Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. «Գող նախագահներն ու նախարարները վերածվել են մարդասպանների»

Մայիս 06,2014 15:24

Այսօր Հայաստանի ներքաղաքական եւ արտաքաղաքական իրավիճակի վրա ազդում են եւ ազդելու են այն գործընթացները, որոնք տեղի են ունենում աշխարհում ու այս առումով ժամանակ առ ժամանակ Հայաստանում տարատեսակ դրսեւորումներ կտեսնենք: Այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում խոսելով աշխարհաքաղաքական զարգացումների մասին եւ պատասխանելով Հայաստանի վրա դրանց հնարավոր անդրադարձին վերաբերվող հարցին, ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա կարծիքով, այսօր աշխարհաքաղաքական դերակատարները տոտալ քաղաքականություն են վարում`աշխատելով եւ երկրների կառավարությունների, եւ քաղաքացիական հասարակության, եւ ինֆորմացիոն հատվածի հետ: «Բայց կարեւորագույն խնդիր կա: Այս աշխարհում մենք պետք է սովորենք ապրել եւ դրա համար պետք է սովորենք չբաժանվել ճամբարներ եւ իրար խփել»,- ասաց Աշոտ Մանուչարյանը`հավելելով, որ այժմ Հայաստանում բաժանարար գիծ կա`մեկը պաշտպանում է Մայդանին, մյուսը`հակամայդանին, մեկը ՌԴ-ին, մյուսը`ԱՄՆ-ին եւ այլն:

Այս առումով նա նաեւ օրինակ բերեց. «Պարոն Բադասյանը (ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր-Ն. Գ.) վերջերս վերադարձավ Քեսաբից: Նա այն տեսակետին էր, որ արեւմտյան քաղաքակրթությունը ճիշտ է, որ Հայաստանը պետք է գնա ՆԱՏՕ-եւ այլն: Ես այդ զարգացման ուղղությունը համարում եմ անընդունելի, բայց ողջունում եմ նրա եւ իր ընկերների արածը: Դա շատ ճշգրիտ քայլ էր: Իր հետ աշխատում էին Ժիրայր Սեֆիլյանը, Արեւմտյան Հայաստանի կառավարությունը եւ այլն. այդ համակարգերի մասին, որոնք տարբեր տեղերում կան, քչերը գիտեն դրանց մասին, բայց նրանց հետ մենք մի հարցում նույնակարծիք ենք`մեր ժողովուրդը պետք է կարողանա այս ամենին դիմակայել, որ մեր ժողովուրդը`մյուս ժողովուրդների հետ միասին պետք է ելքեր փնտրի: Այս հարցում առաջին խնդիրն ինքնապաշտպանությունն է:

Մնացած տարրերի կեցվածքը, որն այստեղ դրսեւորվեց….Քեսաբում տեղի ունեցածը ահավոր խայտառակություն էր: Մենք պետք է պաշտպանենք տեղի հայերին եւ դա ոչ թե ռազմական է, այլ ինֆորմացիոն, հոգեբանական, քաղաքական եւ այլն: Տեղի ունեցածի պատճառների մասին կարող ենք տարակարծիք լինել, բայց շատ կարեւոր է, որ Հայաստանում հայաստանյան ուժեր լինեն եւ պահեն այն հարցն, ինչը անդադար բարձրացնում ենք`անկախության խնդիրը: Մենք, իրոք, պետք է անկախ լինենք: Դրա համար պետք է սովորենք իրար հետ խոսել, համագործակցել: Դրան խանգարող ամենաֆունդամենտալ պատճառն այսօր Հայաստանի ողբալի վիճակն է`իշխանության եւ ընդդիմության քաղաքական պալիտրայի տեսանկյունից: Կողոպուտի, թռցնելու, փախցնելու քաղաքական համակարգը Հայաստանի ոչնչացման մեխանիզմն է: Եթե գող նախագահը, նախարարը, գողությանն իր փայ փնտրող ընդդիմադիր գործիչը երեկ ընդամենը գողեր էին, այսօր վերածվում են մարդասպանների, երկիր ոչնչացնողների»:
Աշոտ Մանուչարյանը համարում է, որ մենք այդ տրամաբանությունը չենք կարողանում հաղթահարել, ինչի վկայությունը վերջին ներքաղաքական իրադարձություններն են`քաղաքական վերադասավորումները: Նա Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ինտելեկտուալներին միասնության կոչ է անում, որպեսզի այս իրավիճակը հնարավոր լինի հաղթահարել: Հայկական համակարգն, ըստ նրա, այդ միասնության հնարավորություններն ունի: Իր կարծիքով, մեր միասնությունը կարեւոր է ոչ միայն մեզ, այլ նաեւ աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մարգար says:

    Աշոտն իսկապես իրականությունն ադեկվատ ընկալող, անկախ մտածող ու ամենակարեւորը՝ ազնիվ մտավորական է: Դրա համար էլ երեւի չկարողացավ ԼՏՊ – խմբի մեջ շարունակել ու մի կողմ հեռացավ: Պետք է իսկական ընդիմադիրները գործակցեն նրա հետ ու օգտագործեն նրա վերլուծական-հռետորական կարողությունները – դա արդյունք կարող է տալ!

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031