Լրահոս
Օրվա լրահոսը

320 միլիոնանոց ԱՄՆ-ում կա 15 նախարարություն, իսկ 3 միլիոնանոց Հայաստանում ` 20

Մայիս 06,2014 20:53

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով Հայաստանում գերատեսչությունների ուռճացված թվին, հետաքրքիր օրինակներ մեջբերեց տարբեր երկրների փորձից: «Մեզ մոտ ընդունված է հատուկ նախարարություններ ստեղծել համապատասխան մարդկանց, կուսակցականներին աշխատատեղով ապահովելու համար: Ես ուզում եմ մի քանի թվեր բերել. պարզվում է 320 միլիոն բնակչություն ունեցող ԱՄՆ-ում կա ընդամենը 15 նախարարություն, 150 միլիոն բնակչություն ունեցող Ռուսաստանում` աշխարհի ամենամեծ տարածքով երկրում կա ընդամենը 21 նախարարություն, 17 միլիոն բնակչություն ունեցող Ղազախստանում` 18, 45-50 միլիոն բնակչություն ունեցող Ուկրաինայում կա ընդամենը 17 նախարարություն: Ֆրանսիան, որը ունի 65 միլիոն բնակչություն, ունի 20 նախարարություն…

Հետաքրքիր փաստ ասեմ Ճապոնիայի պահով. այս երկրում կա օրենք, ըստ որի, այստեղ նախարարությունների թիվը չի կարող գերազանցել 17-ը: Դա արտակարգ դեպքերում, իսկ ընդհանրապես, ըստ Ճապոնիայի օրենքի, ֆիքսված է, որ նախարարությունների թիվը 14 պետք է լինի: Այսինքն` էստեղից մեկ հետաքրքիր եզրակացություն, որ Ճապոնիայում օրենքով է արգելված որևիցե քաղաքական կուսակցության, որը գալիս է իշխանության, ավելացնել նախարարությունների թիվը, ինչպես Հայաստանում է, և ապահովել համապատասխան կուսակցականներին աշխատատեղով:

Աբսուրդ բան, ըստ պաշտոնական տվյալների, 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում, ոչ պաշտոնական տվյալներով, մեզ մոտ 2,5 միլիոնից ոչ ավել մարդ է բնակվում, կա 20 նախարարություն, կարելի է ասել 19 –ը, չեմ ուզում համարել, որ կառավարության աշխատակազմի ղեկավարը նախարարական պորտֆելով է, թեև դա ևս նախարարություն է, և 10 պետական կոմիտեներ, որոնցից շատերը նախարարության նման մի բան են: Օրինակ` Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, պետական եկամուտների կոմիտեն, որը մի քանի օր առաջ փակվեց, որովհետև նրա պետը տեղափոխվեց ֆինանսների նախարար:
Ինձ համար զարմանալի է, թե ո՞ւմ է պետք սպորտի նախարարությունը, բացի հունահռոմեական ըմբշամարտից և ծանրամարտից սպորտում էդ ի՞նչ հաջողություն ունենք, որ սպորտի նախարարություն է բացվում էս աղքատիկ երկրում: Ես շախմատը սպորտ չեմ համարում, շախմատը դա գիտություն է, արվեստ է ավելի շատ: Կամ կասեք Սփյուռքի նախարարությունն ինչի՞ համար է բացվել: Ի՞նչ գործունեություն է ծավալում, «Արի տուն» բուտաֆորիական ծրագիրն իրականացնելու, «Արի տուն»-ը ո՞րն է, հլը ձեր տան ապրողներին պահեք տներում, ո՞ւմ եք հրավիրում` արի, տուն:

Մենք այս փաստերը հաշվի առնելով` կարող ենք ասել, որ Հայաստանի նման փոքրիկ և բավական աղքատ երկրում, որի բնակչությունը Մոսկվայի մի ադմինիստրատիվ շրջանի բնակչության թիվ է կազմում, չի կարելի էսքան ուռճացնել նախարարությունների թիվը: Հայաստանի նման փոքր երկրում ընդամենը 7-8 նախարարություններով կարելի է ամեն ինչ անել: Դուք տեսնո՞ւմ եք բյուրոկրատական ապարատի սարսափելի մեծ չափը, որը ուռուցքի նման կարելի է ասել բազմանում, մետաստազներ է տալիս, չի կարելի այսպես: Եթե ԱՄՆ-ի նման երկրում, որը աշխարհի գերտերություն է համարվում, և էդ երկիրը ծաղկում է ընդամենը 15 նախարարություն ունենալով, և նախարարություններ կան, որոնք արդիական են ԱՄՆ-ի համար, օրինակ` վետերանների հարցերով զբաղվող նախարարություն կա , այսինքն՝ պահի լրջությունից է գալիս դա: Կան դեպքեր, երբ որ նախարարությունները փակվում են, պահի կարևորությունից են բացվում դրանք:
Ասեմ, որ այդ նույն ԱՄՆ-ում, որը համարվում է աշխարհի ամենազարգացած երկիրը, չկա արդյունաբերության, բնապահպանության, սպորտի նախարարություններ, ուրեմն էդ երկիրը չունի՞ սպորտ կամ արդյունաբերություն: Կարող եք ասել Հայաստանի ինչի՞ն են պետք էկոնոմիկայի նախարարությունը կամ 20 նախարարի պորտֆել և 10 պետական կոմիտեներ, ո՞ւմ հաշվին: Պետք է միավորել ոստիկանությունը ազգային անվտանգության հետ, ամբողջ ֆինանսական ոլորտը միավորել մեկ գերատեսչության հետ», -ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Գուցեև Հայաստանում նախարարությունների թիվն ուռճացված է, դեմ չեմ, բայց համեմատությունները տեղին չեն. նույնն է, ինչ ասես, որ եքա ջայլամը երկու ոտք ունի, մի թիքա մուկը՝ չորս… (էլ չխոսեմ հազարոտնուկի մասին)

  2. Saqo says:

    Հայկ,շատ լավ համեմատություններ է արված..քո ասածը բացարձակ թեմաի հետ կապ չունի:համեմատություններովել ցույց է տրվում,թե ինչքան անպիտան նախարարություններ կան մեր երկրում:մեր երկրի նախարարությունների 80% անպիտան են:եթե ԱՄՆ-ի նման երկիրը կարելի է ղեկավարել 15 նախարարություններով,պատկերացրու թե մեզ մոտ օպտիմալացման դեպքում քանի նախարաությունով կարելի է ղեկավարել :

  3. David says:

    Կարճ լուծում կա: Օպտիմալացնել աթոռասեր ու աթոռաստեղծ ցեղերին:

  4. Seyran says:

    ԱՄՆ-ում կա 15 անգամ 52 նախարարություն:ԱՄՆ -ն 200 տարվա պետություն է,Հայաստանը 20:Նրանք զարգացման ամենաբարձր մակարդակին են,մենք զարգացման ճանապարհի սկզբնամասում,նրանց բնակչությունը ինքնակառավարվող է՝մեզ պետք է կառավարել,և այլն…

    • Կամիսար says:

      Հարգելի Սեյրան,իսկ Հայաստանի նման աղքատ երկրում կա 11 մարզ ու 20 տեղական նախարարություննիկներ իրենց թաշամուշով…..էկ րեմ ասում կոմիտեների մասնաճյուղերի մասին:ԱՄՆ-ի ամենափոքր նահանգը ունի 2 միլիոնից որ պակաս բնակչություն,իսկ ամենամեծը 80 միլիոն բնակչությում:Հայ ժքղքվուրդը աշխարհի հնագույն ազգերից մեկն է,ու շատ վատ է,որ մենք պետք է այսպես մեկնաբանենք մեր խնդիրները:

  5. մարգար says:

    Շատ ապրի հոդվածագիրը: Բա 0,1 միլիոնանոց Արցախի նախարարություներն ու անհաշիվ տեղակալի տեղակալները, շոֆերներն ու թիկնակալները! Վերջերս նկարել էին Լոնդոնի քաղաքապետի նստավայրը, որն ընդհանուր գրասենյակի մի փոքր մասն էր՝ կիսամիջնորմով առանձնացված: Իսկ մեր «Մեծն Երեւանի» (Լոնդոնից մի քանի անգամներ փոքր!) «Մեծն Քաղաքպետի» կաբինետը մի վիթխարի առանձնասրահ է՝ ստալինյան ոճի կրկնադռներով, առջեւը ծառաներ ու մանկլավիկներ եւ էլ ինչ գիտեմ, ինչ երեւացող ու հաներեւույթ ատրիբուտներով! … Եթե բոշայի գլխին մի տոննա օդեկոլոն ցանես կփոխվի արդյո՜ք նրա հոգեբանությունը:

  6. Մերի says:

    Երբ բանը հասնում է գումարներ տնտեսելուն՝մեր նախարարներն ու նրանց սպասարկող չինովնիկներն ունեն մշակված մեթոդներ՝՝՝ինչպես կարելի է բացատրել փաստը,որ հիմնականում,գյուղական համայնքների դպրոցներում աշխատող մանկավարժները վարձատրվում են 0.5-0.8 գործակցով։Նման կարգ սահմանողները պնդում են, որ նշված դպրոցների դասարաններում սովորում են 3-5 աշակերտ։Ելնելով դրանց տրամաբանությունից ուրեմն թելադրության ժամանակ ուսուցիչը պետք է թելադրի միայն տեքստի ամեն հինգերորդ բառը?,կամ մաթեմատիկայի ուսուցիչը բնական թվերը բացատրելիս գրի 1,5,10,15,,,,,,,,,,Համոզված եմ, իրենց դեպքում կպնդեն, որ մեկ սպորտսմեն ել լինի, կամ գեթ մեկ բանվոր էլ մնա, ուրեմն նախարար պետք է անպայման լինի։

  7. Ettentcchi says:

    Հիմա 5 նախարարություն կտան դաշնակներին, ու կհավասարվեն ԱՄՆ-ին, կմնա 15-ը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031