«Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլեւս անշրջելի է, իսկ Եվրոինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին». առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր այս հայտարարությունից հետո, երբ արժանացավ բուռն քննադատությունների, իր վերջին հարցազրույցում կոչ արեց, որ հակառակն ապացուցեն եւ իրեն ամոթով թողնեն: Նրա խոսքերով՝ «Նույնն է, թե ասեի, որ երկրագունդը պտտվում է արեգակի շուրջ, ու դրա համար ինձ մեղադրեին։ Ընդդիմախոսներիս համար իմ պնդման հերքումը, կարծում եմ, որեւէ դժվարություն չպիտի ներկայացնի։ Ինձ ամոթով թողնելու համար ընդամենը բավական է, որ նրանք պարզապես շրջեն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը կամ գոնե հասարակությանը ներկայացնեն դրա շրջելիության հստակ ու համոզիչ ծրագիրը»:
Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատողներից մեկը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էր, ուստի Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ Դուք ցույց կտա՞ք Մաքսային միության շրջելիության հստակ ու համոզիչ ծրագիր: Նա պատասխանեց., որ չի ուզում հեռակա բանավեճի մեջ մտնել ՀԱԿ առաջնորդի հետ. «Կարող եմ ասել, որ ինքնիշխան, սահմանադրական եւ ժողովրդավարական երկրի համար եւ այն իշխանության համար, որը վայելում է ժողովրդի վստահությունը եւ օրենքով պաշտոնավորում է, ոչ մի անշրջելի բան չկա: Այսինքն, եթե դու, որպես դե յուրե իշխանություն, վայելում ես ժողովրդի վստահությունը, դու պիտի կարողանաս քո քայլերով ապահովել երկրի ոչ միայն անվտանգությունը, այլ նաեւ ինքնիշխանությունը եւ իրավականությունը: Մաքսային միությանն անդամակցումը հարվածում է մեր ինքնիշխանությանը: Կարծում եմ, որ օրինավոր իշխանություն ունենալու դեպքում թե՛ շրջելի է Մաքսային միության որոշումը, թե՛ ընդհանրապես: Ծրագիրը սա է՝ ունենալ օրինավոր իշխանություն, որից հետո պետք չունենք սպասել Ղազախստանին եւ Բելառուսին, որ ինքը որոշի, թե շրջելի է ՀՀ իշխանությունների այդ որոշումը: Այնպես պիտի լինի, որ ոչ թե ուրիշը մեր փոխարեն որոշի, որ շրջելի է, այլ մենք պիտի որոշենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»:
Կարդացեք նաև