Սահմանամերձ գյուղում նույն հարկ ու տուրքերն են, ինչ Երեւանում
«Մեզ մոտ ապրում են լավատես մարդիկ, դրա համար էլ կարողանում ենք ապրել սահմանում: Միակ բանը, ինչի կարիքն ունենք, խաղաղությունն է, որը ոչ մեկի ձեռքերում չէ: Մեր ժողովուրդը հավատով, պայքարող է, եւ քանի այս գյուղերի բնակիչները կան, սահմանը անառիկ է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիր աղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Նրա խոսքերով՝ նույնիսկ աղջիկները այստեղ հարս չեն գալիս, եթե գյուղից չեն:
Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի բնակիչները, ինչքան էլ իրենց խոսքով ասած, սովորել են թշնամու հսկողության տակ ապրել, այնուամենայնիվ, զգոնությունը երբեք չեն կորցնում: Այստեղ կան հստակ կանոններ, որոնք ըստ գյուղացիների՝ պետք է պահել՝ դաշտում աշխատելիս ուշադիր լինել, գիշերվա ժամերին լույսը չմիացնել կամ պատուհանները փակել մուգ կտորով, անգամ գիշերվա ժամերին փողոցում ծխելը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ:
Ինչքան էլ պատմում են, սահմանամերձ գյուղի կյանքը չես պատկերացնում՝ մինչեւ աչքովդ չես տեսնում եւ ականատես լինում կրակոցից պատսպարվող մարդկանց:
Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, կազմակերպել էր ուխտագնացություն Բերդ քաղաքի սահմանամերձ Այգեպար, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիր աղբյուր գյուղեր՝ հյուսիսարեւելյան զորամասերից մեկը, որտեղ շուրջ 140 հոգի՝ երիտասարդական խմբեր, լրագրողներ, Բագրատ եպիսկոպոս Գալստյանի եւ տեղի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի ուղեկցությամբ, 2 օր ապրելով գյուղացիների հետ՝ փորձեցին հնարավորինս ծանոթանալ սահմանում անվերջ կռիվ տվող գյուղացու հոգսերին:
Չինարի գյուղի բնակիչ, 14-ամյա Էրիկը պատմում է, որ վերջերս ավելի վախով են դրսում տղաներով խաղում կամ ծնողներին հողամասում աշխատելիս օգնում, քանի որ թշնամին ավելացրել է եւս մեկ հենակետ, որի նշանառության տակ է պահում գյուղի բնակիչներին: Էրիկը պատմում է, որ դպրոցում տագնապի ազդանշան լսելիս իջնում են ապահով տեղ. «Մենք արդեն գիտենք՝ ինչպես պաշտպանվել եւ չվախենալ թուրքի կրակոցից»:
Այգեպարի նախկին 180 աշակերտ ունեցող դպրոցում այժմ 52 աշակերտ է սովորում, որոնց մոտ հայրենասիրությունը այլ հարթության վրա է: Տեր Արամ քահանա Միրզոյանի խոսքերով՝ գյուղը այնքան ժամանակ է գյուղ, քանի դեռ ունի դպրոց եւ մանկապարտեզ. «Մեզ համար ոչ միայն կրթական հաստատություն է, այլեւ ռազմավարական նշանակություն ունեցող կարեւոր հենակետ՝ քանի կա դպրոցը, կա գյուղը»:
Նկատենք, որ այս գյուղերում դեռ այնպիսի օրենքներ, հարկեր ու տուրքեր են գործում, որոնք ավելի են դժվարացնում գյուղի կյանքը. սահմանամերձ գոտում գործող փոքրիկ խանութները նույն հարկերն են վճարում պետությանը, ինչ Երեւանի խանութները. «Գոնե հարկային արտոնություններ տրվեն սահմանամերձ գյուղի բնակիչներին, հարկերը նվազեցվեն կամ երեխաներին բուհերում ուսման հարցով աջակցեն»,- մեզ հետ զրույցում ասում է Մանվել Կամենդատյանը՝ ավելացնելով, որ ճիշտ է՝ այստեղ արտագաղթը համեմատաբար քիչ է, իսկ եթե կա էլ, ապա միայն այն պատճառով, որ հայրերը երեխաներին կրակոցների տակ չեն ուզում թողնել:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ