1991թ. մայիսի 6-ի լուսաբացին Ոսկեպարի անտառում խորհրդային զինուժի կրակից զոհվեցին Նոյեմբերյանի ՆԳ բաժնի 14 աշխատակիցներ: Նրանք գնում էին Հայաստանի սահմանը պաշտպանելու: Բազմաթիվ միլիցիոներներ գերևարվեցին խորհրդային զինուժի կողմից եւ տանջալի ամիսներ անցկացրին ադրբեջանական բանտերում: Նրանցից ոմանք խոշտանգումներից եւ բանտային ծանր պայմաններից առաջացած հիվանդություններից հետո մահացան:
2014թ. մայիսի 6-ին զոհված միլիցիոներների հարազատները, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, նախկին քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գեւորգյանը, Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանը,տիկին Ռոզա Ծառուկյանը, Երեւանի ավագանու անդամ Իրինա Քոչարյանը, ոստիկանության աշխատակիցներ, ազատամարտիկներ, Նոյեմբերյանի դպրոցների,պետական քոլեջի մանկավարժներ եւ սովորողներ, Նոյեմբերյանի տարածաշրջանի հարյուրավոր բնակիչներ ծաղիկներով այցելեցին Նոյեմբերյան քաղաքում գտնվող, զոհված միլիցիոներների հուշարձան եւ ծաղիկներով խոնարհվեցին զոհվածների հիշատակին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ