Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Մայիս 06,2014 21:34

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց արդեն նախկին մարզպետը: Հիշեցնենք` խոսակցություններ են շրջանառվում, որ Կոտայքի մարզպետ պաշտոնը զբաղեցնելու է բնապահպանության նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական, այժմ ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը, ով առավել հայտնի է «Բուլկի» մականունով:

Տարիներ շարունակ լրատվամիջոցները գրում էին Կովալենկո Շահգալդյանի հրաժարականի մասին, այսօր, երբ դա արդեն փաստ է` Aravot.am-ը հետաքրքրվեց` ինչպե՞ս է նախկին մարզպետն ընդունել այն: «Նախ, ասեմ, որ ես դեռևս նախկին մարզպետ չեմ, նախկին կլինեմ Կառավարության համապատասխան որոշումից հետո, իսկ թե ինչպես եմ այդ փաստն ընդունում, ասեմ, որ այս տարիների ընթացքում լրատվամիջոցներն ինձ բավական նախապատրաստել էին այս օրվան: Իմ պաշտոնավարման առաջին երեք տարիներից հետո, անընդհատ, բոլոր պատեհ եւ անպատեհ առիթներով, ցանկացած քաղաքական գործընթացներում անպայման շահարկում էին իմ պաշտոնանկության հարցը: Այնպես որ, ես արդեն պատրաստ էի դրան: Դրա համար շնորհակալ եմ լրատվամիջոցներից, բայց խորհուրդ եմ տալիս կանխատեսումներն այսուհետ անեն գիտական հիմնավորումներով, այլապես 10 տարի կանխատեսում էին, Կոտայքի մարզպետին պաշտոնանկ էին անում եւ սխալվում էին»,- հումորով ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ողբերգություն չի ապրում այդ աշխատանքը թողնելու հետեւանքով. «13 եւ ավելի տարիներ պաշտոնավարել եմ: Շատ լավ կոլեկտիվ եմ ունեցել, լավ աշխատել ենք: 13 տարիների ընթացքում ես ինչ-որ բաների եմ հասել, ինչ-որ բաներ էլ ոմանք ինձնից են ստացել»:

Aravot.am-ի հարցին` ո՞վ եւ ինչպե՞ս  իրեն հորդորեց հրաժարականի դիմում գրել, Կովալենկո Շահգալդյանն ասաց. «Որեւէ մեկն ինձ կոնկրետ չի ասել: Ես համարել եմ, որ այդ հարցն արդեն հասունացած է: Ի վերջո, բավական երկար եմ պաշտոնավարել: Դա իմ ցանկությունն էր, եւ ես աշխատանքից ազատման իմ դիմումով իմ կամքն եմ արտահայտել: Բայց այնպես չէ, որ հեռանում եմ ընդմիշտ…»:

Մեր հարցին` պատրաստվում եք այլ աշխատանքի անցնե՞լ պարոն Շահգալդյանն ասաց՝ այո: Ճշտող հարցին` արդեն հստակ պայմանավորվածություններ ունի՞ եւ հատկապես ո՞ ր ոլորտում է շարունակելու իր գործունեությունը, մեր զրուցակիցն ասաց, որ որեւէ մեկի հետ պայմանավորվածություն չունի, բայց. «Մի աշխատանք կգտնեմ, էլի»:

Վերջին տարիներին խոսվում էր նաեւ, որ մարզպետի պաշտոնն, իբրեւ իրեն արժանի հետնորդի, Կովալենկո Շահգալդյանը փորձում է որդուն թողնել, որն արդեն երկար ժամանակ է Չարենցավանի քաղաքապետն է:

Aravot.am-ը Շահգալդյանից հետաքրքրվեց` չստացվե՞ ց: «Գիտեք, յուրաքանչյուր ծնող իր երեխաների, մանավանդ որդու կարիերայի հետ կապված ծրագրեր ունենում է, բայց այս պահին իմ որդին` Չարենցավանի քաղաքապետը, դեռեւս այդ պաշտոնին չի հավակնում: Այդ հարցն ընդհանրապես քննարկվել չէր էլ կարող, որովհետեւ մեր կողմից նման հարց չի դրվել: Ինքը բավականին կայացած քաղաքապետ է, ժամանակը կգա բարին էլ հետը »,- պատասխանեց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Առաքել says:

    մարդու անունն էլ կովալենկո լինի…

  2. GEVORG says:

    դե ասա հեսա նախկին նախարարն Կոտայքն էլ կքանդի , Չառենցավանի քաղաքապետն որ լիներ մարզպետ գոնե Չարենցավանի նման լավ մարզ կունենայինք , լավ բաներ չի սպասվում ,

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031