«Իրատես de facto»-ի հյուրն է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը
– Տիկին Հակոբյան, Դուք վերստին ստանձնեցիք սփյուռքի նախարարի պաշտոնը։ ՀՀԿ-ում հատուկ վերաբերմո՞ւնք կա իրենց «հին» կադրերի հանդեպ, թե՞ վերանշանակումն այլ գործոնով է պայմանավորված։
– Ես ինձ «հին» կամ «նոր» կադր չեմ համարում։ Ես աշխատող մարդ եմ, իսկ աշխատանքը գնահատվում է։ Մանավանդ որ նախարարությունը նորաստեղծ է, ծրագրեր ենք սկսել, որոնք պետք է ավարտին հասցնել։ Չպեւոք է մեխանիկորեն խոսել փոփոխության մասին, այլ պետք է քննարկել, թե տվյալ պաշտոնյան իր տեղում որքան աշխատանք է կատարել, ինչ ձեռքբերումներ ունի, որոշակի առաջընթաց գրանցե՞լ է համակարգում, թե՞ ձախողվել է։ Կարծում եմ, կառավարությունում նոր նշանակվածների և արդեն փորձառու նախարարների համատեղումը կարող է աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել։ Ամեն ինչ ջնջել և սկսել զրոյից անընդունելի է։ Մեր երկիրը բոլոր ոլորտներում շարունակականություն պիտի ապահովի։
– Ասում են՝ նոր կառավարությունում այսինչ նախարարը Տիգրան Սարգսյանի կադրն է, մյուսը՝ Հովիկ Աբրահամյանի, երրորդը՝ Ռոբերտ Քոչարյանի և այլն։ Դուք Ձեզ ո՞ւմ կադրն եք համարում։
Կարդացեք նաև
– Ես Հրանուշ Հակոբյանն եմ, ով իր ողջ քաղաքական, մասնագիտական ճանապարհը հարթել է աշխատանքի շնորհիվ։ Առանց անհամեստության կարող եմ նշել, որ ունեմ կառավարման աշխատանքի մեծ փորձ, գիտելիքներ, ինչի համար ինձ գնահատել են։ Քսաներկու տարի ինձ գնահատել է ժողովուրդը, հավատալով ու վստահելով, մրցակցային ընտրության պայմաններում ինձ վեց անգամ անընդմեջ ընտրել է պատգամավոր։ 2008 թ. վերջին հանրապետության նախագահն ինձ վստահել է ամենածանր բնագավառներից մեկը, որտեղ զրոյից պետք էր ստեղծել պետական կառավարման մարմին՝ սփյուռքի նախարարություն։ Նախարարությունը պիտի կարողանար սփյուռքում աշխատանքներ կազմակերպել, վստահություն և հավատ ներշնչել սփյուռքյան կառույցներին, համահայկական կազմակերպություններին։ Անցնող տարիներին, սփյուռքի հետ աշխատանքը կազմակերպելիս, համագործակցության մնայուն կառուցակարգեր ստեղծվեցին։ Մեր բոլոր ծրագրերը կայացել են, սփյուռքը մշտապես համագործակցել է մեզ հետ, հենց դա հաշվի առնելով է, որ վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահն ինձ վերանշանակել է։
Ուզում եմ ավելացնել նաև, որ ցանկացած ձեռնարկ իրականանում է, եթե սփյուռքն ու Հայաստանը երկուստեք համաձայնության են գալիս։ Եթե սփյուռքը մեզ չվստահեր, չաշխատեր մեզ հետ, մեր ծրագրերը չէին իրականանա։ Մեր նախարարության առանձնահատկությունն այն է, որ մենք գործ ունենք ոչ թե հայաստանյան կառույցների հետ, որ նրանց հավաքենք և ծրագրեր իրականացնենք, այլ սփյուռքի կառույցների։ Եվ եթե մեր հայրենակիցները չգան, չմասնակցեն մեր առաջարկած ծրագրերին, ոչինչ չի ստացվի։ Իսկ այսօր վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե առաջին մեկ-երկու տարում յուրաքանչյուր ծրագրին մասնակցում էր 100-200, ապա այսօր 1000-1500 հոգի։ Եթե սկզբնական շրջանում մասնակցում էին 5-6, այսօր 30-40 երկրում ապրող մեր հայրենակիցներն են մասնակցում, եթե սկզբում մասնակցում էին մեկ տասնյակ կազմակերպություններ, այսօր հազարավորներն են մեզ հետ կապի մեջ։ Ես շնորհակալ եմ սփյուռքյան մեր բոլոր կառույցներին իրենց հայրենանվեր գործունեության համար:
– Նախկին և ներկա վարչապետների գործելաոճում տարբերություններ արդեն նկատո՞ւմ եք։
– Երբ կառավարության ծրագիրը հաստատվի, այն ժամանակ կտեսնենք, թե ինչպիսի տարբերություններ կլինեն։ Պարոն Աբրահամյանն արդեն հայտարարել է, որ կառավարության ծրագիրն ավելի կոնկրետ կլինի, որպեսզի նաև չափելի լինի և իրականանալի:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում