Կկարողանա՞ Ուկրաինան վերականգնվել` այս հարցի պատասխանը, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ, այսօր ոչ ոք տալ չի կարող: Այդ մասին այսօր քաղաքագետն իր մտահոգությունները բարձրաձայնեց «Տեսակետ» մամուլի ակումբում: Ըստ նրա՝ այսօրվա Ուկրաինան հիշեցնում է 1993-94 թվականների Վրաստանը՝ պետությունը գտնվում է վերահսկողությունը կորցնելու, մասնատվելու վտանգի առաջ. «Վրաստանից վերականգնվելոը համար պահանջվեց ավելի քան մեկ տասնամյակ, և ես այն զգացումը չունեմ, որ Ուկրաինան՝ որպես պետություն, իր բոլոր ֆունկցիաները կկարողանա վերականգնել առաջիկա ամիսներին: Իսկ Ուկրաինան կարևոր պետություն է ամբողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ Հարավային Կովկասի համար»:
Բայց որ Ռուսաստանի դերը այս ամենից հետո կլինի այնպիսին, ինչպիսին չի եղել մինչ ուկրաինական զարգացումները, քաղաքագետը վստահ է: «ՌԴ-ն արդեն փոխվել է, փոխվել է արևմտա-ռուսական հարաբերությունների ֆորմատը, նաև ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների ֆորմատը, և դրա առաջին ազդակը սեպտեմբերի 3-ի հայտարարությունն էր»,- ասաց նա` հավելելով, որ այս ամենով կարելի է վերջակետ դնել նաև հետխորհրդային պատմությանը, քանի որ հետխորհրդային տարածքը դադարում է այդպիսին լինել և դառնում է բոլորովին այլ տարածք. Ղրիմի միանալը Ռուսաստանին, Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող զարգացումները նոր կանոններ են թելադրում, որոնք նաև կարևոր են մեր տարածաշրջանի` Հայաստանի համար:
Անդրադառնալով Ուկրաինայում սպասվելիք նախագահական ընտրություններին՝ քաղաքագետն ասաց, որ ՌԴ-ն իրականում այնքան էլ չի ողջունում դրանց անցկացումը, քանի որ ակնհայտ է, թե ով կհաղթանակի դրանց արդյունքում. «Այն, որ ընտրությունները կկայանան սարսափելի պայմաններում, ակնհայտ է, կլինեն տարածաշրջաններ, որտեղ ընտրությունները կկայանան կիսով չափ, կամ էլ ընդհանրապես այդ տարածաշրջաններում դժվար կլինի պատկերացնել ընտրական գործընթացի անցկացումը: Օրինակ` Լուգանսկն ու Դոնեցկը շուրջ 4 մլն ընտրող ունեն, այնպես որ՝ հասկանալի է, որ սա լուրջ թիվ է Ուկրաինայի համար, դժվարություններ կլինեն նաև այլ շրջաններում… սովորաբար իշխանափոխությունից, նման զարգացումներից հետո ընտրություններ են անցկացնում, որպեսզի լեգիտիմացնեն նոր իշխանությունը: Բայց Ուկրաինայի պարագայում ես կասկածում եմ, որ դա կհաջողվի… իհարկե, արևմուտքը ընտրությունների արդյունքները անշուշտ կճանաչի, իսկ ՌԴ-ն, բնական է, չի ճանաչի: Բայց կայունացում այս ընտրությունները իրենց հետ չեն բերի»:
Ալեքսանդր Իսկանդարյանը նաև նշեց, որ ընտրությունների առումով շատ կարևոր դեր կխաղան այն զարգացումները, որոնք կլինեն երկրում մինչ մայիսի 25-ը` արդյոք կլինի՞ օդեսյան դեպքերի կրկնություն, կլինե՞ն սպանվածներ, թե ոչ և այլն: Ամեն դեպքում հստակ է մեկ բան, որ իրավիճակը գնալով ավելի է թեժանում, ինչի ապացույցն այն է, որ Սլավյանսկում, օրինակ, արդեն տանկեր կան. «Իսկ սա արդեն իրական բանակ է, որը գրոհում է քաղաքը: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա մինչև մայիսի 25-ը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ