«Աշխարհում չկա այնպիսի կառավարություն, որ ամեն ինչ անում է իդեալական: Բայց հասարակությունը տվել է մեծամասնությանը վստահության քվե, եւ թույլ տվեք մեծամասնությունը որոշի ինչպես եւ ինչպիսի ծրագրով իրականացնել: Քաղաքագիտության մեջ դա մեծամասնության իրավունքն է»,– Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով խորհրդարանի աշխատանքներին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Այսօր որեւէ մեկը չի կարող ասել, որ պառլամենտն իր լիազորությունները չի կատարում: Լավագույնս է կատարում, որովհետեւ բոլոր քաղաքական բանավեճերը տեղափոխվել են այստեղ: Շատ դեպքերում ես չեմ կիսում այդ հանրահավաքների գաղափարը: Ոչ թե ես հանրահավաքներին եմ դեմ, այլ միգուցե, երբ որ կար արտախորհրդարանական ընդդիմություն, դրա կարիքը կար, որովհետեւ մարդիկ չունեին հարթակ, խմբակցություն, որպեսզի ներկայացնեին իրենց քաղաքական տեսակետը: Այսօր ԱԺ ղեկավարությունը եւ քաղաքական մեծամասնությունը ասում է՝ մենք պատրաստ ենք: Մենք ապացուցում ենք, որ գործում ենք ժողովրդավարության ոսկե կանոնով՝ ժողովրդավարությունը մեծամասնության իշխանությունն է, որը հաշվի է նստում ընդդիմության առաջարկների հետ»:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ երկրում շատ խնդիրներ կան, որոնք իշխանությանը մտահոգում են. «Մեզ մտահոգում են տնտեսական զարգացման ոչ արագ տեմպերը, սոցիալական իրավիճակը, որ մեր հասարակության մեջ դեռեւս կան աղքատներ: Եվ այդ աղքատների քանակը քիչ չէ: Որոշ դեպքերում կոռուպցիոն երեւույթները, որոշ դեպքերում՝ արդարադատության հետ կապված խնդիրներ, որոշ դեպքերում նաեւ այն մարդկանց պահվածքը, որոնք ամեն ինչ տեսնում են միայն սեւ ակնոցներով: Իհարկե, կա մտահոգության առարկա: Եթե մենք ասենք, որ մենք երջանիկ ենք, եւ Հայաստանում որեւէ խնդիր չկա, ես կնմանվեմ կրկեսում աշխատող ծաղրածուի: Իհարկե, այդպես չէ: Իհարկե, մեր բոլորիս խնդիրն է, որպեսզի օր առաջ լուծվեն մեր հասարակության առջեւ ծառացած խնդիրները: Բայց դրա դեղամիջոցը ռադիկալ քայլերը չեն: Դրա դեղամիջոցը բարձրաձայն ռադիկալ հայտարարություններ անելը չէ: Դրա դեղամիջոցը այլընտրանքային ծրագիրն է, քո պատասխանատվության պարտաճանաչ կրումը»:
Կարդացեք նաև
Մինչ վարչապետի հրաժարականը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը սպառնացել էր, որ տասնյակ հազարավոր մարդկանց դուրս կբերեն փողոց եւ այդպես իշխանությանը կստիպեն կառավարության հրաժարականը: Նա ասել էր, որ եթե իշխանությունն իրենց ասածներից հետեւություն չանի, չի խուսափի ցնցումներից ու բարիկադներից:
Խոսելով ընդդիմության՝ ժամանակ առ ժամանակ իշխանության հասցեին հնչող այս եւ նման սպառնալիքների մասին՝ պարոն Շարմազանովն ասաց. «Մի բան կարող եմ ասել՝ մենք բոլորս նույն նավի անդամներ ենք: Հայոց 23 տարվա պատմությունը մի բան է ապացուցել, որ բարձր գոռալով, ինչպես նաեւ լռելով, իրար վրա քար նետելով՝ խնդիրներ չեն լուծվում: Խնդիրները լուծվում են կլոր սեղանի շուրջ՝ երկխոսության միջոցով, այլընտրանքային ծրագրերի միջոցով: Այդ իմաստով ռադիկալ քայլերը արդարացված չեն որեւէ երկրում: Եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, կարծում եմ, մեր հասարակությանը պետք է ուժեղ Հայաստան: Իսկ այդ ուժեղ Հայաստանը պետք է գնա էվոլյուցիոն նորմալ ճանապարհով: Կա դասագրքային ճշմարտություն՝ կառավարություն փոխելը, ընտրություններ անցկացնելը դա ոչ կապրիզ է, ոչ էլ պատվիրովի համերգ: Մեծամասնությունն ունի իր օրակարգը: Այնպես չի, որ ականջալուր չի, այնպես չի, որ մեծամասնությունը չի տեսնում: Մեծամասնությունն ամեն ինչին ուշադիր հետեւում է, բայց չի տանում ամեն ինչ զգացմունքային դաշտ: Երբ դու մեծամասնություն ես, ունես պատասխանատվություն եւ քո յուրաքանչյուր քայլի համար պետք է կրես պատասխանատվություն: Ընդդիմությունն այսօր կասի՝ բարիկադ ենք անում, վաղը կասի՝ գնում ենք երկխոսության, մեկ ուրիշ օր կասի՝ կառավարությանը հանեք, սրան բերեք, սա վատ է: Ինքը կաշկանդված չի: Կասի՝ էս ի՞նչ վատ կառավարություն է, երբ որ ես լինեմ, ես թոշակը ոչ թե 5000-ով կբարձրացնեմ, այլ՝ 15 հազարով: Ընդդիմության բառամթերքում կարող են լինել նաեւ նման զգացմունքային բառեր, եւ իրենք օգտվեն նաեւ նման բառամթերքից, որովհետեւ ընդդիմության հիմնական գործիքը խոսքն է, շատ դեպքերում նաեւ ժողովրդահաճո խոսքը: Նրանք եթե այդ խոսքից չօգտվեն, 2017-ի ընտրությունների ժամանակ կունենան պրոբլեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ի~նչ լավ է տվել սեփական կերպարի բնութագիրը. ես երկու ձեռքով կողմ եմ, քանզի գողացած քվեները հաջորդ օրվանից դառնում են ,,վստահության,, քվե, շնչահեղձ ու կիսադատարկ Հայաստանը համարվում է ,,ուժեղ,, Հայաստան, մատնացույց է արվում կոռուպցիան և ցածր կենսաթոշակները,որի պատճառը իր կուսակից քրեածին քավորն է…
Այսքանից հետո կասկածում է ? որ կրկեսի ծաղրածու է և աճպարար…