«Ցավը բուժելու եւ հետեւանքները վերացնելու համար Թուրքիան ձեւական բնույթ կրող հայտարարությունների փոխարեն պետք է Գերմանիայի օրինակին հետեւի, պետք է ընկալի, որ հայ ժողովուրդն իր երկրի տարածքում ցեղասպանության զոհ է դարձել: Թուրքիան պետք է ընկալի, որ դա հայերի համար հայրենիքի կորուստ էր, եւ դադարեցնի հարեւանների հետ վերջնագրերով խոսելու քաղաքականությունը: Եվ ամենակարեւորը՝ Թուրքիան պետք է դադարեցնի կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը:
Միջազգային հանրությունը վաղուց արդեն ընդունել է այն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը: Հիշեցնենք` Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել էր. «Վիճաբանություններն այն մասին, թե ինչու եւ ինչպես է պատահել հայկական ողբերգությունը, այսօր շարունակում են բազմաթիվ հայերի ու թուրքերի տանջել: Ցավի, տառապանքների, զրկանքների եւ նշանակալի թվով զոհերի մասին համայնքային ու ազգային հիշողությունները շարունակում են հայ եւ թուրք ժողովուրդներին միմյանցից հեռու պահել: Ազգային հիշողությունները կարեւոր են: Բայց չե՞ն կարող արդյոք հայկական եւ թուրքական պատմագրությունները մերձենալ միմյանց, չի՞ կարող արդյոք «արդարացի ճշմարտություն» ծնվել: Հավատք ունենալով, որ դա հնարավոր է, Թուրքիան առաջարկել է 1915թ. իրադարձություններն ուսումնասիրելու համար թուրք եւ հայ պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել, որի եզրահանգումներն այդ ողբերգական ժամանակահատվածի ճիշտ ըմբռնման կբերեն եւ, հուսով եմ, կօգնեն մեր հարաբերությունների կարգավորմանը»:
«Ժողովրդի ցավը ոչ թե թաղել է պետք, այլ բուժել եւ հետեւանքները՝ վերացնել»,- հավելեց ՀՀ ԱԺ փոխխոսնակը` նկատելով, որ Հայոց ցեղասպանությունը հայ եւ թուրք ժողովուրդների ընդհանուր ցավը չէ, դա մարդկային ողբերգություն է եւ թուրքական կայսրության ամոթն ու խայտառակությունը: Էդուարդ Շարմազանովը Թուրքիայի ԱԳ նախարարին հիշեցնում է, որ օսմանյան դատարանը մահապատժի վճիռ է կայացրել Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ, որն ի կատար է ածվել «Նեմեզիս» կազմակերպության անդամների կողմից:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հայ-թուրքական հաշտեցման ընդհատված գործընթացը վերականգնելու Թուրքիայի ԱԳ նախարարի առաջարկի արձագանքների մասին` վաղվա «Առավոտում»
«Առավոտ» օրաթերթ