Անաստաս Միկոյանի արձանը մայրաքաղաքում տեղադրելու՝ Երևան քաղաքի ավագանու որոշումը մտահոգում է մի շարք մտավորականների:
Ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը, օրինակ, կարծում է, որ ընդհանրապես քաղաքական գործիչների արձաններ չի կարելի դնել, որովհետև, նրա խոսքով, քաղաքական կյանքում ամեն ինչ փոփոխական է. «Մեր քաղաքական գործիչներն այսօր լավ են, վաղը՝ ոչ, և հակառակը: Նայած թե ինչ հասարակություն է տվյալ պահին,- ասում է ճարտարապետը:- Եվ մեր ընդհանուր փորձը ցույց է տալիս, որ հաճախ ստիպված ենք լինում քանդել նրանց արձանները: Իսկ այդ փոփոխություններից հասարակությունը հիասթափվում է: Պետք է շատ զգույշ լինել նման դեպքերում: Ես կարծում եմ, որ փողոցներն էլ պետք չէ կոչել մարդկանց անուններով, դրանք էլ են շարունակ փոփոխվում: Պետք է ավելի հեռատես և պահպանողական լինել այս հարցերում: Միկոյանի արձանը տեղադրելու հետ կապված այժմ կրքերն առավել բորբոքված են, որովհետև Միկոյանը, խորհրդային ժամանակների խոշորագույն մարդկանցից մեկը լինելով, բավականին կտրուկ ու դաժան է գործել: Նա շատ բաներ է արել, որոնք մեր ժողովուրդը չի կարող ընդունել»:
Բանաստեղծ Հուսիկ Արան էլ ասում է, որ դեռ մանկուց է նկատել, որ մեր ժողովուրդը բացասաբար է արտահայտվում Միկոյանի մասին: «Մենք գիտենք, որ մեր ժողովուրդը հատուկ վերաբերմունք ունի իր մեծերի նկատմամբ, մշտապես սիրում և մեծարում է նրանց, բայց Միկոյանը նրանց շարքում չէ: Ավելին՝ նրա անվան հետ հիմա արդեն կապում են մի շարք ցավալի դեպքեր»,- ասաց բանաստեղծը և հավելեց, որ ինքը կարդացել է նաև Միկոյանի տղայի հուշերը, որտեղ նա արդարացնում է հորը՝ ասելով, որ եթե նա հայամետ քաղաքականություն վարեր, Ստալինը նրան կմեղադրեր հայասիրության մեջ և կգնդակահարեր:
«Չպետք է մոռանալ նաև 1937 թվականը, երբ նա եկավ Հայաստան և ավելացրեց գնդակահարվողների թիվը: Այսինքն՝ այդ մարդը նպաստել է 37-ի ողբերգությանը, եթե նա չլիներ, այդքան շատ զոհ չէր լինի: Եվ հիմա ի՞նչ է նշանակում կանգնեցնել մեկի արձանը, որն այն ժամանակ Մոսկվայում եղել է բռնի ուժի մարմնավորումը հայերի համար»,- ասաց Հուսիկ Արան և վրդովված ավելացրեց, թե բերեք Թալեաթի արձանն էլ դնենք:
Կարդացեք նաև
Բանաստեղծը համոզված է, որ Միկոյանն ընդամենը մի լավ բան է արել. «1954-ին, երբ արդեն Ստալինը չկար, եկավ Հայաստան և առաջարկեց տպագրել Րաֆֆու, Չարենցի գործերը, բայց առանց նրա ասելու էլ, դա արդեն հնարավոր էր, ժամանակները փոխվել էին»,- ասաց նա:
Քանի որ հասարակության մեջ տարակարծություններ կան Միկոյանի արձանի տեղադրման հետ կապված, Հուսիկ Արան առաջարկում է հասարակական լսումներ, սոցհարցումներ կազմակերպել՝ կողմնորոշվելու համար՝ մարդիկ ցանկանո՞ւմ են տեսնել Միկոյանի արձանը Երևանում, թե՞ ոչ. «Սա ժողովրդավարական երկիր է, չէ՞, և, ի վերջո, դա հասարակությունն է տեսնելու»,- ընդգծեց բանաստեղծը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ