Սամվել Շարբաթյանի գործի դատական քննությունը չորս փուլերից այժմ դատաքննության փուլում է: Նկատենք, որ ինչպես մեղադրյալներ Սամվել Դիլոյանի եւ Արեն Վերանյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Հակոբյանն է ընդգծում, չնայած ԶԼՄ-ներում այս գործի առնչությամբ նշվում է սպանություն բառը, բայց սույն դատական քննությունը ոչ թե սպանության, այլ մահվան դեպքի վերաբերյալ է, որովհետեւ սպանությունը դիտավորյալ, ապօրինաբար կյանքից զրկելու հանցակազմ է ենթադրում, իսկ տվյալ դեպքում նման հանցակազմ առկա չէ, հետեւաբար՝ Շարբաթյանի մահը սպանության հետեւանք չէ:
Սույն գործով արդեն ավարտված է վկաների հարցաքննությունը, հրապարակվել են չներկայացած երեք վկաների ցուցմունքները: Նրանցից մեկը դեպքի ականատես վկայի հայրն է՝ Հրանտ Ասլիկյանը, որը ՌԴ-ում է, մյուսը գործով սկզբում որպես կասկածյալ, ապա որպես վկա անցնող ռեստորանի սեփականատիրոջ որդին է՝ Ազատ Խլղաթյանը (նրանց ռեստորանում է տեղի ունեցել դեպքը), որը մեկ այլ քրեական գործով հետախուզման մեջ է՝ կալանքի որոշմամբ, եւ նրա ներկայությունը նույնպես հնարավոր չէր ապահովել, երրորդն էլ նրա հորեղբոր տղան է՝ Տիգրան Խլղաթյանը: Նա ներկայացել էր նիստերից մեկին, բայց մյուս դատակոչված վկաներին հարցաքննելով՝ աշխատանքային օրվա ավարտին դատարանը հետաձգել էր նրա հարցաքննությունը, վկան էլ այլեւս չէր ներկայացել հաջորդ նիստերին: Դատարանը մի քանի անգամ նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել, բայց դատարանի որոշումն այդպես էլ չկատարվեց իրավապահների կողմից: Վկայի մոր հայտարարությամբ՝ որդին ՌԴ-ում է, ինչը, սակայն, խիստ կասկածելի է պաշտպանական կողմի համար, քանի որ չկա այդ հանգամանքը հաստատող որեւէ ապացույց՝ պաշտոնական գրություն, ինքնաթիռի տոմս եւ այլն: Ամեն դեպքում դատարանը հրապարակել է նաեւ Տիգրան Խլղաթյանի նախաքննական ցուցմունքը: Հրապարակված երեք ցուցմունքների վերաբերյալ պաշտպանական կողմն իր առարկություններն է ներկայացրել դատարանին՝ դրանք անարժանահավատ եւ անթույլատրելի ճանաչելու համար, քանի որ քրեադատավարական օրենքի խախտումներով են ձեռք բերված:
Ամփոփելով վկաների հարցաքննության փուլը՝ փաստաբան Հակոբյանն արձանագրում է, որ գործով վկաների հազիվ տասը տոկոսն է դատարանում պնդել այն, ինչ նախաքննության ժամանակ էր ասել, այն էլ՝ ոչ ամբողջական, մնացած վկաները դատարանում տվել են բոլորովին այլ բովանդակության ցուցմունքներ: «Այսպիսի երեւույթը հազվադեպ է, երբ վկաների ճնշող մեծամասնությունը փոխում են իրենց ցուցմունքները: Եղել են դեպքեր այլ քրեական գործերով, երբ մեկ-երկու վկա հայտարարել են, որ ճնշման, մոլորության, շփոթության ազդեցության տակ են նախաքննության ժամանակ այդպիսի ցուցմունքներ տվել, իսկ այստեղ, կարելի է ասել, տոտալ բնույթ է կրում: Ամեն մեկը փորձեց յուրովի պատճառաբանել, թե ինչու է դատարանում այսպես ասում եւ նախաքննության փուլում հակառակը ասել: Եվ դա դատարանը կգնահատի այլ ապացույցների հետ համակցության մեջ ներքին համոզմունքով, սակայն ներքին համոզմունքը չի կարող օբյեկտիվ իրականությունից եւ առկա ապացույցներից կտրված լինել»,-ասում է Ռուբեն Հակոբյանը:
Վկաների հարցաքննությունն ավարտելով՝ դատարանն անցել է գրավոր ապացույցների հետազոտմանը: Հետազոտվել են գործի առաջին հատորի ապացույցները եւ եւս մի քանիսը երկրորդ հատորից (քրեական գործը 5 հատոր է): Եվ այս պահի դրությամբ, փաստաբանի խոսքով, գործում չկա իր պաշտպանյալներ Սամվել Դիլոյանին եւ Արեն Վերանյանին առաջադրված մեղադրանքը հաստատող որեւէ ապացույց:
«Առկա պայմաններում ես ասում եմ, որ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներից եւ ոչ մեկը չի կարող հաստատել իմ պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքը: Իսկ դատարանը դատական ակտը պետք է կայացնի միայն դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների հիման վրա: Եվ եթե այս պահին դատարանն արդեն իսկ կարողանար դատավճիռ կայացնել, միակ ճիշտ դատական ակտը կլիներ Դիլոյան Սամվելի եւ Վերանյան Արենի արդարացման դատավճիռը»,- համոզված է Ռուբեն Հակոբյանը:
Հաջորդ դատական նիստում շարունակվելու է գրավոր ապացույցների, նաեւ դատաբժշկական սկզբնական եւ լրացուցիչ եզրակացությունների հետազոտումը, որոնցում տրված է Սամվել Շարբաթյանի մահվան պատճառը: (Ի դեպ, առաջին եզրակացությունը տրված է «ՀՀ դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի» Լոռու մարզի փորձագետի, իսկ լրացուցիչը՝ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից): Մանրամասներ չհայտնելով՝ փաստաբանն ընդհանուր ներկայացնում է, որ առաջին եզրակացությամբ՝ մահվան կարող էր հանգեցնել տուժածի քթի շրջանում վնասվածքը, որն էլ կարող էր առաջանալ մեկ հարվածից, իսկ աչքերի այտուցները բժշկական տերմինով «ակնոցի էֆեկտ» է կոչվում, ըստ որի, դեմքի այդ հատվածում ուժեղ հարվածից աչքերն այտուցվում են: Առաջին եզրակացությամբ՝ հանգուցյալի մարմնի վրա առկա այլ վնասվածքները պլեւմատիկ ատրճանակից կրակոցի հետեւանք են, բայց դրանք պատճառական կապի մեջ չեն մահվան հետ: Իսկ լրացուցիչ եզրակացությամբ, որը Ռուբեն Հակոբյանի գնահատմամբ ակնհայտ անարժանահավատ է, մահը վրա է հասել բազմակի հարվածներից: Քանի որ սրանք նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցերի շրջանակ են, մեղադրողի առաջարկությամբ եւ պաշտպանական կողմի համաձայնությամբ դատարանը որոշում է կայացրել ապահովել փորձագետների ներկայությունը դատաբժշկական եզրակացությունների հետազոտմանը, որից անմիջապես հետո կհարցաքննվեն փորձագետները:
Կարդացեք նաև
«Ես չեմ ուզում հիմա բացել չակերտները եւ ասել, թե ինչու է ակնհայտ անարժանահավատ երկրորդ եզրակացությունը, ընդամենը մի բան կասեմ, որ առաջին փորձագետը, երբ որ կազմել է եզրակացությունը եւ հանգել է հետեւությունների, նա անմիջապես զննել է դիակը եւ իր հետեւություններն է տվել՝ դիակի զննության արդյունքներից ելնելով, իսկ երկրորդ եզրակացությունը կազմած փորձագետները դիակի զննությանը չեն մասնակցել, ընդամենը հենվել են առաջին փորձագետի եզրակացության վրա, եւ անմիջապես առաջին եզրակացության շարադրանքից հետո գալիս է նրանց հետեւությունները: Կոնկրետ ինձ անհասկանալի է՝ ինչից ելնելով են հանգել այս կամ այն հետեւության, որը չի համապատասխանում առաջին եզրակացությանը: Այստեղ որոշակի մտահոգվելու տեղիք է տալիս նաեւ հետեւյալը. առաջին եզրակացությունը, երբ որ ստացել են, կարծես թե քննիչի մոտ որեւէ հարց չի առաջացել, հավատացել են, արժանահավատ է, հանկարծ հայտնաբերվում են մյուս 2 մեղադրյալները, իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, այդ ժամանակ մի քանի ամիս անց նոր քննիչը որոշում է նշանակել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն: Բա եթե դու ունեիր կասկած՝ առաջին եզրակացության հետեւությունների հետ կապված, ինչի՞ ես սպասել մեղադրյալները հայտնվեն, նոր նշանակես, չէ՞ որ այդ եզրակացությունը մեղադրյալների բռնվելու հետ որեւէ կապ չուներ, թեկուզ երկրորդը»,- ասում է փաստաբանը:
Գրավոր ապացույցների հետազոտմանը կհաջորդի ամբաստանյալների հարցաքննությունը, եթե նրանք ցանկություն ունենան ցուցմունք տալու: Այնուհետեւ միջնորդությունների փուլն է. հայտնի չէ՝ մեղադրանքի կողմը միջնորդություն կներկայացնի, թե ոչ, պաշտպանական կողմը նոր ապացույցների հետ կապված հավանաբար միջնորդություն չի ներկայացնի, սակայն դատարանին կմիջնորդի անթույլատրելի ճանաչել առկա ապացույցները, որից հետո դատական վիճաբանությունների, ապա վճռահատության փուլն է:
Դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը հայտարարությունների, առարկությունների, միջնորդությունների ձեւով բարձրաձայնել է նախաքննական մարմնի բազմաթիվ դատավարական խախտումների մասին, որոնք տեսանելի են եղել դատարանին եւ կողմերին, ձայնագրառվել ու տեսանկարահանվել են: Պաշտպանին առայժմ հայտնի չէ՝ զուգահեռ ինչ-որ գործընթացներ արվում են դրանց հետ կապված, թե ոչ, բայց դատաքննության ավարտին պաշտպանական կողմը նորից ամփոփ կանդրադառնա այդ խախտումներին: «Այսպես ասեմ՝ մեզ չի հետաքրքրում, թե այդ խախտում թույլ տված անձինք կենթարկվեն որեւէ պատասխանատվության՝ կարգապահական կամ ավելի խիստ, թե ոչ, այդ խախտումները բարձրաձայնվում են զուտ այն առումով, որպեսզի ցույց տրվի, թե ինչ սկզբունք, աշխատաոճ է որդեգրված եղել մեղադրյալների նկատմամբ, նաեւ որպեսզի վիճարկվի ապացույցի թույլատրելիությունն ու արժանահավատությունը: Այսինքն՝ եթե ապացույցը ձեռք է բերվել խախտումով, օրենքի ուժով՝ խախտումով ձեռք բերված ապացույցը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում»,- նշում է պաշտպանը:
Ռուբեն Հակոբյանը չի բացառում, որ դատական քննության ավարտին մեղադրանքի կողմը հրաժարվի իր առաջադրած մեղադրանքից, բայց ավելի շատ նա արդարադատություն է ակնկալում դատարանից. «Նկատի ունենալով, թե ինչ մեղադրանք են առաջադրել ինչ ապացույցների վրա, այլեւս նրանց կողմից ճիշտ որոշում դժվար է սպասել: Դե նախաքննական մարմինն իր անելիքն արդեն արել է, դատարանում էլ անելիք չունի, իսկ մեղադրանքի կողմը կարող է հանդես գալ մեղադրանքից հրաժարվելու հայտարարությամբ, բայց դա էլ այն դեպքում, երբ բոլոր ապացույցները հետազոտվեն, նոր միայն քննարկեն-որոշեն՝ ինչ են անում: Դժվար եմ հավատում դրան, բայց չեմ էլ ուզում բացառել: Չնայած ասեմ, որ նորանշանակ գլխավոր դատախազի պարագայում տեսել եմ մի քանի գործերով, նաեւ առանձնապես ծանր հոդվածներով, երբ մեղադրանքի կողմը մեղադրանքից հրաժարվելու միջնորդությամբ է հանդես եկել: Տեսնենք ինչպես կլինի վերջնական արդյունքը: Հավատա՛նք մեր դատարաններին: Ակնկալում եմ արդար որոշում, արդարադատություն, այլ ոչ թե արդարադատության իմիտացիա, եւ չեմ ուզում մտածել, որ դատարանը կաշկանդված կլինի մեղադրանքի կողմի դատարան բերված մեղադրանքով եւ նաեւ նրանով, որ այսքան ժամանակ ամբաստանյալները կալանքի տակ են, եւ եթե արդարացվեն, ինչ-որ մեկը պետք է դրա համար պատասխան տա: Ինձ թվում է՝ դատավորը այն դատավորն է, որը մինչ այժմ ապացուցել է, որ կարող է համարձակ, արդարացի որոշումներ կայացնել»:
Սեփ.լր.
«Առավոտ» օրաթերթ