ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան էր դիմել 2-րդ կարգի հաշմանդամ Ռաֆայել Նալբանդյանը:
Նրա բողոքն ուղղված է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա մարտի 4-ի վճռի դեմ:
Վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է մայիսի 15-ին, նախագահող դատավորն է Աստղիկ Խառատյանը:
Քաղաքացին 2007թ. հայցվորներ Գասպարյանների հետ կնքել է «Փոխառության պայմանագիր»:
Ինչպես հոգեկան խնդիրներ ունեցող Ռ.Նալբանդյանի հարազատներից մեկն է ասում, այդ պայմանագիրը կնքվել էր, որպեսզի բողոքաբերի զավակներին վթարի ենթարկած վարորդից գումար պահանջելու հիմք հանդիսանար, կատարված բժշկական ծախսերը հիմնավորված լինեին: Իրականում փոխառության պայմանագրի դիմաց Գասպարյանները որեւէ գումար չեն տվել եւ Նալբանդյանը որեւէ գումար չի ստացել:
Կարդացեք նաև
Նշված պայմանագրի ձեւական բնույթի մասին տեղեկացված է եղել հայցվոր Գասպարյանի կինը: Ի դեպ, երեխաների կորստից հետո Ռ.Նալբանդյանի հոգեկան վիճակն էլ կտրուկ վատացել էր:
Անցյալ տարի հայցվոր Գասպարյանները՝ որդին, կինը, դիմել են դատարան՝ Ռ.Նալբանդյանից պահանջելով 9 միլիոն դրամ գումար, որն իբր «Փոխառության պայմանագրի» համաձայն տվել էին Նալբանդյանին:
Դատարանը, որքան էլ որ զարմանալի է, բավարարել է հայցվորների պահանջը:
Սա այն դեպքում, երբ Ռ.Նալբանդյանը դատարան է ներկայացրել իր զավակների ավտովթարի գործով դատավճիռը, ուր պատճառաբանական մասում ակնարկվում է գումարի անհավանական լինելու մասին, երբ պատասխանող Նալբանդյանը չի ունեցել դատարանում իր ներկայացուցիչը, սա այն դեպքում, երբ հիվանդության երկրորդ կարգ ունեցող թոշակառուն իրավական գիտելիքներ չի ունեցել, եւ բնականաբար, դատարան չի ներկայացրել իր այն ապացույցները, որոնք կարող էին էական նշանակություն ունենալ գործի ելքի համար: Բացի դա, Նալբանդյանը խնդրել է, որ դատարան կանչվի հայցվորի կինը՝ որպես վկա, սակայն դատարանը մերժել է այդ միջնորդությունը:
«Իմ միջնորդության բավարարման արդյունքում դատարանը հարցաքննելով հանգուցյալ Գասպարյանի կնոջը՝ կարող էր անվերապահորեն ստանալ ստույգ տեղեկատվություն այն մասին, թե երբ է մեր միջեւ կնքվել փոխառության պայմանագիրը, ինչ նպատակով, ինչ պայմաններում, ինչը դատարանը չի արել եւ այդպիսով ազդել է գործի ելքի վրա»,-իր վերաքննիչ բողոքում գրել է Ռ.Նալբանդյանը:
Մինչդեռ, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի համաձայն, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների եւ առարկությունների հիման վրա:
Բացի այդ, ձեւական «փոխառության» պայմանագիրը կնքվել էր 2007թ.-ին:
Մինչ անցյալ տարի, հայցվոր կողմը 9 միլիոն ստանալու պահանջ չի էլ ունեցել, սա այն դեպքում, երբ հայցվոր կողմն աշխատում է օրավարձով, եւ գումարի կարիք պիտի լիներ մինչ այդ էլ:
Դատարանը հայցային վաղեմություն էլ չի կիրառել, որի ընդհանուր ժամկետը, ինչպես հայտնի է, 3 տարի է:
Տվյալ հայցը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 3 տարի ուշացումով:
«Հայցվորներից մեկը, ում հետ կնքվել էր կեղծ պայմանագիրը, մահացել է 2012թ.-ին: Կենդանության օրոք ոչ հայցվորը, ոչ նրա հարազատները գումարի վերադարձման պահանջ չեն ներկայացրել: Ինչը փաստում է այն մասին, որ հանգուցյալ Գասպարյանը՝ հայրը, նման մտադրություն չի ունեցել, պահանջ ներկայացնել մի գործարքի համար, որն ի սկզբանե կեղծ է եղել»,-գրում է բողոքաբեր Ռ. Նալբանդյանը:
Մեկ այլ հանգամանքի վրա էլ ուշադրություն չի դարձրել առաջին ատյանի դատարանը. Նալբանդյանը հայցվորի ներկայացուցչի մասնակցությամբ դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ իր զավակների վթարի գործով քաղհայցի մերժումից հետո Գասպարյանն իր աչքի առաջ ոչնչացրել է փոխառության պայմանագիրը, որպես ապացույց այն բանի, որ այլեւս գումար չի պահանջվի, հետագայում որեւէ խնդիր չի ծագի, հակառակ դեպքում՝ հայցվորների ներկայացուցիչն այդ պայմանագիրը, ոչ թե դրա օրինակը կներկայացներ դատարան:
Բողոքաբեր կողմը վերաքննիչ դատարանից ակնկալում է, որ կբեկանվի առաջին ատյանի վճիռը, եւ հայցը կմերժվի ամբողջությամբ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ