Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 13-ին Երևանում կմասնակցի ֆրանսիական «Կարֆուր» սուպերմարկետի հիմնարկեքին. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց Ֆրանսիայի նախագահի՝ դիվանագիտական հարցերով հատուկ խորհրդական Փոլ Ժան-Օրթիզը (Paul Jean-Ortiz)՝ Փարիզի Ելիսեյան պալատից տեսակամրջի միջոցով:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը տարածաշրջանային այցով մայիսի 11-ին կժամանի Բաքու, մայիսի 12-13-ին կլինի Երևանում, մայիսի 13-ին՝ Թբիլիսիում:
Հայաստանում Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Միսաք Մանուշյանի արձանի բացմանը, կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր:
«Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցի օրակարգում մի շարք տնտեսական հարցեր կան, և նա խնդիր է դրել ավելի խթանել երկու երկրների տնտեսական հարաբերությունները՝ հաշվի առնելով երկկողմ քաղաքական և մարդկային հարաբերությունների բարձր մակարդակը»,- ասաց Փոլ Ժան-Օրթիզը՝ հավելելով, որ նախագահն աջակցելու է Հայաստանի արդիականացմանն ու արտաքին աշխարհին բացվելուն՝ մեծացնելով առևտրային հարաբերություններն ու նպաստելով Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, որպեսզի հնարավոր լինի խթանել ներդրողների մուտքը երկիր:
Ֆրանսիայի նախագահի խորհրդականն ընդգծեց, որ Ֆրանսիան երկրորդ ամենախոշոր ներդրողն է Հայաստանում (Ռուսաստանից հետո), և նախագահ Օլանդի պատվիրակությունը մինչ այժմ Ֆրանսիայից եկած ամենակարևոր տնտեսական պատվիրակությունը կլինի:
Մայիսի 12-ին Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները կբացեն հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը, նախագահ Օլանդը կայցելի «Կարֆուր» հիպերմարկետի տեղակայման տարածք: Պարոն Ժան-Օրթիզն ասաց, որ «Կարֆուրը» Հայաստանում նախատեսում է 11 խանութ բացել:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք civilnet.am -ի կայքում