«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախօրեին կայացած քաղաքական խորհրդի նիստը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Օրակարգի գլխավոր հարցը եղել է ձևավորված քաղաքական նոր իրավիճակում կուսակցության ուղենշային մոտեցումներն ու առաջիկա անելիքները: Նիստի ընթացքում քննարկվել է նաև կառավարության ծրագրի վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշման հարցը: Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է հանդես գալ հարցազրույցով ու ներկայացնել կուսակցության մոտեցումները՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Մինչև հարցազրույցը Գագիկ Ծառուկյանը ցանկություն է հայտնել լսել իր քաղաքական թիմի ներկայացուցիչների տեսակետները:
Նիստի ընթացքում ելույթներ են ունեցել խմբակցության պատգամավորներն ու քաղաքական խորհրդի ներկայացուցիչները, ովքեր նշել են, որ որևէ զիջում կուսակցության հեղինակության և արժանապատվության հաշվին բացառված է:
Դիմելով կուսակիցներին՝ Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ ԲՀԿ-ն կարևոր դերակատարում է ունենալու մեր երկրի քաղաքական կյանքում, իսկ երկրի ապագայի կերտման կարևորագույն գործոնը ընտրություններն են:
Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել կուսակցության ներկայացուցիչներին անկեղծ զրույցի համար՝ տեղեկացնելով, որ առաջիկա հարցազրույցի ընթացքում անպայմանորեն հաշվի է առնելու առկա խնդիրների վերաբերյալ թիմակիցների տեսակետներն ու առաջադրած մոտեցումները: