ԱԳ նախարարությունը տեղեկացնում է՝ մայիսի 5-6-ը Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը այցելեց Ուփսալա քաղաք, ուր մի շարք պաշտոնական հանդիպումներ ունեցավ։
Մայիսի 5-ին տեղի ունեցավ դեսպան Ապիտոնյանի հանդիպումը Ուփսալայի քաղաքային խորհրդի նախագահ Լարշ Բեքլյունդի հետ։ Քննարկվեցին Ուփսալայի և Հայաստանի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները։ Մտքեր փոխանակվեցին Ուփսալայի զարգացման ծրագրերի փորձը Հայաստանում տեղայնացնելու, մշակութային, գործարար և զբոսաշրջային կապեր զարգացնելու, հայ համայնքի կողմից իրականացվող միջոցառումներին հնարավորինս աջակցելու վերաբերյալ։
Մայիսի 6-ին դեսպան Ապիտոնյանը հանդիպեց Ուփսալայի համալսարանի ռեկտոր Էվա Օկեսսոնին։ Զրուցակիցները քննարկեցին Ուփսալայի համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով երկու երկրներում համալսարանների ունեցած առաջատար դիրքերը և ընդհանրությունները։ Մտքեր փոխանակվեցին ուսանողների և պրոֆեսորա-դասախոսական կազմի փոխանակումների, նաև հայ ուսանողների կողմից Ուփսալայի համալսարանում կրթություն ստանալու հնարավորությունների վերաբերյալ։
Մայիսի 5-ի երեկոյան դեսպան Ապիտոնյանը Ուփսալայի «Հայ տուն» ակումբում հանդիպեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում հայ-շվեդական հարաբերությունների համատեքստում` Շվեդիայի հայ համայնքի հետ գործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ։