Մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց, թե հաջորդ պատվերը Բորնշտեյնի «Ինչպես փոխել աշխարհը»-ն է
«Անտարես» հրատարակչությունը հրատարակել է Ուոլթեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս» գիրքը, որը ներկայացնում է ստեղծարար ձեռնարկատիրոջ վայրիվերումներով լի կյանքի ու խիստ ուժեղ անհատականության պատմությունը:
Aravot.am-ի հետ զրույցում գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նախ հիշեցրեց, որ Ջոբսը 6 ոլորտներում՝ անհատական համակարգիչներ, անիմացիոն ֆիլմեր, երաժշտություն, հեռախոսներ, պլանշետային համակարգիչներ եւ թվային հրատարակություն, իսկապես հեղափոխություն է իրականացրել: «Աշխարհը փոխել են երեք անհատականություն՝ Մակեդոնացին, Քրիստոսը եւ Ջոբսը: Մակեդոնացին ժամանակին աշխարհով մեկ տարածեց հելենական մշակույթը, հետեւաբար նրա արշավանքները միանշանակ մշակութային էին՝ դեպի առաջընթաց տանող: Քրիստոսի դեպքում՝ no comment, իսկ Ջոբսը կարծես Մակեդոնացու եւ Քրիստոսի յուրօրինակ միասնությունն է: Այն, ինչը նա ստեղծեց, ըստ էության, մեկ միասնության գաղափարն է ու Երկիր մոլորակի վրա ապրելու գաղափարը: Եվ նա գիտեր, որ 21-րդ դարում արժեք ստեղծելու լավագույն ձեւը ստեղծարարությունն ու տեխնոլոգիաները միավորելն է: Նա ստեղծեց մի ընկերություն, որտեղ երեւակայության թռիչքները համադրվում են տեխնիկայի նշանակալի ձեռքբերումների հետ»,- հայտնեց գրականագետը:
Անդրադառնալով գրքին, Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ չնայած Ջոբսը մասնակցել է գրքի ստեղծմանը, սակայն նա չի ցանկացել վերահսկել այն, ոչինչ չի արգելել. «Իրեն ծանոթ մարդկանց խրախուսել է անկեղծ լինել: Ջոբսն ինքն էլ է խոսել, բայց երբեմն կոպիտ, այն մարդկանց մասին, ում հետ աշխատել ու մրցակցել է: Նրա ընկերները, թշնամիներն ու գործընկերները ուղիղ ներկայացնում են Ջոբսի հափշտակվածությունները, կատարելապաշտությունը, վարպետությունը, մոլուցքները, նենգությունը եւ ամեն ինչ վերահսկելու նրա պարտադրանքը, որոնք ձեւավորեցին նրա մոտեցումը բիզնեսին եւ նորարարական արտադրանքին»:
Կարդացեք նաև
«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ երբ երկու տարի առաջ 57 տարեկանում մահացավ Ջոբսը, աշխարհի բոլոր համակարգիչները «լացել» են: Պարոն Մարտիրոսյանը հավելեց նաեւ. «Այս գրքում տեսնում եմ խիզախ անձնավորության, որն առաջ է տանում իր գաղափարը: Նա գիտի պայքարել, սկզբունքային է եւ, որ ամենակարեւորն է՝ բիզնեսից բացի, Ջոբսի ցանկությունն ու նպատակը մեկն էր՝ առաջ տանել մարդկությանը»:
Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ իրենց հաջորդ նախագիծն է Դավիթ Բորնշտեյնի «Ինչպես փոխել աշխարհը» գիրքը: Հարցին՝ եւ ինչպե՞ս է Բորնշտեյնը «փոխում» աշխարհը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հեղինակը այդ գրքում ցույց է տալիս, թե ինչ է հարկավոր, որ աշխարհում վերանա աղքատությունը, տիրի արդարություն, ի վերջո՝ ամեն մարդ իրեն զգա կարեւոր: Ինչպես կուզենայի, որ մի օր թվարկածներս թագավորեին Հայաստանում»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ