Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ է պարտվում մանկավարժությունը

Մայիս 06,2014 14:09

Վերջերս մի դպրոցում տեղի ունեցավ աղմկահարույց իրադարձություն, երբ 6-րդ դասարանում հայտնվեց նոր տղա: Տղան իր տարիքի համեմատ շա՛տ առաջանցիկ երեխա է, կարդացած ու իր կարծիքը հարգող: Տղայի եւ իրենց տարբերությունն առաջինը տեսան եւ զգացին իր համադասարանցիները, որոնք սովոր էին իրենց դասարանի առաջնորդներին եւ համակեցության իրենց կանոններին: Երեխաների կողմից տղան չընդունվեց, նա տարբեր էր իրենցից: Այնուհետեւ դա զգացին նաեւ ուսուցիչները, եւ նույնպես վախեցան տղայի հասունությունից, որի տոնը սովորեցնող էր, այն անընդունելի է մանկավարժներիս մեծամասնության համար, չէ՞ որ ուսուցիչներս մեր մենաշնորհն ենք համարում սովորեցնելը:

Ի վերջո դասարանի ծնողները ի նշան բողոքի՝ կամ մեր երեխաները, կամ այդ տղան, իրենց երեխաներին տեղափոխեցին այլ դպրոցներ, դասարանը փակվեց, եւ այդ տղան էլ տեղափոխվեց նոր դպրոց:

Նման հարաբերություններ ցանկացած դպրոցում կան, դրանք անխուսափելի են եւ դրանք բարեհաջող ավարտ կստանան, այսինքն՝ առանց երեխաների անհատականությանը վնասելու կարելի է իրականացնել, եթե դպրոցում արմատացած լինի հանդուրժողականությունը, արդար մոտեցումը բոլոր երեխաների նկատմամբ, ներառականության գաղափարախոսությունն իրականացվի ըստ ամենայնի: Տվյալ դպրոցում, կարծում եմ, առնվազն թերի են ներդրված վերոնշյալ արժեքները, կրթությունը հիմնված չէ երեխաների քննադատական մտածողությունը զարգացնելու, երեխայի կարծիքի ու տեսակետի հետ հաշվի նստելու վրա, որից մանկավարժը նույնպես կարող է սովորել: Իսկական մանկավարժն անընդհատ սովորում է իր աշակերտներից, նրանց մտքի թռիչքն ու մտքի ազատությունը ուսուցիչներիս սովորեցնում է հասկանալ ու ճիշտ հարաբերվել իրենց հետ: Երբ մանկավարժը դադարում է սովորելուց, երբ ուսուցիչն ու տնօրենը դպրոցում երեխաների բազմությանը դիտում են ոչ թե անտառ՝ հարուստ իր բազմազանությամբ, այլ ուզում են այն լինի համահարթեցված գազոն, եւ նրանք մկրատը ձեռքներին ուզում են կտրել ցանկացած նոր արձակված շիվ, կարծիք, որը նրանց կարծիքով, խախտում է համահարթեցումը, այդտեղ պարտվում է մանկավարժությունը: Իմ խորին համոզմամբ՝ վերոնշյալ դպրոցում այդ դրվածքն է եղել՝ համահարթեցնել երեխաներին:
Իսպառ բացակայել է ներառական գաղափարախոսությունը՝ ընդունել յուրաքանչուր երեխայի այնպիսին, ինչպիսին կա: Եթե մեր մանկավարժները կարդացած լինեին Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» պատմվածքը, ապա կհասկանային, թե որքան կարեւոր է տեսնել երեխայի անհատականությունը, ով իր փոքրիկ թեւերով ուզում է կատարել շա՛տ բարձր թռիչքներ, ով ուզում է չենթարկվել Երամին եւ իր երամակիցներին ասել, որ «դուք միայն փոքր թռիչքներով կեր հայթայթելու եւ կերի կռիվ տալու համար չեք ծնվել, դուք կարող եք սովորել նաեւ հեռուն թռչել, ես ուզում եմ սովորել հեռու թռչել, չնայած նրան, որ այն հակառակ է Երամում ընդունված դրվածքին»: Մի՛ կոտրեք երեխաների թեւերը, նրանք կոչված են ավելի հեռուն թռչելու եւ հեռուները տեսնելու համար: Հենց սա՛ է ներառական կրթության գաղափարախոսության ողջ իմաստը, երբ արդարամիտ մթնոլորտում կազմակերպվում է յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքների վրա հիմնված կրթությունը, երբ դպրոցում մթնոլորտը հանդուրժող է եւ յուրաքանչյուր երեխա ընդունվում է այնպիսին, ինչպիսին` կա: Ինչո՞ւ եմ շեշտում արդարացի մթնոլորտի անհրաժեշտությունը, որովհետեւ հասակակից երեխաների միջեւ անհնար է բացառել կոնֆլիկտները, ընդհուպ` իրար ծեծելը: Անպայման պետք է պարզել կոնֆլիկտի պատճառն ու փորձել հասկանալի լեզվով բացահայտել կոնֆլիկտի կողմերում կանգնած երեխաներին, թե ով ինչ սխալ է թույլ տվել: Պատժի տարբեր ձեւեր կան, պարտադիր չէ ծեծելով պատժել, սակայն մեղավորը պետք է պատժվի, իսկ երբ մենք արդարացիորե՛ն չենք պատժում երեխաներին եւ նրանք, հատկապես մեր իրականության մեջ տեսնում են, թե ինչպես է անպատժելիության մթնոլորտը բզկտում մեր հասարակությունը, նույն օրենքներով էլ իրենք են փորձում առաջնորդվել, հատկապես, երբ դա հովանավորվում է այն ծնողների կողմից, ովքեր յուրացրել եւ իրենց կյանքում առաջնորդվում են այդ համոզմունքով: Ա՜յ այս մթնոլորտն է անթույլատրելի, հակամանկավարժական, երբ մեկին թույլ է տրվում որեւէ արարք, իսկ մյուսը նույն արարքի համար պատժվում է:

Հանդուրժողականության պակասն է ծնում նման անախորժություններ ոչ միայն դպրոցում, այլեւ հետագայում հասարակական տարբեր հարաբերություններում, եւ մենք` մանկավարժներս, այս ուղղությամբ պետք է հսկայական ջանքեր ներդնենք, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մենք ինքներս հանդուրժող լինենք, չպիտակավորենք երեխաներին, նրանց ծնողներին, զերծ մնանք այն մտքից, թե մենք ենք նրանց գիտելիքի միակ աղբյուրը եւ հատուկ վերաբերմունք պահանջենք դրա համար: Եթե մենք սիրում ենք մեր աշակերտներին, սիրով ենք անում մեր գործը, ապա նրանք դառնում են երախտապարտ, շնորհակալ քաղաքացիներ, ու մենք էլ իրավացիորեն հպարտանում ենք իրենցով:

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ

Կրթության ոլորտի փորձագետ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արև Վրացյան says:

    Ո՜վ ժամանկներ,ո՜վ բարքեր…

  2. Տիկին Բաշխյանի խոսքի սկզբում հիշատակված տղայի` Հարություն Ղազարյանի ուսումնական բլոգն է https://haroutghazaryan.wordpress.com/author/haroutghazaryan/: Կարծում եմ` հետաքրքիր կլինի ծանոթանալը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031