2013 թ. Հայաստանում սկսեց գործել շրջանառության հարկը, որի
հեղինակները դրա ներդրումը հիմնավորում էին փոքր բիզնեսի համար առավել պարզեցված հաշվառում սահմանելու և փաստաթղթավորման խնդիրը վերացնելու հանգամանքով։
Թեև պաշտոնյաները նշում էին, որ շրջանառության հարկը կթեթևացնի փոքր բիզնեսի կյանքը և ունի բազում մեղմացումներ, սակայն գործարարները հակառակն էին պնդում՝ 3.5% շրջանառության հարկը զգալի ծանրացրեց հարկային բեռը։ Օրինակ՝ ամսական 4.4 մլն դրամ (տարեկան 52.8 մլն դրամ) իրացում ունեցող խանութի դեպքում՝ ծախսերի փաստաթղթավորում ունեցող հարկ վճարողը շրջանառության հարկի ներդրման դեպքում 2013-ին վճարեց առնվազն 7 անգամ ավելի հարկ, քան պետք է վճարեր մինչև շրջանառության հարկի ներդրումը։
Այժմ ՀՀ կառավարությունը շրջանառության հարկի նոր փոփոխություններ է մշակել և պնդում է, որ դրանք «էապես» կթեթևացնեն փոքր բիզնեսի հոգսը։ Նոր օրինագիծն ուղարկվել է բիզնեսի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ու նախարարություններին՝ կարծիքների համար։ Դրանով առաջարկվում է շրջանառության հարկը սահմանել 1% այն առևտրային ձեռնարկությունների համար, որոնք պարտադիր կերպով կապահովեն 100%-անոց փաստաթղթավորում։ Օրինակ՝ առևտրային կրպակն իր ունեցած յուրաքանչյուր ապրանքի համար պետք է ունենա փաստաթուղթ։ Այս պայմանն ապահովելու դեպքում մինչև 10 մլն շրջանառություն ունեցողները կազատվեն հարկից։ Սակայն միաժամանակ՝ ԱԱՀ-ի շեմը բոլոր ձեռնարկությունների համար 58.35 մլն դրամից իջեցվելու է 30 մլն դրամի։ Այսինքն, 30 մլն դրամից բարձր տարեկան շրջանառություն ունեցող ընկերությունները կընկնեն ԱԱՀ-ի հարկման ռեժիմի տակ։
Տնտեսագետ Գևորգ Պողոսյանը «168 ժամի» հետ զրույցում նշեց, որ առաջարկվող փոփոխությունները բողոքի մեծ ալիք են բարձրացրել. «Քննարկվող նախագծով կառավարությունը փաստաթղթավորման խնդիրն է փորձում լուծել՝ փոքրի վրա դնելով այդ բեռը, ինչը շատ լուրջ խնդիր է։ Բոլորս լավ ծանոթ ենք, որ խոշորը մեծամասամբ ապրանքի հետ փաստաթուղթ չի տալիս։ Մինչև 10 մլն շրջանառություն ունեցողին հարկից ազատելու առաջարկը լուրջ քայլ է դառնում պետության կողմից, բայց քանի որ նույն նախագծով սահմանվում է փաստաթղթավորման սկզբունքը, դա դրական ազդեցություն չի ունենա, ամբողջովին բացասական կլինի, որովհետև, եթե փաստաթղթավորման խախտում գտնեն ձեռնարկություններում, ապա դրանք ԱԱՀ դաշտ կանցնեն, իսկ դա նշանակում է, որ փոքր բիզնեսի 60-70%-ը կվերանա»։
Կարդացեք նաև
Ըստ նրա, խոշոր բիզնեսի վրա այս օրինագիծն առանձնապես չի ազդի և չի նպաստի, որպեսզի խոշորն անհանգստանա իր «փոքր» գործընկերներին կորցնելու սպառնալիքից ու դուրս գա ստվերից, սկսի փաստաթուղթ տրամադրել. «Այսօր խոշորի խնդիրը մատակարարումները չեն, փոքրի վերացման դեպքում կարող է հայտնվել մեկ այլ խոշոր ընկերություն, որը կզբաղվի նաև մատակարարումներով։ Խոսքը հիմնականում առաջնային սպառման ապրանքների մասին է, որի սպառումը չի կարող կրճատվել միայն փաստաթղթերի պատճառով։ Խոշորն այսօր հնարավորություն ունի ներմուծելու խեղաթյուրված թվերով, խեղաթյուրված ապրանքի անվան տակ, նրան ոչինչ չի անհանգստացնում»։
«Շրջանառության 3.5% հարկ շարունակելու են վճարել բոլոր արտադրական ձեռնարկությունները, 5%՝ այլ ոլորտի ընկերությունները, և միայն առևտրով զբաղվողները 1%-ի իրավունք են ձեռք բերում լիակատար փաստաթղթավորման դեպքում։ Սրանով կրկին շատ նեղացվում է փոքր բիզնեսի գործունեության դաշտը։ Այսինքն, չփոխելով անհավասար մրցակցության վիճակը, նորից գցում են ավելի սուր անհավասար մրցակցության մեջ, որովհետև ԱԱՀ դեպքում փոքր բիզնեսը տարեկան մոտ 3 անգամ ավելի մեծ հարկեր է վճարելու»,- մեզ հետ զրույցում ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում