«Շատ փող ունենալը դեռեւս հարուստ լինել չի նշանակում, նշանակում է լինել ունեւոր: Հարուստ լինելու համար անհրաժեշտ է հոգեւոր հարստություն, իրական հարուստը դա է»,- այսօր՝ մայիսի 6-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով այն խոսակցություններին, թե նոր կառավարությունը երեք անգամ հարուստ է, քան նախորդը, հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչ Մկրտիչ Մինասյանը:
Իսկ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը նոր կառվարությունը համարում է տիպիկ դասական օլիգարխիա, քանի որ խումբն ունի թե՛ փող, թե՛ իշխանություն. «Եթե քո հարստության աղբյուրն անարդար մրցակցությունն է, քո հարստության աղբյուրը պետական պաշտոնն է, քաղաքական իշխանությունն է, որ դու տնօրինում ես, ապա դու երբեք չես կարող ինքնակամ փոխել խաղի կանոնները, միայն այն բանի համար, որ ուզում ես երկրի համար լավ լինի»:
Պարոն Սաֆարյանը չի կարծում, որ եկել է այն ժամանակը, որ կառավարության անդամները մտածեն, որ բավական է այն, ինչ արեցին եւ փոխեն իրենց քաղաքականությունը: Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե կանգնելու է բոլոր գործարարների կողքին` նա նշեց, որ բոլոր վարչապետներն էլ խոստանում են՝ «Նախկին վարչապետն էլ կթվորի կողքին էր կանգնում»:
Մկրտիչ Մինասյանը հորդորեց Ստեփան Սաֆարյանին լուրջ խոսել եւ ծիծաղի առարկա չդարձնել խոսակցությունը. «Հովիկ Աբրահամյանը հողի մարդ է, երկրի մարդ է, դա լա՞վ է, թե՞ վատ, ես չեմ հասկանում: Եթե մարդը ծանոթ է եւ հայտարարում է, որ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծի, գյուղացու խնդիրները լուծի, մարդկանց լսի, դա լա՞վ է, թե՞ վատ է»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ