Այն աշխարհակարգը եւ քաղաքակրթական մոդելը, որը կար աշխարհում, փլուզվում է, դրանք մոտեցել են ավարտին ու այդ ավարտը եւ նորի ծնունդը, որը չգիտենք էլ ինչպիսին է, բախվել են: Այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում, խոսելով ուկրաինական զարգացումների մասին, իր ընդհանուր դիտարկումները ներկայացրեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Ուկրաինական խնդիրը բանախոսը լոկալ խնդիր չի համարում, այլ նոր աշխարհակարգի ստեղծման համատեքստում է դիտարկում, որտեղ հեգեմոն դերակատարում են ստանձնել աշխարհաքաղաքական երկու բեւեռները`ԱՄՆ-ն ու ՌԴ-ն: ԱՄՆ-ը, ըստ բանախոսի, հնի աշխարհակարգի պահպանման կողմնակիցն է, ՌԴ-ն ընդվզման հիմնական տանողը: Ուկրաինական իրադարձություններով, Աշոտ Մանուչարյանի բնորոշմամբ, ՌԴ-ն ԱՄՆ-ից ստացավ վերջնական «ոչ»-ը`մոլորակի համատեղ կառավարումը կիսելու առումով:
«Հարյուր տարի առաջ, ըստ բանախոսի, վիճակն այսպիսին էր, ծնվեց սոցիալիզմը, եղավ Առաջին համաշխարհային պատերազմը: Հիմա մի քիչ ավելի բարդ իրավիճակում ենք խճանկարային առումով: Բայց մարդկությունը զարգացել է այն ժամանակներից ի վեր եւ ես հույս ունեմ, որ կգտնվեն լուծումներ, որոնք առավել անցնում անցում կապահովեն»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: Նրա կարծիքով, Ուկրաինան ժամանակավոր բան չի, Վրաստանի նման չի եւ ոչ էլ այլ կոնֆլիկտի է նման. «Ուկրաինան, ըստ էության, հավերժ է`կողմերը լուծում չեն գտնում, առճակատումները թեժանում են»: Թե ի՞նչ զարգացումներ կհետեւեն`ժամանակը ցույց կտա: Բայց որ հիմա ԱՄՆ-ը փորձելու է խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար` դա բանախոսն ակնհայտ է համարում ու չի բացառում, որ վաղը այդ խնդիրները նաեւ Հայաստանում էլ լինեն: «Հատուկ ձեւով ԱՄՆ-ը հետխորհրդային տարածքներում բախումներ է հրահրվելու, որպեսզի ըմբոստ ՌԴ-ն արյունահեղության տարածքներով պատված լինի, որպեսզի չկարողանա դիմակայել»: Ուկրաինական զարգացումներն, ըստ նրա, նույնատիպ հինգերորդ պատերազմն է, որը վերջին տարիներին սկսվում է երկրագնդի վրա ու որը կարծես թե ոչ մի իմաստ չունի. «Ցեցը ընկնում է պետության մեջ ու սկսվում է քայքայում»:
Նա օրինակներ բերեց արաբական աշխարհի պատերազմական իրավիճակներից`հավելելով, որ բոլոր այդ երկրներում մի ընդհանուր օրինաչափություն կա. ինչի՞ց սկսվեց պատերազմը`հարցի պատասխանը չկա: Քանզի ամեն ինչ մանր, հաճախ նաեւ առանձնակի ուշադրության անարժան իրադարձություններից է սկսվել: Հարցին՝ մի՞թե տվյալ երկրների հասարակությունների դժգոհությունն իշխանություններից արդեն իսկ պատճառ չէր, Աշոտ Մանուչարյանը հակադարձեց. «Աֆղանստանում հետամնաց բարքեր էին, բայց նույնատիպ, ինչ Պակիստանում եւ այլն: Ինչո՞ւ Պակիստանում չեղավ, եղավ Աֆղանստանում: Իրանում ասացին միջուկային զենք… որեւէ մեկը տեսա՞վ այդ զենքը: Լավ, ենթադրենք ՌԴ-ն սխալվեց, բայց…Լիբիայում դիկտատուրա էր: Վատ է, բայց էդ վատ դիկտատորն իր երկրում ուներ անվճար կրթություն եւ բուժօգնություն արտասահմանում: Ամեն դեպքում, հեռանկարներ կային: Հիմա՝ մարդիկ իրար են սպանում: Ուկրաինան պատերազմի շեմին է»: Եգիպտոսն, ըստ Աշոտ Մանուչարյանի, այլ էր: Բանակն այնտեղ խառնվեց եւ հանեց երկիրն այդ վիճակից, բայց դեռ այնտեղ էլ ամեն ինչ շատ հստակ չէ: Մանուչարյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հիմա անհասկանալի դաշինքներ են ստեղծվում արաբական աշխարհի տարբեր երկրների միջեւ: Դա ինքը բացատրում է իրենց երկրներում համանման զարգացումները կանխելու նպատակով: Բայց ելքեր ու հեռանկարներ, ընդհանուր առմամբ, ըստ բանախոսի՝ դեռ չի երեւում:
Իր համեմատական վերլուծություններում Աշոտ Մանուչարյանը հետաքրքիր դիտարկումներ արեց այն առումով, որ սոցիալիզմի եւ կապիտալիզմի ժամանակ մրցակցությունը գնում էր կրթական համակարգը զարգացնելու ուղղությամբ, բայց հիմա բացառիկ իրավիճակ է`մարդկությունը եկել է այն վիճակի, որ յուրաքանչյուր հաջորդ սերունդն ավելի դմբո է, քան նախորդը: Նրա համոզմամբ, դա հատուկ է արվում. «Ուկրաինայում ի՞նչ եղավ`երիտասարդությունն ուզում էր ստանալ ավելի կատարյալ տուն, բայց վեր կացավ եւ իր տունը քանդեց»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ