Այսօր Ծաղկաձորում աշխատանքը սկսեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի և Ավստրիական Զարգացման Գործակալության համագործակցությամբ կազմակերպած «Մեկ տարածաշրջան, մեկ առողջություն» տարածաշրջանային համաժողովը։
Համաժողովի աշխատանքներին մասնակցում են տարբեր երկրներից հրավիրված մասնագետներ, փորձագետներ՝ ԱՄՆ Գյուղդեպարտամենտից, Ավստրիական Զարգացման Գործակալությունից , ինչպես նաև Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Իլյա Կրիտաշվիլիի գլխավորած պատվիրակությունը։
Համաժողովի նպատակն է սերտ կապեր հաստատել Հայաստանի և Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև, երկու երկրների սահմանամերձ տարածքներում անասնապահության վարման առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։
Համաժողովի մասնակիցները երկու օր շարունակ կքննարկեն «Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում կենդանիների առողջության կառավարում» ծրագրի շրջանակներում երկու հարևան երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև տեղեկատվության փոխանակման և համատեղ գործունեության համակարգման միջոցով կենդանիների հիվանդությունների վերահսկողության ծառայություններն ընդլայնելու և առողջության պահպանման գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու հարցերը։
Համաժողովին մասնակցել և ողջույնի խոսքով մասնակիցներին արդյունավետ աշխատանք ու քննարկումներ է մաղթել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ողջույնի խոսքն ամբողջությամբ ներկայացվում է.
Սիրելի՛ հյուրեր, համաժողովի հարգելի՛ մասնակիցներ
Կարդացեք նաև
Թույլ տվեք ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ողջունել «Մեկ տարածաշրջան, մեկ առողջություն» խորագրով անցկացվող տարածաշրջանային համաժողովի մասնակիցներին և ցանկանալ ստեղծագործական և արդյունավետ աշխատանք:
Թույլ տվեք միաժամանակ ողջունել մեր սիրելի հարևաններին` Վրաստանի պատվիրակությանը, ինչպես նաև երախտիքի խոսքեր ուղղել Ավստրիական Զարգացման գործակալությանը, Հայաստանում գործող` «ՔԱՐԴ» և Վրաստանում գործող` «ՀԵՅՖԵՐ» կազմակերպությունների ներկայացուցիչներին և տարբեր երկրներից հրավիրված մասնագետներին` այս միջազգային համաժողովի կայացմանը ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար:
Այս համաժողովը հերթական քայլն է մեր երկու բարեկամական երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունները էլ ավելի սերտացնելու ուղղությամբ: Կասկած չկա, որ այն նոր հնարավորություններ կընձեռի համագործակցության տիրույթում մի նոր ոլորտ ևս ներգրավվելու համար: Եվ անասնաբուծությունը կարող է հանդիսանալ գյուղատնտեսության առաջատար ճյուղերից մեկը:
Հայաստանի Հանրապետության կառավարության գերակա խնդիրներից է գյուղատնտեսության ներդաշնակ զարգացումը և կառավարության կողմից առաջիկայում աջակցություն կցուցաբերվի նաև անասնաբուծության ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերին: Մեր երկրում կարևորվում է կենդանիների առողջության պահպանումը և պետական աջակցությամբ 10 հիվանդությունների նկատմամբ իրականացվում են ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումներ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է նաև գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման գործընթացը, որի իրականացումը կտրուկ կբարձրացնի անասնաբուժական և տոհմասելեկցիոն աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության մակարդակը:
Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ, սիրելի՛ հյուրեր, ես ցանկանում եմ կրկին անգամ ողջունել համաժողովի մասնակիցներին, շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին և ցանկանալ բեղմնավոր աշխատանք:
Շնորհակալություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ