««Ժառանգությունը» դեմ է քվեարկել Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը, եւ «Ժառանգությունը» պահանջում է, որ չեղյալ ճանաչվի այդ որոշումը, որովհետեւ այն բերել է միանգամայն անցանկալի հետեւանքների»,- այսօր՝ մայիսի 6-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքերով՝ Անաստաս Միկոյանի արձանը պետք է կանգնեցնել Մոսկվայում, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է ԽՍՀՄ փլուզումը համարել հումանիտար աղետ. «Եթե ինքը գտնում է, որ դա հումանիտար աղետ է, եւ պիտի փառաբանել բոլոր այն մարդկանց, ովքեր անմնացորդ ծառայել են Սովետական Միությանը եւ ռեպրեսիայի տարիներին, հետեւաբար, այդ արձանը կարող են դնել Մոսկվայում, բայց ոչ Երեւանում»:
Սակայն ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչ Մկրտիչ Մինասյանն այլ կարծիքի է՝ նա կարծում է, որ Անաստաս Միկոյանն այն եզակի քաղաքական գործիչներից է, քանի որ ծանրագույն ժամանակներում մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն երկրի, այլ նաեւ համաշխարհային քաղաքականության մեջ.
«Դա պատիվ է մեր ազգի համար: Չմոռանանք՝ ի՞նչ էր կատարվում Կարիբյան ճգնաժամի օրերին, մարդը, որի կինը մահացած էր, գնաց եւ փրկեց աշխարհը Երրորդ համաշխարհային պատերազմից»:
Ի պատասխան պարոն Մինասյանին՝ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ համացանցում տարածվել է Անաստաս Միկոյանի տեսանյութը, որտեղ նա հպարտությամբ է խոսում մի մարդու մասին, ով հրաժարվել է իր ծնողներից, որովհետեւ նա ժողովրդի թշնամի է, այսինքն՝ քարոզում է հայատյացություն, ծնողատյացություն. «Նման հակասական կերպարներին թողնում են, որ հանգիստ մնան պատմության մեջ, որովհետեւ իրենք միգուցե ունեն երկու երես, այսինքն ե՛ւ ունեն արատավոր գործեր, ե՛ւ ունեն չափազանց բարդ, հակասական եւ նաեւ վիճարկելի եւ մերժելի կենսագրության հատվածներ: Այդպիսի մարդիկ պետք է ննջեն իրենց գերեզմանում եւ պատմության մեջ եւ ոչ ամենեւին Երեւանի հրապարակներում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ