Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ քաղտեխնոլոգի՝ Հրանտ Բագրատյանի քայլը ռոմանտիկ էր

Մայիս 06,2014 13:29

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը ուզում է հավատալ, որ նոր կառավարությունն ավելի պրագմատիկ է,  քան՝ նախորդը:

«Գործ անելու առումով ավելի ոտքերը գետնին կպած, իրականությանը ավելի մոտ են: Այս կառավարությունն ավելի իրական է այն համակարգին, որը գործում է Հայաստանում վերջին քսան տարում»,- այսօր «Անալիտիկ» ակումբում ասաց Կարեն Քոչարյանը:

Իսկ Հովիկ Աբրահամյանին էլ համարեց գործող համակարգի համար ամենաներդաշնակ վարչապետի թեկնածուն:

Անդրադառնալով նորանշանակ որոշ նախարարների նշանակումներին ու հայտարարություններին, թե Ռոբերտ Քոչարյանի մարդիկ են իշխանության գալիս՝ ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ Ռոբերտ Քոչարյանի մարդիկ են, այդ մարդիկ վերջին վեց տարում անգործ չեն եղել, եղել են իշխանության, կառավարության ներկայացուցիչներ, հանրապետականներ, ՀՀԿ-ն, չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանինն է»:

ՕԵԿ-ի գործելաոճի մասին նա ընդհանրապես չցանկացավ խոսել՝ ասելով, թե «մեռածների մասին կամ լավը կամ ոչինչ».«Ես գերադասում եմ լռել քաղաքական դիակի մասին»:

Ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի միավորումն էլ նա համարեց Արեւմուտքի լոբբինգի արդյունք. «100 %-ով գիտեմ՝ ՊԵԿ-ի ու Ֆինանսների նախարարության միացման լոբբինգը արել են Համաշխարհային բանկն ու IREF-ը, որովհետեւ աշխարհում ընդունված մոդելներից է, որ ծախսող ու հավաքող կառուցվածքները նույն կտուրի տակ լինեն: Մամուլում էլ լուրեր են պտտվում, թե Համաշխարհային բանկը միացումից դժգոհ է: Հիմա ինչի՞ց են բողոքում»:

Վերջում էլ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված  Հրանտ Բագրատյանի քայլը մեկնաբանեց՝ այն համարելով քաղաքական ռոմանտիզմ. «Առաջադրվեց, լավ արեց, բայց իմ կարծիքով դրանով մթնոլորտ չեն կոտրում, մի բան է, երբ անհատն է ռոմանտիկ, մի այլ բան է, երբ ռոմանտիզմով սկսում է տառապել մի ամբողջ քաղաքական ուժ, ախր ինչի՞ համար առաջադրվեն, եթե շանս չունեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031