Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը որոշեց՝ ակտիվիստի խոսքի ազատության իրավունքը չի խախտվել

Մայիս 06,2014 18:36

Այսօր՝ մայիսի 6-ին, ՀՀ վարչական դատարանում շարունակվեց քաղաքացիական ակտիվիստ Բաբկեն Տեր-Գրիգորյանի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում կողմերը հանդես եկան իրենց ամփոփիչ ճառերով: Սկզբնական հայցի հայցվոր Սոնա Մելիքյանը հրաժարվեց իր ամփոփիչ ճառի իրավունքից՝ պատճառաբանելով, որ իր ասելիքն արդեն ասել է: Բաբկեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն իր ճառում նշեց, որ Բաբկեն Տեր-Գրիգորյանին չեն ներկայացրել ազատությունից զրկելու եւ խաղաղ հավաքը դադարացնելու իրավական հիմքերը.

«Այն հանգամանքը, որ ուղղակի ներկայացրել են վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ պահանջ, եւ դրա հիմքում դրված չէ խաղաղ հավաքների ազատության իրավահարաբերությունների ընթացքում իրականացված հնարավոր խախտումները, դա դեռ ոչինչ չի նշանակում»:

Դատարանը որոշեց կարճել հակընդդեմ հայցի խոսքի ազատության, ազատ տեղաշարժման, հավաքների ազատության, անձնական ազատության խախտման փաստման պահանջը, իսկ սկզբնական եւ հակընդդեմ հայցի պահանջների մյուս մասերով դատարանը կկայացնի սույն գործը լուծող դատական ակտ, որը կհրապարակվի մայիսի 23-ին:

Aravot.am-ի հետ զրույցում Բաբկեն Տեր-Գրիգորյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին Երեւանի քաղաքապետարանի դիմաց, երբ իրենք ցանկացել են բողոքի ակցիա կազմակերպել, որով ուզում էին պայքարել անպատժելիության դեմ, մասնավորապես՝ ունեին Հենրիկ Նավասարդյանին եւ Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ անելու պահանջը:

Սակայն ոստիկանությունը խոչընդոտել է եւ բերման է ենթարկել Բաբկեն Տեր-Գրիգորյանին եւ նրա ընկերներին. «Իրենք մեզ ասել են, որ ոստիկանի օրենքով պահանջը չկատարելու համար են մեզ տանում, բայց հարց է առաջանում, որ ոստիկանը երբեք չի ներկայացրել որեւէ իրավական հիմք կամ պահանջ: Հետո՝ ոստիկանի հայցի մեջ իրենք սխալ բաներ են գրել, օրինակ՝ գրել էին, որ մենք երթեւեկությանն ենք խոչընդոտում, բայց իրականում մենք քաղաքապետարանի աստիճանների վրա էինք նստած, եւ ինչպես ես հասկանում եմ, երթեւեկություն չկա այդ աստիճանների վրա» Հայաստանյան Հելսինկյան կոմիտեի իրավաբան, Բաբկեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցիչ Անի Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ոստիկանները խախտել են ակտիվիստի խոսքի ազատության, հավաքներ եւ միավորներ կազմելու ազատության եւ մի շարք այլ իրավունքները. «Մենք երկրորդ պահանջ ենք տվել մեր հակընդդեմ հայցում՝ ճանաչել ոչ իրավաչափ ոստիկանների գործողությունները, քանի որ նրանց գործողությունները չեն եղել օրենքի շրջանակներում, այսինքն՝ չի եղել մի իրավական ակտ, որտեղ սահմանված կլինի, որ այդ վայրում չի թույլատրվում իրականացնել բողոքի ակցիա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031