Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 6-ին ընդունեց Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանին և Հալեպում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանին:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին Սիրիայում տիրող իրավիճակին, սիրիահայության անվտանգության խնդիրներին, հայրենադարձ սիրիահայերի աջակցությանն առնչվող հարցեր:
Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետը, ներկայացնելով սիրիական պատերազմի արհավիրքներն ու դրանց հետևանքները սիրիահայերի կյանքում, շնորհակալություն հայտնեց Հայաստանի ժողովրդին և երկրի նախագահին սրտացավ վերաբերմունքի և աջակցության համար: Նրա համոզմամբ՝ ազգային խնդիրների լուծումը հնարավոր է միայն ուժեղ հայրենիքի և կենսունակ սփյուռքի համատեղ ջանքերով ու միասնականությամբ:
Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ սիրիահայ համայնքը հայկական սփյուռքի առանցքային ու միասնական հատվածներից է, որը ազգապահպանության հիանալի օրինակ է եղել սփյուռքի մյուս գաղթօջախների համար: Նա հիացմունք հայտնեց սիրիահայերի՝ դժվարությունները հաղթահարելու անկոտրում կամքի համար և հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայում դիվանագիտական տարբեր ճանապարհներով սատարելու Սիրիայում խաղաղության հաստատմանը: Էդուարդ Շարմազանովը պատրաստակամություն հայտնեց մասնակցելու սիրիահայերի՝ առաջիկա օրերի քննարկումներին, լսելու նրանց առաջարկները և հնարավոր ամեն ինչ անելու նրանց խնդիրները լուծելու համար:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի և ժխտողականության դեմ պայքարի հարցում ԱԺ փոխնախագահը կարևորեց Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության դերը: Նա մտահոգություն հայտնեց, որ Թուրքիան այս անգամ արդեն այլ ձևերով է շարունակում իրականացնել հայերի ցեղասպանությունը, և դրա ապացույցը իր բնօրրանից քեսապահայության տեղահանման փաստն է:
Կարդացեք նաև
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև սիրիահայ համայնքին առնչվող այլ հարցեր:
Ազգային ժողով