Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարին ակցիա արեց Ստեփան Դեմիրճյանի տան դիմաց, հաջորդը` Զուրաբյանն է (տեսանյութ)

Մայիս 06,2014 17:16

gaspari1«Ես իմ ընտրած պատգամավորներից պահանջում եմ ներկայացնել երկամյա գործունեության մասին հաշվետվություն, քանի որ պատգամավորից ընտրողն իրավունք ունի պահանջել հաշվետվություն»,-Aravot.am-ի հարցին` ո՞րն է Ստեփան Դեմիրճյանի տան դիմաց կազմակերպված ակցիայի նպատակը, այսպես պատասխանեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:

Նա համապատասխան պաստառով մեկ ժամ կանգնեց Ստեփան Դեմիրճյանի տան առաջ: Մեր մյուս հարցին` ինչո՞ւ հենց Ստեփան Դեմիրճյանի տան դիմաց, և ինչո՞ւ է ՀԱԿ պատգամավորներից հաշվատվություն պահանջում՝ գուցե կասկածնե՞ր ունի, պարոն Գասպարին պատասխանեց, թե ուզում է ներդնել այն մշակույթը, որ ընտրողի առաջ պետք է հաշվետվու լինի պատգամավորը: Այնուհետև մանրամասնեց. «Ակցիան անում եմ հենց Ստեփան Դեմիրճյանի տան դիմաց , քանի որ ՀԱԿ պատգամավորական խմբակցությունից մարդու իրավունքների հանձնաժողովում հենց ինքն է ներկայացուցիչը: Հաջորդը ակցիա եմ անելու Լևոն  Զուրաբյանի և Արամ Մանուկյանի տների դիմաց»:

Վարդգես Գասպարին մեզ հետ զրույցում, գնահատելով ՀԱԿ խմբակցության աշխատանքները, նշեց. «Ինձ համար առավել տեսանելի է Նիկոլ Փաշինյանի, Հրանտ Բագրատյանի պատգամավորական գործունեությունը, և մասամբ բավարարում է Արամ Մանուկյանի գործունեությունը: Խումբը քաղաքական հանդիպումներ է ունենում, բայց անկեղծ ասած` դա ինձ չի հուզում: Օրինակ` մի քանի օր առաջ բանակում զոհվածների մայրերին ոստիկանները քաշքշելով, տանելով գետնին գցեցին, ինձ հետաքրքրում է՝ իմ ընտրած պագամավորներին հետաքրքրո՞ւմ է դա, թե` ոչ»: Մեր հստակեցմանը, թե բացի այն անուններից, որոնց տեսանելի գործունեության մասին խոսեցիք, մյուսների աշխատանքից դժգո՞հ եք, պարոն Գասպարին պատասխանեց. «Չէի ասի, որ գոհ եմ: Լևոն Զուրաբյանի և Ստեփան Դեմիրճյանի գործունեության մասին ընդհանրապես տեղյակ չեմ: Լևոն Զուրաբյանին ֆեյսբուքով գրել եմ, թե՝ ի՞նչ է նշանակում շանս տալ Գևորգ Կոստանյանին: Նա եղել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը. ամենաակնհայտ փաստերը ամենալկտի ձևով նա հերքում է, մասնավորապես կոնկրետ իմ նկատմամբ, որ կալանավայրում խոշտանգումների եմ ենթարկվել, բայց ՄԻԵԴ-ի հարցին ի պատասխան, Գևորգ Կոստանյանն ասել է, թե Գասպարին չի դիմել: Կարո՞ղ է այդ ամենին պատգամավորն անտեղյակ լինել և ասել, որ մի շանս էլ նրան տանք»:

ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը Գասպարիի ակցիան շինծու համարեց ու ասաց, թե «այդ էժանագին թատրոնի մասնակիցը չեն լինի»: Այնուհետև մանրամասնեց. «Գասպարին եղել է մեր կուսակցության գրասենյակում, իրեն առաջարկվել է, որ ցանկացած հետաքրքրող հարցով ինքը կարող է գալ գրասենյակ ու դիմել, բայց հետագայում հարց կամ հարցադրում իր կողմից չի եղել: Ես այս ակցիան կհասկանայի այն դեպքում, երբ որևէ անձ մերժվեր կամ հարցումն արհամարհվեր, բայց երբ մարդուն առաջարկում ես, չեմ հասկանում ակցիայի իմաստը:  Անկախ նրանից սա ուղղորդված է, թե` ոչ, սա պրովոկացիայի նման բան է»:

 

Մեր հարցին` ի վերջո հաշվետվություն տրամադրվելո՞ւ է, պարոն Մինասյանը պատասխանեց. «Ստեփան Դեմիրճյանի ողջ քաղաքական գործունեությունը 15 տարիների ընթացքում նվիրված է եղել մարդու իրավունքների պաշտպանությանը, և դա եղել է հրապարակային: Եթե խոսենք մարդու իրավունքների խախտումից, ապա առաջինը նրա իրավունքներն են խախտվել, երբ ընտրվել է նախագահ, բայց ընտրությունները կեղծվել են ու նրան չեն թողել դառնալ նախագահ: Ես այս ակցիայում նաև անբարո բան եմ տեսնում: Միայն այս երկրի պատմության հետ կապ չունեցող մարդը կարող է Կարեն Դեմիրճյանի հուշատախտակի դիմաց նման ակցիա կազմակերպել»:

Aravot.am-ը Վարդգես Գասպարիից հետաքրքրվեց` ինչո՞ւ չի դիմել ՀԺԿ՝ իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալու համար, պարոն Գասպարին պատասխանեց. «Մեկ անգամ հանդիպման հրավեր եղավ, որը Ստեփան Դեմիրճյանի հետ պիտի հանդիպեինք, բայց ասացին, որ նա վատառողջ է ու չի եկել: Ես այն ժամանակ կոնկրետ պահանջ ունեի, թե  նա ինչու թեկուզ մեկ անգամ չի մասնակցում Վոլոդյա Ավետիսյանի դատավարությանը: Ես կարծում եմ, որ վատառողջությունը երկարատև էր, և մի քանի դատ է եղել, և նա չի մասնակցել ընդհանրարապես: Ես նրան ֆեյսբուքյան էջով եմ դիմել, բայց ոչ մի արձագանք»:

Նշենք, որ ակցիայի ընթացքում Ստեփան Դեմիրճյանը տանը չէր, նրանց տան պատուհանից մեկ անգամ դուրս նայեցին ու այնուհետև այդպես էլ ոչ ոք  չերևաց:

Վարդգես Գասպարին «Սերժիկ մարդասպան, Սերժիկ սրիկա» խորագրով ամեն օր ժամը 18.00-ից հետո և 09.00-ից առաջ պիկետ է անում Պռոշյան- Դեմիրճյան խաչմերուկում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031