Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլոդյա Ավետիսյանը պատմել է՝ խնդիրներ ունի

Մայիս 06,2014 20:59

Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով վկա Հենրիկ Զաքարյանը հայտարարեց, թե 2000 ԱՄՆ դոլար է տվել Վոլոդյա Ավետիսյանին:

Վկայի պատմելով,  գումարը Ավետիսյանին է հանձնել՝  հոգեկան խնդիրներ ունեցող թոռանը քաղաքին մոտ զորամասում զինծառայության տեղավորելու համար: Ըստ նրա, պայմանավորվածության համաձայն, այդ գումարի մեջ էր մտնում նաեւ  թոռան՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակ դեղորայքի եւ սնունդի ապահովման ծախսերը:

Հենրիկ Զաքարյանը գործարքի մասին մանրամասները ներկայացնելուց հետո նաեւ խոստովանեց, որ շատ է ուզում Վոլոդյա Ավետիսյանին ազատության մեջ տեսնել, որովհետեւ ի վերջո առողջական խնդիրների համար  թոռանը երեք տարվա տարկետում են տվել, իսկ այդ հարցում Վոլոդյա Ավետիսյանի մատը խառը չէ:

Դատախազը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ հիմնավորելով, որ էական հակասություններ է տեսնում նրա ցուցմունքի մեջ:

Դատարանը բավարարեց միջնորդությունը: Զաքարյանը նախաքննական ցուցմունքի ժամանակ պատմել էր, որ Վոլոդյա  Ավետիսյանը իրենից 1500 դոլար է պահանջել քաղաքին մոտ զորամասում թոռան ծառայությունը կազմակերպելու համար, իսկ ծառայությունից ազատելու համար՝ 5000 դոլար:

Նա նաեւ ասել էր, որ Վոլոդյա Ավետիսյանի հետ վերջնական զրույցի ժամանակ Ավետիսյանը պահանջել էր 2000 դոլար եւ երկու տուփ սուրճ, ավելի ուշ ինքն անձամբ է որդու տվյալները հեռախոսով փոխանցել:

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանն էլ դատավոր Լեւոն Ավետիսյանի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Այն մերժվեց բավարար հիմքերի բացակայության պատճառաբանությամբ:

Դատական նիստին ներկա Վոլոդյա Ավետիսյանն էլ դժգոհեց, որ առողջական խնդիրներ ունի, բայց Նուբարաշեն ՔԿՀ-ում նրան բուժում չեն նշանակել: Դատավորն էլ խոստացավ ինքն էլ գրություն ուղարկի բուժման համար:

Գործով դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 21-ին։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031