Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրանը» ռեկորդային թվով հայտեր է ստացել

Մայիս 06,2014 13:26

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ, Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությունը հուլիսի 13-20-ը կանցկացնի «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը: Այս մասին այսօր մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսում հայտնեցին փառատոնի կազմակերպիչները:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր խոսքում նշեց, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը բազմաբովանդակ խնդիրներ է լուծում, մեծարում համաշխարհային կինոյի վարպետներին ու ներկայացնում կինոյի լավագույն նմուշներ: «Ոսկե ծիրանը» միայն կինոփառատոն չէ, մեր քաղաքն է, մեր առօրյան, մեր կյանքը»,-ասաց նախարարը:
11-րդ «Ոսկե ծիրանը» նվիրվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին: Փառատոնի շրջանակում կկայանա ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն, իսկ «Մոսկվա» կինոթատրոնում կբացվի լուսանկարչական ցուցահանդես:

voske-ciran2

«Ոսկե ծիրանն» այս տարի ստացել է ավելի քան 1500 հայտ՝ 101 երկրից:
Այս տարի եւս կինոցուցադրությունները կուղեկցվեն հանրահայտ ռեժիսորների հետ հանդիպումներով, նախատեսված են նաեւ վարպետաց դասեր: Փառատոների օրերին կանցկացվեն նաեւ ավանդական դարձած «Ռեժիսորներ առանց սահմանների» եւ «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ» համատեղ արտադրության ֆորում դասընթացները:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով. «Ամեն տարի ամռանը փառատոնի օրերին Երեւանը դառնում է քաղաքակրթությունների խաչմերուկ, մեր փառատոնը կարողանում է Հայաստանի անունը բարձրացնել ու ճանաչելի դարձնել աշխարհին…Պետք է շարունակենք թեւեր տալ, որ մեր փառատոնը նոր բարձունքների հասնի»:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց իր ձեւակերպմամբ երկու սյուներին՝ մշակույթի նախարարությանը եւ մասնավոր օգնության առաջամարտիկ «Վիվա Սել-ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Ապա հավելեց. «Հույս ունեմ առաջիկա տասը տարին էլ միասին կաշխատենք»: Խոսելով ստացվող բազմաթիվ հայտերի մասին, պարոն Խաչատրյանը ժպտալով նշեց. «Թվում է՝ ամեն տարի հնարավոր չէ, որ նոր հայտեր ավելանան, սակայն դրանց թիվը գնալով աճում է: Կարծում եմ՝ տուրիզմը խթանելու համար էլ մեզ պետք է խրախուսեն: Սփյուռքահայերի մեծամասնությունը Հայաստան է գալիս հուլիսին, որ ֆիլմեր նայի, որովհետեւ Արցախ արդեն գնացել են, Գառնի, Գեղարդ նույնպես ու գալիս են Հայաստան, որ «Ոսկե ծիրանի» ֆիլմերը նայեն: Իսկ ընդհանրապես, նպատակ ունենք, որ հայկական կինոն դուրս գա եւ պատմի Հայաստանի մասին»:

«Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն ասաց, որ փառատոնի ծրագրերը նույնն են՝ չորս մրցութային ծրագիր, ինչպես նաեւ արտամրցութայինները: «Անգամ ամենաէկզոտիկ երկրներից են հայտեր ներկայացվել: Ամենաշատ ֆիլմեր եկել են Գերմանիայից ու Ռուսաստանից, հետո հաջորդում են Իտալիան, Ֆրանսիան, Իրանը եւ Հայաստանը»,-փաստեց նա:

«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը հայտնեց, որ դեռ շարունակում են ֆիլմեր գալ: Նրա խոսքերով. «Աշխարհի հարյուր եւ ավելի երկրում, որտեղ կինո են նկարում, փաստորեն գիտեն «Ոսկե ծիրանի» մասին ու ֆիլմեր են ուղարկում: Այսինքն, մենք կինոքարտեզի վրա ենք հաստատվել եւ հստակ նայում ենք աշխարհին»: Հարություն Խաչատրյանն էլ հայտնեց. «Ռեժիսուրայի այնպիսի աստղեր են գալու, որ եւ կինոյի մարդիկ, եւ մշակույթով հետաքրքրվածները պետք է գոհ լինեին: Շատ լավ կլիներ, որ շատ պրոյեկտներ պաշտպանվեին միջազգային ժյուրիի մոտ: Կունենանք վարպետության դասեր եւ մեծերի, եւ պատանիների համար»:

Միքայել Ստամբոլցյանը, պատասխանելով հարցին, թե որն է լինելու «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմը, ասաց. «Մի մասը գտնում է, որ պետք է Փարաջանովի վերականգնված «Նռան գույնը» ցուցադրել, մյուսները կարծում են, որ փառատոնը կարելի է բացել Փարաջանովի ավելի քիչ հայտնի ֆիլմերով»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031