Լրահոս
Օրվա լրահոսը

«Տխուր հուշարձաններ». Անվերջանալի երկխոսություն

Մայիս 06,2014 14:00

Թանկագին Պետիկ քեռի.
Այս նամակը Դուք չեք կարդա, որովհետեւ Դուք չկաք: Ձեզ գնդակահարեցին 1937-ին: Ես 12 տարեկան էի, եւ այդ օրից ողջ կյանքում կիսատ մնացած, չասված խոսքերից չարչարվում եմ: Որքա՞ն կարող է մարդ դիմանալ չասված խոսքի բեռանը:
Մեր փողոցը՝ փոշի ու կեղտ, երկու եզրից՝ առվակներ: Բագրատ Մելիքսեթյանը եւ Դուք՝ պետբանկի գլխավոր հաշվապահն ու հանրապետության գլխավոր դատախազը, ծառատունկ կազմակերպեցիք: Աշխատավարձի օրը մատղաշ շիվեր գնեցիք, մեզ հավաքեցիք… Դուք փորում էիք, Բագրատ քեռին շիվերը պահում, մենք՝ երեխաներս, հող էինք լցնում ու ջրում… Նախաձեռնեցիք բակի բարեկարգումը, երկու ջրավազան (արձաններով), վարդանոց, եղրեւանի, մեխակ, ծաղիկների շարքերի միջեւ՝ մաքուր արահետներ… Ծաղկանոցն իր վարպետն ուներ՝ այգեպան Հաջին (Փարիզից էր եկել, Լուվրի այգեպանն էր եղել), հեքիաթային այդ բակը՝ քաղաքում ամենագեղեցիկը, շրջակա բոլոր բնակիչների հանդիպման վայրն էր:

Հիշում եմ նաեւ, ինչպես մեր տանը «Եփրեմվերդի» էիք կարդում, իսկ ներկաները (Բակունցը, Թոթովենցը, Միքայել Մազմանյանը, Արուս Ոսկանյանը, Հասանջալալովը, Արիսյանները…) կատակում էին այդ աոթիվ, որ Դուք՝ պետական գործիչդ, այդ «արգելված» գրականությունն եք կարդում… Բայց ոչ միայն դա էիք կարդում, նաեւ՝ արձակ, չափածո, անզուգական ասմունքող էիք:
Ամեն 12 տարեկան տղա հորից բացի, պիտի ունենա մի մարդ, որին իր փոքրիկ գաղտնիքներն է վստահում. ինձ համար այդ մարդը Դուք էիք, պաղպաղակի փող հորիցս չէի խնդրում, ձեզնից էի խնդրում: Հայրս ինձ արտասովոր պատկառանք էր ներշնչում, երեւի որովհետեւ պենսնեով էր, ես այդ պենսնեն տանել չէի կարող:

Դուք ինձ տալիս էիք մի մեծ կարմիր երեսուննոց, եւ ես պաղպաղակ էի հյուրասիրում ամբողջ դասարանին, մինչեւ որ տղաներից մեկը մատնեց ինձ, եւ մի օր ճաշին հայրս հարցրեց.
-Որտեղի՞ց քեզ այդ փողը, որով ամբողջ դասարանին պաղպաղակ ես հյուրասիրում:
Խոստովանեցի:
-Տղա ջան, իմ աշխատավայրը դիմացի շենքում է, երբ գալիս ես Պետրոս քեռու մոտ, ինչո՞ւ ինձ մոտ չես մտնում, ինձնից չես խնդրում:

Եվ ես անկարող էի պատասխանել:

Մի անգամ շատ վաղ արթնացանք, գնում էինք որսի Ղազար քեռու հետ: Ուզում եմ հիշեցնել Ձեզ այդ դեպքը, պիտի որ հիշեք դա: Ես արագ հագնվեցի եւ, քանի մեքենան չէր եկել, վազեցի բակ՝ ծաղկանոց, տեսնեմ՝ Դուք արդեն արթնացել եք, պատշգամբում կանգնած էիք, դիտում էիք Ձեր այգին, իսկ Հաջին արդեն ջրում էր ծաղիկները:
Գնացինք որսի: Գիշերելու էինք Ծաղկաձորի մի տնակում, ուր սենյակներ էին վարձում Լեւոն Արիսյանը, Արտո Եղիազարյանը, Միշա Ենգիբարյանը, Հովհաննես Դավթյանն ու Գազիկյանը: Եղանակը փչացավ: Ժողկոմները ժամանում էին նոր ստացված ավտոմեքենաներով: Երկարավուն, ծանրամարմին մեքենաները շրջադարձ էին կատարում Կեչառիս փոքրիկ եկեղեցու մոտ: Հանկարծ Ա. Եղիազարյանի մեքենան դիպավ Մ. Ենգիբարյանի մեքենային, սա մեկ ուրիշի, եւ բոլոր մեքենաները, որոնք նոփ-նոր էին, շղթայաձեւ վնասվեցին:

Բոլորի տրամադրությունը փչացավ: Իսկ անձրեւն ավելի ու ավելի էր սաստկանում: Ճնշված էինք: Դուք հրավիրեցիք բոլորին մեր սենյակը, տատը թունդ թեյ պատրաստեց, եւ սկսեցինք կարդալ Մ. Զոշչենկոյի նոր գիրքը, որ հասարակությունը զվարթանա:
Գիշերը արթնացա շշուկներից: Դուք հագնվում էիք, Հովհաննես Դավթյանն արդեն հագնված էր: Շտապ բոլորը մեկնեցին Երեւան: Երկարավուն ավտոմեքենաները մեկ առ մեկ սուրացին Կեչառիսի մոտով: Միայն պատշգամբում նստած էր մնացել տատը…
Խանջյանին էին սպանել…

Խանջյանի թաղման արարողությունից հետո սկսվեց մսաղացը. մեր տնից տարան Ձեզ, Վանյա Դավթյանին, Ս.Հարությունյանին, Լ. Մինասյանին…

Անցան տարիներ: Մենք՝ 37 թվի երեխաներս, մարդ դարձանք: Մի օր ես եկա Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի արվեստանոց: Նրա սենյակից դուրս եկավ մի պառավ կին եւ օրհնեց նրան: Եվ սկսեց պատմել ինձ, որ իրենց տունը թողել են առանց գազի. դիմել է ամենուր՝ ապարդյուն, խորհուրդ տվեցին դիմել Գլխավոր ճարտարապետին. եւ ահա վերջինս մի նամակ տվեց, հեռախոսով էլ զանգահարեց ու խոստացավ, որ կանեն. «Ազգանունն էլ Թորոսյան է… Ես մի Թորոսյան գիտեի… Ջահել էի դեռ, Ղամարլուում էինք ապրում, մարդս էլ ՄՏԿ-ում էր աշխատում: Եվ մի օր նրան բռնեցին: Քիչ էր մնում խելագարվեի… Ինքս ուրիշ գյուղից, երկու երեխա, ի՜նչ է լինելու, ի՜նչ անեմ՝ երեխեքին առա եկա քաղաք: Խորհուրդ տվեցին գնալ ուղիղ դատախազի մոտ… Գնացի: Ընդունեց, լաց եմ լինում՝ խոսել չեմ կարողանում… Հարցուփորձ արեց, մի կերպ պատմեցի… Թուղթ ու մատիտ տվեց, ասաց գրեք այդ ամենը, ես նստեցի, գրեցի, իսկ ինքը երեխեքին գրկեց ու մոտեցավ պատուհանին: Գրեցի: Խոստացավ 15 օրից պատասխանը հայտնել: 15 օրից ամուսինս վերադարձավ: Այդ դատախազի անունն էլ էր Թորոսյան»:
Ես գրկեցի այդ պառավ կնոջը եւ ասացի, որ դա այս Թորոսյանի հայրն էր…
Թանկագին Պետիկ քեռի.
Ես շատ բան էի ուզում Ձեզ ասել… Կասեմ միայն մի բան. բարությունը չի մոռացվում: Նույնիսկ այս նամակը փոքր-ինչ սփոփեց ինձ: Եվ ամեն անգամ, երբ մտնում եմ մեր շքամուտքը՝ լսում եմ Ձեր ձայնը. «Երեխեք, հապա բարձրացեք վերեւ»…

*****

Քեռի Ղազարը իմ բոլոր ազգականներից ամենաառանձնահատուկն էր: Նա ավարտել էր Մոսկվայի համալսարանը, գիտեր մի քանի լեզու, երկար տարիներ աշխատում էր Բաքվում, իսկ 1922-ին տեղափոխվեց Լենինական: Մոլի որսորդ էր ու ձկնորս, որսաշներ ուներ, հրացանների հավաքածու: Նա միջահասակ էր, շատ ուժեղ ու պիրկ, մեծ ճակատով ու ճաղատ. թեեւ լրիվ ճաղատ չէր, բայց գլխի մազերն ամբողջությամբ սափրում էր կլոր տարին: Նա բոլորի համակրանքն էր շարժում, բարեկիրթ էր, հանդարտ… Բայց երբ պատրաստվում էր որսի գնալ՝ դառնում էր ընդոստ, նպատակասլաց, եւ ոչ ոք ու ոչինչ կարող էր խանգարել նրա ծրագրերը: Չիբիսը (իռլանդական սետտերը, նրա ամենասիրելի շունը, որին հետո ես էի պահում) լավ գիտեր տիրոջը, նախապես զգում էր, որ պատրաստվում է որսի գնալ, եւ ինքն էլ իր հերթին սկսում էր յուրովի նախապատրաստվել: Ղազար քեռին գլխի մազերը, ասացինք, սափրում էր, մինչդեռ մարմինն այնքան մազոտ էր, որ վերնաշապիկ հագնելուց առաջ արդուկում էր կրծքի մազերը, որ կարողանա կոճկել:
Այդքան մազոտ մարդ ես երբեւէ չեմ տեսել: Նա պատմում էր, որ մի անգամ, երբ խեղդվելիս է եղել Կասպից ծովում, մի նավակ է մոտեցել: Նստածները ձեռքերը նրան են պարզել, բայց, տեսնելով ջրի մակերեսին լողացող իր մազերը՝ սարսափահար ընկրկել են, «սատանան, սատանան» («շեյթան, շեյթան») գոռալով: «Ես սատանա չեմ, մարդ եմ, փրկեք ինձ» – խնդրել է նա: «Խաչակնքվիր, որ հավատանք»:

Եվ նա ստիպված էր վերջին ճիգով խաչակնքվել՝ որից հետո միայն այդ ձկնորս մահմեդականները, վախվխելով, մոտ են եկել եւ նավակի մեջ քաշել իրեն:

Ամեն ամառ նա աշխատանքի էր մեկնում Փամբակ, Ալավերդու մոտ, ուր բնակվում էր քաղաքում ու ազատ ժամանակը որսի գնում: Երբեմն ես մի քանի օր անց էի կացնում նրա հետ: Կինը՝ Դունյան, ճաշ էր պատրաստում, ես ամբողջ օրը Չիբիսի հետ վազվզում էի անտառներում: Իսկ անտառը շքեղ էր: Մի օր տեսա, ինչպես են անխղճորեն այն կտրում: Բարկացած բողոքեցի քեռուս: Հաջորդ օրն ինձ տարավ իր հետ, ինչպես ինքն ասաց՝ «ամենագլխավորի» մոտ, որ ես հայտնեմ բողոքս:

-Տես ինչ է ասում այս տղան, -ասաց «ամենագլխավորին»:

Եվ ես մի փայլուն ելույթ ունեցա այն մասին, թե ինչպե՛ս կարելի է կտրել այդչափ հոյակապ դարավոր անտառը:

«Ամենագլխավորն» ինձ պատասխանեց, որ Երեւան քաղաքը կառուցելու համար, ժողովրդի բնակպայմանները լավացնելու նպատակով, պետք է անտառը կտրել…
Քեռիս այդ դրվագը հիշել էր եւ բոլորին պատմում էր, ինչպես էի ես անտառը փորձում պաշտպանել:

Նա շատ էր սիրում հիշատակել այդ դեպքը, ինչպես նաեւ՝ մեկ այլ դրվագ իր կյանքից, որի առիթով հպարտությամբ բոլորին ասում էր. «Ես փրկել եմ Անաստաս Միկոյանի կյանքը»: Բայց այդ մասին՝ ստորեւ:

1934-ին նա եկավ Երեւան: Օրջոնիկիձե փողոցում մի տուն առավ, ապրում էր այնտեղ եւ էլի որսի գնում:
Համարյա ամեն օր աշխատանքից հետո գալիս էր մեր տուն, ինձ համբուրում էր, հետո տուն գնում:

1937-ին նա իմացավ, որ Երեւան է եկել Անաստաս Միկոյանը: Հուզված եկավ մեզ մոտ եւ մի հեռագիր կազմեց Հայաստանի կենտկոմ, Միկոյանին, «Ընկ. Միկոյան, կցանկանայի հանդիպել Ձեզ, զրուցել, հիշել Բաքուն, 1918 թվականը, խնձորներն ու Լենքորանը, հարգանքներով՝ Ղազար Տեր-Ղազարյան»: Մենք միասին փոստատուն տարանք հեռագիրը, հետո նա ինձ տարավ կինո, կինոնկար էինք նայում՝ ինչպես վազող նեգրը, ծանր կշռաքարերը ոտքերից կապած, մասնակցում էր մրցույթին եւ հաղթող դառնում:

Միկոյանի հետ կապված պատմությունը հետեւյալն էր.
…1918-ին քեռին ապրում էր Բաքվում, մրգավաճառ էր: Սեփական խանութ ուներ: Մի երեկո նրան այցելում են մտերիմները՝ մի անծանոթ մարդու հետ: Նրանցից մեկն ասում է.
-Ղազար, անհրաժեշտ է այս մարդուն շտապ Լենքորան ուղարկել: Անաստաս Միկոյանն է: Բայց պետք է այնպես անել, որ ոչ ոք չտեսնի: Դրա համար պետք է նրան թաքցնել արկղի մեջ եւ մի քանի արկղ խնձորի հետ ամբողջ բեռն ուղարկել Լենքորան: Այնտեղ նրան կդիմավորեն:
Քեռին հյուրասիրեց, կերակրեց այցելուներին, թեյ խմեցին ու գնացին: Ողջ գիշեր քեռին Միկոյանի հետ զրույց էր անում, իսկ առավոտվա կողմ արկղը նախապատրաստեց, փափուկ շոր փռեց, հյուրին պառկեցրեց, վրայից խնձոր դրեց ու արկղերը փակեց: 10-րդ արկղում հյուրն էր:

Առավոտյան եկավ սայլապանը, 15 արկղը բեռնեցին սայլի վրա, տարան նավահանգիստ, հանձնեցին նավ ու ետ դարձան…
Այդ դրվագը քեռիս հաճախ էր պատմում, աջուձախ:

Հեռագրից երկու-երեք օր հետո վազելով եկավ Դունյան եւ լաց լինելով հայտնեց, որ գիշերը Ղազարին բռնել են:

Հայրս երկրորդ հեռագիրը պատրաստեց եւ ուղարկեց. «Ղազար Տեր-Ղազարյանը կալանված է, խնդրում եմ օգնել. Դունյա Տեր-Ղազարյան»:
Բայց գործն արդեն արված էր:

Չգիտեմ, Միկոյանն առաջին հեռագիրը ստացա՞վ, թե՞ օրգանները վախեցան, որ ինչ-որ մեկն ուզում է կառավարության անդամին հանդիպել ու վերացրին նրան, թե… Միկոյանն առանձնապես հաճույք չէր ակնկալում նրա հետ հանդիպումից…
Գիտեմ, որ գնդակահարեցին մի հոյակապ մարդու, մեծ մասնագետի, որն անգիր կարդում էր համարյա ամբողջ «Ֆաուստը», «Լիր Արքան», Պեշիկթաշլյան, Պետրոս Դուրյան…
Ավետիք Իսահակյանը հաճախ էր պատմում նրա մասին եւ մի քանի անգամ ինձ ասել է, որ ուզում է պատմվածք գրել՝ «Քաչալ Ղազարը» կամ «Որսորդ Ղազարը»: Բայց, որքան գիտեմ, այդպես էլ չգրեց:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՏԵՐ-ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հ.Գ.- Հոդվածն «Առավոտին» տրամադրել է Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանի որդին՝ Գեւորգ Տեր-Գաբրիելյանը:
Լուսանկարում` ձախից աջ՝ ճարտարապետ Ջիմ Թորոսյան (Պետրոս Թորոսյանի որդին), գեղագետ Վազգեն Հովսեփյան, արվեստաբան, ներքոշարադրյալ հուշերի հեղինակ Ալեքսանդր Տեր-Գաբրիելյան, «Ոզնի» հանդեսի գլխավոր նկարիչ Հայկ Տեր-Ղազարյան, նկարիչ Անատոլի Պապյան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031