վկաների ճանաչմանը ներկայացնելու արձանագրությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-րդ կետերի հիմքով որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու պայմաններում նույն վկաների` Ա.Սարգսյանին որպես զանգվածային անկարգությունների անմիջական մասնակցի մատնացույց անելու մասին ցուցմունքները որպես ապացույց օգտագործելու և մեղադրանքի հիմքում դնելու դատարանների որոշումը՚:
    Այլ կերպ ասած` ՀՀ Վճռաբեկ դատարանը, իրականացնելով համապատասխան դրույթի մեկնաբանություն, սահմանում է, որ ՙօրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցի՚ ներքո անհրաժեշտ է հասկանալ նաև այն ապացույցները, որոնք ձեռք են բերվել թեկուզ առանց օրենքի խախտման, սակայն այն ապացույցների հիման վրա են ձեռք բերվել, որոնք ձեռք էին բերվել օրենքի խախտմամբ: Այսպիսով, ՀՀ Վճռաբեկ դատարանը հաստատել է ՀՀ ներպետական իրավունքում ՙթունավոր ծառի պտուղների՚ կանոնի առկայությունը:
    Տվյալ պարագայում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես ապացույց, մասնավորապես` որպես նմուշ ստանալու արձանագրություն ճանաչված փաստաթուղթը և նմուշները՝մազերն ու մեզերը, դատարանը իմ նշած հիմնավորումներով ճանաչի որպես անթույլատրելի ապացույց, հաշվի առնելով ՙթունավոր ծառի պտուղների՚ կանոնի առկայությունը, դատարանը չի կարող որպես ապացույց օգտագործել այդ նմուշների հիման վրա կատարված փորձաքննության արդյունքում ստացված <> կոչվող փաստաթղթերը, բացի այն, որ <> կոչվող փաստաթղթերը թունավոր ծառի թունավոր պտուղներ են, դրանք իրենք էլ ինքնին թունավոր ծառ են, քանի որ դրանք ևս ձեռք են բերվել քրեադատավարական օրենքի էական մի շարք խախտումներով.
    Այսպես.
    ՀՀ դատավարության օրենսգրքի 243-րդ հոդվածի համաձայն փորձաքննությունը կատարվում է հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի որոշման հիման վրա, երբ քրեական գործով նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի, այդ թվում` համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի, բնագավառներում հատուկ գիտելիքներ: Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, մասնագետների, ընթերակաների հատուկ գիտելիքների առկայությունը չի ազատում համապատասխան դեպքերում փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունից:
    Այս դեպքում օրենքի համաձայն հետաքննության մարմնի աշխատակիցը իրավունք ուներ կայացնելու փորձաքննություն նշանակելու որոշում, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածով սահմանված են իմպերատիվ պահանջներ, որը ներկայացվում է փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը և որոնք պետք է պարտադիր պահպանվեն, մասնավորապես համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի քրեական հետապնդման մարմինը փորձաքննություն նշանակելու մասին կայացնում է որոշում, որում պետք է նշվեն` փորձաքննությունը նշանակելու հիմքերը, փորձաքննության ուղարկվող իրեղեն ապացույցները և այլ օբյեկտները` նշելով` երբ, որտեղ և ինչ հանգամանքներում են դրանք հայտնաբերվել կամ ձեռք բերվել, իսկ քրեական գործի նյութերով փորձաքննություն կատարելիս` տեղեկություններ, որոնց վրա կարող են հիմնվել փորձագետի հետևությունները, փորձագետին առաջադրված հարցերը, փորձագիտական հիմնարկի անվանումը կամ անձի ազգանունը, որին հանձնարարված է փորձաքննության կատարումը:
    Սույն քրեական գործով 20.01.2014թ. ոստիկանության Գավառի բաժնի հետաքննության խմբի տեսուչ Վ. Հակոբյանը կայացրել է թվով 4 որոշումներ, որոնք վերնագրել է <>, այսինքն վերնագրերից կարելի է հասկանալ, որ դա դատատոկսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու մասին որոշում է, սակայն բովանդակությունից ոչ ոք, նույնիսկ ամենահզոր իրավաբաններն ու փորձագետները չեն կարող այդպիսի եզրահանգման գալ: Նախ փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացնելիս հետաքննության մարմնի աշխատակիցը ղեկավարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 253 և 254-րդ հոդվածներով, որոնք ինչպես վերը նշեցի կարգավորում են <> քննչական գործողության կատարման կարգը, դրա արդյունքում փորձաքննություն նշանակելու մասին որոշում վերնագրված որոշման եզրափակիչ մասում հետաքննության մարմնի աշխատակիցը մեկ անգամ ևս որոշել վերը նշածս չորս անձանցից ստանալ մեզի և մազերի նմուշներ՝ տոքսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու համար: Նշված որոշման մեջ չնշելով փորձաքննության ուղարկվող իրեղեն ապացույցները և այլ օբյեկտները` չնշելով` երբ, որտեղ և ինչ հանգամանքներում են դրանք ձեռք բերվել, չնշելով փորձագիտական հիմնարկի անվանումը կամ անձի ազգանունը, որին հանձնարարված է փորձաքննության կատարումը, քննիչը որոշել է ինչ որ մի վերացական փորձագետի առաջադրել հետևյալ հարցը. <>:
    Բացի վերը նշվածը, հարգելի դատարան, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փորձաքննությունը կարող է կատարվել և փորձագիտական հիմնարկում և փորձագիտական հիմնարկից դուրս: Փորձագիտական հիմնարկում փորձաքննության կատարման կարգը և եղանակը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 248-րդ հոդվածով, համաձայան որի 1-ին մասի քննիչը փորձաքննություն նշանակելու մասին իր կայացրած որոշումը, հետազոտման օբյեկտը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև քրեական գործն ուղարկում է փորձագիտական հիմնարկի ղեկավարին: Փորձաքննության կատարմանը մասնակցում է այն փորձագետը, որը նշված է որոշման մեջ: Եթե որոշման մեջ կոնկրետ փորձագետ նշված չէ, ապա փորձագիտական հիմնարկի ղեկավարը պետք է որոշի, թե տվյալ փորձագիտական հիմնարկի որ փորձագետն է կատարելու փորձաքննությունը:
    Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն փորձագիտական հիմնարկի ղեկավարը փորձագետին ծանոթացնում է սույն օրենսգրքի 85 հոդվածով նախատեսված նրա իրավունքներին ու պարտականություններին, նախազգուշացնում է եզրակացություն տալուց հրաժարվելու, խուսափելու կամ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին, կազմակերպում է փորձաքննության կատարումը, սակայն իրավունք չունի փորձագետին տալ ցուցումներ, որոնք կանխորոշում են հետազոտությունների ընթացքը և հետևությունների բովանդակությունը:
    Ինչպես բոլորս գիտենք <> ՓԲԸ-ն բժշկական հաստատություն է և հետևաբար այդ ՓԲԸ-ի նարկոլոգիական կլինիկան ևս բժշկական հաստատություն է, այն հիմնադրվել է 1976 թվականին։ Ծառայության կազմում եղել են Հանրապետական նարկոլոգիական դիսպանսերը, ինչպես նաև Գյումրիի և Վանաձորի նարկոլոգիական բաժանմունքները և մնացած շրջանների պոլիկլինիկաների նարկոլոգիական կաբինետները։
    2004 թվականից Հանրապետական նարկոլոգիական դիսպանսերն ընդգրկվել է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, որպեսՆարկոլոգիական կլինիկա։
    Նակոլոգիական կլնիկայում իրականացվում է հիվանդների խորհրդատվություն, ամբուլատոր բուժում, դիսպանսերային դիտարկում. Ընդհանուր կենսաքիմիական և տոքսիկոքիմիական հետազոտություն, ալկոհոլային հարբածության վկայարկում, մեթադոնային փոխարինող բուժում։
    ՀՀ քաղաքացիները նշված ծառայությունից կարող են օգտվել պետական պատվերի շրջանակներում։ ՀՀ քաղաքացիություն չունենալու դեպքում ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով։
    Նշված տեղեկությունները ես ինձանից չեմ հնարում, այն առկա է կլինիկայի վերաբերյալ բոլոր կայքերում, այսինքն նարկոլոգիական կլինիկան ինքնին նույնիսկ առանձին բժշկական հաստատություն չէ, այլ այն ընդգրկված է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, այսինքն կլինիկայի ղեկավարը նույնիսկ բժշկական հիմնարկի ղեկավարը չէ, էլ չեմ խոսում փորձագիտական հիմնարկի, որը չկա էլ:
    Հետաքննության մարմնի աշխատակիցը <> և <> վերնագրված որոշումները ուղղարկել է, ոչ թե փորձագիտական հիմնարկի ղեկավարի, այլ ուղղարկել է ՀՀ ԱՆ հոգեբուժական բժշկական կենտրոնի նարկոլոգիական կլինիկայի ղեկավարին և խնդրել է հանձնարարել կատարել այդ որոշումների պահանջները: Այսինքն ըստ վարույթն իրականացնող մարմնի բժշկական հաստատության ղեկավարը պետք է հանձնարարեր իր ենթակայությամբ աշխատող բժիշկներին, կամ բուժքույրերին կատարելու անհասկանալի որոշումների պահանջները: Այսինքն երբ նմուշ ստանալու որոշման մեջ նշված է, որ նմուշը պետք է ստանա փորձագետը, նարկոլոգիական կլինիկայի ղեկավարը, պետք է հանձնարարեր իր ենթակա բժիշկներից մեկին գտնել փորձագետ և այդ փորձագետին խնդրեր, որ գա մեզի և մազի նմուշ ստանա: Փորձաքննություն նշանակելու որոշման մեջ նշված չէ ոչ փորձագիտական հիմնարկի անվանումը, որը պետք է իրականացվեր փորձաքննությունը և ոչ էլ այն փորձագետի անվանումը, որը պետք է իրականացներ այդ փորձաքննությունը, հիմա հարց է առաջանում ով է իրավասու և ինչպես պետք է որոշվեր, թե ով է կատարելու փորձաքննությունը, որտեղ:
    Ակնհայտ է, որ եթե հետաքննության մարմնի աշխատակիցը ցանկանում էր, որ իր այսպես կոչված նշանակած փորձաքննությունը անպայման իրականացվեր հենց նարկոլոգիական կլինիկայի կլինիկական-տոկսիկոքիմիական լաբորատորիայի վարիչը, նա պետք է ղեկավարվեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 249-րդ հոդվածի պահանջներով, պետք է պահպաներ այդ հոդվածով նախատեսված պահանջները:
    ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 249-րդ հոդվածի 12-ին մասի համաձայն եթե փորձաքննությունը կատարվում է փորձագիտական հիմնարկից դուրս, ապա քննիչը փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացնելուց հետո իր մոտ է կանչում այն անձին, ում հանձնարարված է փորձաքննությունը, հավաստիանում է նրա ինքնության և ձեռնհասության մեջ, պարզում է փորձագետի հարաբերությունները կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, դատավարության այլ մասնակիցների հետ և ստուգում է, թե չկան արդյոք փորձագետին բացարկ հայտնելու հիմքեր:
    Նույն հոդվածի 2-րդ մասի համձայան փորձաքննություն նշանակած անձը փորձագետին հանձնում է փորձաքննություն նշանակելու մասին որոշումը, բացատրում է սույն օրենսգրքի 85 հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները և նախազգուշացնում է եզրակացություն տալուց հրաժարվելու, խուսափելու, ինչպես նաև ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին: Այդ գործողությունները կատարելու մասին քննիչը կազմում է արձանագրություն, որն ստորագրվում է փորձագետի և հաստատվում է քննիչի կողմից: Արձանագրության մեջ նշվում են նաև փորձագետի արած հայտարարությունները և նրա միջնորդությունները: Փորձագետի միջնորդությունները մերժելու մասին փորձաքննություն նշանակած անձը կայացնում է պատճառաբանված որոշում:
    Մեր դեպքում փորձաքննություն նշանակած անձը նունիսկ չի իմացել թե որտեղ և ով պետք է իրականացնի փորձաքննությունը, ավելորդ է խոսել այն մասին, որ նա իր մոտ կանչեր այն անձին, ում հանձնարարում է փորձաքննությունը, հավաստիանար նրա ինքնության և ձեռնհասության մեջ, պարզեր փորձագետի հարաբերությունները, նրան հանձներ որոշումը, բացատրեր նրա իրավունքներն ու պարտականությունները, բացատրեր պատասխանատվության մասին և առավել ևս այդ ամենի մասին կազմեր արձանագրություն:
    Այսինքն չեն պահպանվել նաև փորձաքննություն նշանակելու քրեադատավարական և ոչ մի կարգ, խատվել են համարյա թե բոլոր օրենսդրական պահանջները:
    Դեռ այսքանն էլ բավարար չէ, ակնհայտ է, որ այս ամենի արդյունքում ստացված թիվ 0034, 0035, 0036, 0037 դատաքիմիական փորձագիտական եզրակացություն վերնագրված փաստաթղթերի հեղինակ ՀՀ ԱՆ <> ՓԲԸ Նարկոլոգիական կլինիկայի կլինիկական-տոքսիկո-քիմիական լաբորատորիայի վարիչ Կ. Շահինյանը նույնիսկ չի ընթերցել այսպես կոչված <> վերնագրված որոշումները, այդ որոշումներում փորձագետին առաջադրված է միայն մեկ հարց, որը նշեցի վերը, սակայն Կ. Շահինյանը իր կազմած փաստաթղթերում որպես առաջադրված հարց նշել է 2 հարց և այն էլ լրիվ այլ բովանդակությամբ: Այն դեպքում երբ <> վերնագրված արձանագրություններում նշված է, որ Կ. Շահինյան անունով անձ չի մասնակցել նմուշներն ստանալու գործողություններին, վերջինս իր կազմած փաստաթղթերում նշել է, թե իբր այդ անձանցից սահմանված կարգով վերցվել է մեզի և մազի նմուշ, որ իբր այդ նմուշները գրանցվել և համարակլվել են, որ իբր մեզի նմուշը բաժանվել է 2 մասի և առանձին-առանձին փաթեթավորվել, որ դրանցից մեկը տրամադրվել է լաբորատորիա հետազոտությունների համար, իսկ մյուսը տեղափոխվել է բիոմիջավայրերի պահպանման հատուկ սառնարան, որտեղ պետք է պահվի 2 ամիս: Իսկ մազի փորձանմուշը ամբողջովին տրամադրվել է լաբորատորիա: Չնայած որ նշածս արձանագրությունում նշված է, որ նմուշները փաթեթավորվել և կնիքվել են, սակայն Կ. Շահինյանի կազմած փաստաթղթերի մեջ կնիքման մասին որևէ խոսք չկա, դրա ամբողջականության, կամ ամբողջականության խախտման մասին նշված չէ, չնայած որ արձանագրություններում նշված են, որ դրանք փաթեթավորվելուց և կնիքվելուց հետո ի պահ են հանձնվել ոմն բժիշկ Թովմասյանին, Կ. Շահինյանի կազմած փաստաթղթերի մեջ ինչ որ այլ գործողությունների մասին է խոսքը և ոչ մի տեղ նշված չէ բժիշկ Թովմասյանի մասին, նշված չէ որ այդ բժիշկ Թովմասյանն է ներկայացրել նմուշները: Առնվազն բանական գլխում կասկած կարող է առաջանալ, որ Կ. Շահինյանը այսպես կոչված փորձաքննությունը կատարել է այլ նմուշներով, ոչ արձանագրություններում նշված:
    Այսինքն հետաքննության մարմնի կողմից <> դատա-տոկսիկոքիմիական փորձաքննությունը Կարինե Շահինյանն իրավունք չուներ իրականացնելու և պարտավոր էր հրաժարվել փորձաքննություն կատարելուց, քանի որ քրեական գործի նյութերից չի երևում, թե վերջինս իրեն որպես փորձագետ ներգրավված մարմնին ներկայացրել է իր հատուկ որակավորումը հաստատող փաստաթղթերը, թե` ոչ: Քրեական գործում ընդհանրապես որևէ տեղեկություն առկա չէ, թե ով է Կ. Շահինյանին հանձնարարել այդ փորձաքննությունը կատարել: Բացի դրանից, Կարինե Շահինյանը որևէ պատասխան չի տվել հետաքննության մարմնի առաջադրած այն հարցին, թե ներկայացված անձինք թմրամիջոց օգտագործել են, թե ոչ, եթե այո ապա ինչ տեսակի և ինչ վաղեմության:
    Նման պայմաններում պետք է արձանագրել, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես ապացույց, մասնավորապես, փորձագետի եզրակացություն ճանաչված ՀՀ ԱՆ <> ՓԲԸ Նարկոլոգիական կլինիկայի կլինիկական-տոքսիկո-քիմիական լաբորատորիայի վարիչ Կ. Շահինյանի 2014 թվականի հուվարի 30-ի թվով 4 փաստաթղթերը, որպես ապացույց անթույլատրելի է, քանի որ ձեռք է բերվել քրեադատավարական օրենքի էական խախտմամբ, մասնավորապես, չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 243-250-րդ հոդվածների մի շարք կարևորագույն պահանջներ, ինչպես նաև` դատատեխնիկական փորձաքննությունն իրականացվել է այն անձի կողմից, ով նման փորձաքննություն անցկացնելու իրավունք չի ունեցել, բացի այդ այն թունավոր ծառի թունավոր պտուղ է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031