Լուսանկարներում դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհն է, որը, Շիրակի մարզի սահմանամերձ Բավրա գյուղի բնակիչների փաստելով, դարեր ի վեր չի վերանորոգվել: Այն քարուքանդ է, փոշոտ, խիստ վտանգավոր երթևեկության համար. որպես կանոն մեքենաները պարտադիր փչանում են` մնալով կիսաճանապարհին:
Այսօր մի խումբ լրագրողներով առիթ ունեցանք «գազելով» ճանապարհորդելու Բավրա, առիթը արգենտինահայ բարերար Նշան Դեվեճիէանի ֆինանսավորմամբ կառուցված համայնքային կենտրոնի շենքի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելն էր: Լրագրողները մեկ անգամ ևս սեփական կաշվի վրա զգացին, թե ինչքան դաժան է այդ ճանապարհով երթևեկելը, մեզ տեղափոխող մեքենան փչացավ ու մնաց ճանապարհի մեջտեղում:
Այդ արարողությանը մասնակցելու էր եկել նաև փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Նա ծառայողական ջիփով էր, և ի տարբերություն լրագրողների ու վարորդների, նրա համար երթևեկելը ավելի դյուրին էր, հետևաբար և չզգաց ճանապարհի մատուցած անակնկալները: Բավրայի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին , որ եթե կառավարության անդամները մի քիչ ամոթ ունենային, միջպետական ճանապարհը նման խայտառակ վիճակում չէր լինի:
Բավրայի նախկին գյուղապետ Կորյուն Սումբուլյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այս ճանապարհը չեն վերանորոգում, երևի թե սպասում են Հյուսիս-Հարավ ճանապարհաշինությունն ավարտվի, նոր միայն մտածեն այս ճանապարհի մասին: «Բայց ես չեմ կարծում, թե էս մեր ճանապարհը էնքան կսպասի մինչև իրենք Հյուսիս-հարավ ճանապարհաշինությունը ընթացքի գցեն»,- ասաց նախկին գյուղապետը: Փոխավարչապետը որևէ «ավելորդ» խոստում չտվեց միջպետական ճանապարհի վերանորոգման մասին:
«2014 թվականի ճանապարհաշինության բոլոր ծրագրերը պետական բյուջեով նախատեսված են, եթե լրացուցիչ հնարավորություն լինի, կառավարությունը դրա մասին լրացուցիչ կտեղեկացնի», -կարճ կապեց Արմեն Գևորգյանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ