Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ենք մենք պահպանում հուշարձանները

Մայիս 07,2014 14:58

Թեման քննարկում են ճարտարապետ Լեւոն Իգիթյանը
եւ լրագրող Մարկ Գրիգորյանը

Արամ Աբրահամյան.– Անցած շաբաթ փլուզվեց Հրաչյա Աճառյանի անվան դպրոցի շենքի ճակատային մասը: Վերջերս շենքն անցել էր ՀԱՊԿ-ի ակադեմիային, այնտեղ սկսվել էին վերակառուցման աշխատանքներ, քանդվել էին փայտե միջնապատերը, եւ հավանաբար դրա հետեւանքով կամ որեւէ այլ պատճառով պատմական հուշարձան համարվող շենքի ճակատային մասը փլուզվել է: Ընդհանրապես՝ եթե միջնապատերը քանդվում են, արդյոք դա պետք է ազդի՞ ճակատային մասի վրա:

Լեւոն Իգիթյան.- Ոչ, դա չպիտի ազդի:

Մարկ Գրիգորյան.– Եթե քանդելը ճիշտ է հաշվարկված ճարտարապետի կողմից, չի ազդում:

Ա. Ա.– Այսինքն՝ վերակառուցման ճարտարապետը պետք է հաշվարկեր այնպես, որ…

Լ. Ի.– Հիմա դժվար է ասել, միգուցե հաշվարկել է, եթե վերանորոգման աշխատանքներ են գնում, դրանք առանց նախագծի չեն կարող գնալ, եթե կրող կոնստրուկցիաների հետ է առնչվում, անպայման պետք է նախագիծ լինի, իսկ եթե կրող կոնստրուկցիաների հետ չի առնչվում, երեւի թե իրենք ապագա ֆունկցիայի հետ կապված ինչ-որ բաներ են փոփոխում ներսում, որ շենքը լիարժեք ծառայի նոր նշանակմանը: Քանի որ ես ծանոթ չեմ խնդրին, այսքանը կասեմ:

Ա. Ա.- Կարո՞ղ է լինել ինչ-որ միտումնավոր բան. հին շենք է՝ քանդենք, սարքենք բարձրահարկ:

Լ. Ի.- Ես կարող եմ միայն օրենքի տեսանկյունից խոսել. եթե համապատասխան որոշում չկա՝ ոչ ոք իրավունք չունի նման բան անելու:

Ա. Ա.– Մարկ, ես գիտեմ, որ Դուք անձնական շահագրգռվածություն ունեք, որովհետեւ Մարկ Գրիգորյանի նախագծածն է, եւ դուք նրա թոռն եք. Ձեր դիտարկումները:

Մ. Գ.– Ես գիտեի, որ միջնապատերը քանդել էին եւ շատ հանգիստ էի վերաբերում դրան, որովհետեւ դա աշխարհում ընդունված պրակտիկա է՝ հին շենքերի փայտյա միջնապատերը քանդել, վերանորոգել, նորը կառուցել, նման օրինակներ աշխարհում շատ կան, կան նաեւ Երեւանում: Հանկարծ իմացա, որ ճակատային մասն է սկսել քանդվել, եւ տառացիորեն մի օրվա ընթացքում այն անհետացավ:

Ա. Ա.- Արդյոք Դուք այստեղ միտումնավոր բան տեսնո՞ւմ եք, փորձե՞լ եք պարզաբանում ստանալ:

Մ. Գ.– Ես խոսել եմ Ճարտարապետության միության նախագահի հետ, ես կարծում եմ նաեւ՝ իմաստ ունի գտնել հենց այդ հեղինակին եւ խոսել, տեսնել՝ ինչ է կատարվում, միության նախագահը ասաց, որ վերանորոգման աշխատանքը վատ էր արված, ինքը օգտագործեց «փնթի» բառը:

Ա. Ա.- Ընդհանրապես՝ ի՞նչ է նշանակում՝ շենքը պատմական հուշարձան է եւ պահպանվում է պետության կողմից:

Լ. Ի.– Հուշարձան նշանակում է մեր քաղաքակրթության ընթացքում հետք թողած եւ մեր քաղաքին պատիվ բերող շինություն է կամ արվեստի գործ, եւ եթե դա այդպես է ու հաստատված է համապատասխան փաստաթղթերով, տարբեր կարծիքներ չեն կարող լինել այստեղ: Ես հիշում եմ՝ տարիներ առաջ մենք դիմեցինք իշխանությանը, հասկանալով՝ նոր երկրում ենք, ինչ-որ բաներ են փոխվում, նույնիսկ, եթե չեմ սխալվում, գրավոր դիմեցինք, որ քաղաքը ունի իր գույքը: Երբ որ գույքը վաճառվում է, այնտեղ կետեր պետք է լինեն, պետք է գրված լինի, որ գնողը այս պահանջներին պետք է ենթարկվի, այսինքն՝ ճակատը փոխելու, քանդելու իրավունք չունես, այս բոլոր պայմանները առքուվաճառքի փաստաթղթում պետք է նշված լինեն: Նա, ով գնում է, պետք է տեսնի՝ այդ պայմաններով ուզո՞ւմ է գնել, թե՞ ոչ, որովհետեւ ինքը պարտավոր է պահպանել, որպես կանոն՝ դա չէր արվում:

Ա. Ա.– Եթե դա ոչ միտումնավոր ձեւով արված է փնթիության պատճառով՝ ենթադրենք, պատասխանատվությունն ո՞վ պետք է կրի:

Լ. Ի.- Նա, ով արել է՝ ուրիշ ոչ ոք:

Մ. Գ.- Ոչ թե պատվիրատուն, այլ առաջին հերթին կատարողը, որովհետեւ պատվիրատուն պարտավոր չէ իմանալ այդ գործի նրբությունները:

Քննարկումն`  ամբողջությամբ

Պատրաստեց  ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031