Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյանը թերահավատ է, որ այն մարդը, ով շահում է ներկայիս խաղի կանոններից, կփոխի այդ կանոնները

Մայիս 06,2014 13:21

«Նոր կառավարությունը ձեւավորվել է, եւ եթե այլ նշանակումներ լինեին, միգուցե բոլորս կասեինք՝ սպասենք հարյուր օր, սպասենք կես տարի՝ հասկանալու համար, թե ի՞նչ կարող է անել կառավարությունը»,- այսօր՝ մայիսի 6-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքերով՝ կառավարությունում այնպիսի մարդիկ են, որոնց նախկինում տեսել ենք կրկին բարձր պաշտոններում, եւ այդ պատճառով նա չի կարծում, որ այս նոր կառավարությունը կարողանալու է լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են տնտեսական աճի ապահովումը, ներդրումների աճը եւ այլ բարեփոխումների շարունակական ապահովումը. «Տնտեսական աճի համար երկրում պահանջվում է ազատ շուկայական տնտեսություն, ազատ մրցակցություն, մինչդեռ նշանակված նախարարներից շատերը հայտնի գործարարներ են եւ որոշ դեպքերում, կարելի է ասել, շուկայում ունեն բացառիկ մենաշնորհներ, օրինակ՝ Գագիկ Խաչատրյանը: Ես թերահավատ եմ, որ այն մարդը, ով շահում է ներկայիս խաղի կանոններից, կփոխի խաղի կանոնները»:

Անդրադառնալով բարեփոխումներին՝ պարոն Սաֆարյանը նշեց, որ չի կարող սպասել բարեփոխումներ մի թիմից, որը նախկինում նույնպես պաշտոնավարել է եւ արդեն հասարակությունը տեսել է նրանց կատարած բարեփոխումները. «Օրինակ՝ Դավիթ Հարությունյանը տարիներ շարունակ եղել է Արդարադատության նախարար, թերեւս իրեն պետք է վերագրել Հայաստանի արդարադատության բարեփոխումները, իսկ թե ինչպիսի՞ արդարադատության համակարգ մենք ունենք, կարծում եմ, չափազանց պարզ է»:
ՀՀԿ ներկայացուցիչ Մկրտիչ Մինասյանը հայտարարեց, որ Ստեփան Սաֆարյանը հաջողված օրինակ չբերեց, քանի որ ինքը Դավիթ Հարությունյանին տաղանդավոր մարդ է համարում. «Այսօր նրա աշխատանքը կառավարությունում՝ որպես աշխատակազմի ղեկավար, կարծում եմ, իր տաղանդն, իր շնորհքը, իր գիտելիքները ընդգծում է: Ասեմ ավելին՝ նրա հանդուրժողականությունը պետք է գալու մեր կառավարության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031