Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանի բարձր հարգի «ոսկին»

Մայիս 06,2014 14:12

«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի «Ելք երկրից» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն: Գրքի խմբագիր, բանաստեղծ Հակոբ Մովսեսը գրել է. «Ընթերցելով եւ վերընթերցելով այս գիրքը՝ ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ լավ բանաստեղծությունը քանակական բնութագիր չունի. պոեզիայի պատմության մեջ քիչ չեն 40-50 բանաստեղծություն թողած այն բանաստեղծները, որոնք մեկնաբանության եւ հիացմունքի 40-50 հատոր են ծնել: Օրինակ, Ֆրանսուա Վիյոն անունով խուլիգան հրեշտակը: Մի բան էլ. լավ բանաստեղծությունը չի հնանում կամ մոռացվում. Աղվան Վարդանյանի բանաստեղծությունների մեծ մասը, լա՛վ, եթե ուզում եք, որ Վիյոնի անունը տալուց հետո ես մեղմասացությամբ ասեմ՝ առնվազն մի քանիսը (բայց թեկուզ եւ մեկը) այն լավագույններից են, որոնց վրա դրված է հայերենի ոսկու ամենաբարձր հարգադրոշմը»:

Հեղինակ Աղվան Վարդանյանը գրքի վերջում ոչ թե ծանոթագրություններ, այլ բացատրագիր է զետեղել: «Ոչ թե ծանոթագրություններ, այլ բացատրագիր գրեցի, որ ավելի ընդգծեմ բանաստեղծություն բացատրելու անհեթեթությունը: Բայց այս գործերը 25-30 տարվա վաղեմություն ունեն եւ ուղղակի պարտադրում են որոշ բաներ պարզաբանել՝ տեղեկանքը, իրավիճակը, առնչությունները նշել: Շատ գործերի պարագայում դրա կարիքը չկա: Նաեւ-բայց՝ ես չեմ ընդունում ճշմարիտ բանաստեղծությունը բացատրության պետք չունի ձեւակերպումը: Գրվել է՝ ինչ գրվել է»,- նշել է նա: Նաեւ հավելել է, թե ստեղծագործությունների մեծ մասը հրապարակվել է գրական մամուլում: Նրա խոսքով, գրքում բազմաթիվ մետաֆորներ էպոսից են, ընդհանրապես «նա», «նրա», «քո» դերանունները ծննդավայր, երկիր, հայրենիք, երբեմն խառնվելով՝ մատնանշում են Աստված:

Ներկայացնում ենք «Դառնագիր» վերնագրով մի նմուշ «Ելք երկրից» ժողովածուում զետեղված «Չափածո դառը տեքստեր» բաժնից.
Պնակալեզ պատեհապաշտ, բոզի տղերք,
Անհայրենիք, անսրբություն, անաղուհաց,
Ոչինչ մաքուր չմնաց, որ չպղտորեք՝
Ձեր արածը հիմա պիտի գա ձեր դիմաց:
Գալու է՝ ձեր զավակների պատկերն առած,
Որ քշվելով՝ Ձեր ավերից խեղված ու բութ,
Անեծքով են օրհնելու ձեր սաղմը սառած,
Որ դռնեդուռ մուրալու են ներում ու գութ:
Մուրալու են՝ չեն գտնելու լույսի մի շերտ
(Դուք չեք թողել, իսկ նա ինքնին չի բազմանում),
Եվ ձեր որդիք ամեն անգամ երբ ձեզ հիշեն,
Ձեր աճյունը պղծվելու է գերեզմանում:
Հեղինակը գրել է, որ սղության պատճառով չի թվարկում, թե ում է ուղղված բանաստեղծությունը:

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031