Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաշխարհային բանկն աջակցում է վիշապներին, որոնք վատացնում են Արարատյան դաշտավայրի վիճակը» (Տեսանյութ) 

Մայիս 06,2014 14:23

«Ինչ իշխանությունը Հանրապետականներինն է, մենք շատ արագ տեմպերով կորցնում ենք բնական պաշարները»,-այսօր «Էկոլուր» ակումբում ասաց «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը: Նրա խոսքերով` բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն, ըստ էության, շարունակել է իր նախորդի` Վարդան Այվազյանի քաղաքականությունը, բայց մի տարբերությամբ` երբ որեւէ հակաբնապահպանական որոշում էր կայացվում, Վարդան Այվազյանն ասում էր` քաղաքական որոշում է, իսկ Արամ Հարությունյանը նման դեպքերում ասում էր` դա կխանգարի բիզնես ոլորտին. «Արամ Հարությունյանն էլ կրկնում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերը: Քանի անգամ, երբ կառավարությանը բնապահպանական ծրագիր է ներկայացվել, Տիգրան Սարգսյանն ասել է` սա չի նպաստում բիզնեսին»:

Տիկին Զառաֆյանը, նշելով ոլորտում առկա խնդիրները, առանձնացրեց Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների խնդիրը. «Արարատյան դաշտավայրում աղետալի վիճակ է. ավիրվում են ջրային ռեսուրսները, եւ հենց կառավարությունը հասցրեց դրան: Հիմա ոչ միայն պետական բյուջեից են փողեր տրամադրվում դրանք վերականգնելու համար, ընդ որում, հասկանալի է, որ չի շտկվում խնդիրը, նաեւ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով աջակցում են այն կազմակերպություններին, որոնք վիշապի նման վատացնում են Արարատյան դաշտավայրի վիճակը»:

Ինգա Զառաֆյանի ներկայացմամբ` Արարատյան դաշտավայրի խորքային ապօրինի հորերն ապամոնտաժելու համար մեծ գումարներ են տրամադրվում, սակայն այդ փողերն անարդյունավետ են ծախսվում. փակվում են այնպիսի հորեր, որոնք վաղուց բնական ճանապարհով փակվել են ու չեն գործում, այսինքն, այլեւս ջուր չկա, մինչդեռ նման հոր փակելու համար կառավարությունը մոտ 2,5 միլիոն դրամ է ծախսում:
«Սեւան ազգային պարկն ամեն տարի մոտ 1 միլիոն դոլար գումար է ստանում տարբեր միջոցառումների համար, բայց ոչ մի գործողություն չի նպաստում Սեւանի պահպանության համար»,-ասաց տիկին Զառաֆյանը:

Ըստ բնապահպանի, այս տարիների ընթացքում բնապահպանության 7 նախարար է եղել, եւ բացառմամբ մեկի, բոլորը բնապահպանությանը չառնչվող մասնագետներ են եղել, որոնք ոչ միայն խնդիր չեն լուծել, այլեւ դրանք ավելի են խորացրել, եւ առանց որեւէ պատասխանատվություն կրելու ուղղակի հեռացել պաշտոնից:
Բնապահպանության նոր նախարար Արամայիս Գրիգորյանի հետ էլ բնապահպանները մեծ հույսեր չեն կապում, թեեւ նոր նախարարը հավաստիացրել է, որ պատրաստ է մասնագետների հետ քննարկել խնդիրները:

Մանրամասները` տեսանյութում

 

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031