Վրացագետ Ալիկ Էլոյանցը վստահեցնում է այսօր Վրաստանում նախատեսված Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի նախագահների եռակողմ հանդիպումը նոր փոփոխություններ չի բերի Հայաստանի համար:
Այսօր «Անալիտիկ» ակումբում պարոն Էլոյանցն ասաց, որ Սահակաշվիլու շնորհիվ թուրք-ադրբեջանա-վրացական հարաբերությունները վերջին տարիներին բարձր մակարդակի են հասցվել.« Թեեւ այդ ամենը հիմնված է տնտեսական ու էներգետիկ խնդիրների լուծման համատեքստում, քանի որ Վրաստանը դեռ չի վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ այդ է պատճառը, որ տնտեսական ակտիվ համագործակցությունը փորձում են է’լ ավելի բարձր մակարդակի հասցնել»:
Ըստ նրա, Իվանիշվիլին իշխանության գալով, փորձեց բալանսի բերել տարածաշրջանում իր հարաբերությունները բոլոր հարեւանների հետ. «Բազմաթիվ երկկողմ հանդիպումներ տեղի ունեցան նախագահների մակարդակով, այնպես չէ, որ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ են ուզում հարաբերությունները սերտացնել, նույնը Հայաստանի հետ է փորձում, բայց ներկա փուլում Վրաստանը դեռ շարունակում է կախվածության մեջ մնալ Ադրբեջանից ու Թուրքիայից, եւ այդ համագործակցությունը բխում է Վրաստանի շահերից»:
Վրացագետի դիտարկմամբ, հաջորդ ամիս Վրաստանի կողմից ասոցացման պայմանագրի նախաստորագրումը մեծ անդրադարձ չի ունենա հայ-վրացական հարաբերությունների վրա. «Թե ինչպես կհամագործակցեն Վրաստանն ու Հայաստանը, դեռ վաղ է ասել, բայց չի կարելի բացառել, որ որոշակի խնդիրներ կլինեն, որովհետեւ լիովին տարբեր միության ու պայմանագրի անդամներ են դառնում. Հայաստանը՝ Մաքսային միության, Վրաստանը՝ Եվրոպական միության: Հակասող որոշակի դրույթներ այդ փաստաթղթերում կլինեն, բայց դրանից լուրջ վնաս Վրաստանի կամ Հայաստանի տնտեսության վրա կամ հայ-վրացական հարաբերությունների վրա չի լինի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ