Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական քառյակը պահպանվում է պետության կողմից. «168 ժամ»

Մայիս 06,2014 11:36

Խորհրդարանական ոչ իշխանական քառյակը, որ մինչև ապրիլի 3-ը՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականը կամ պաշտոնանկությունը, հավաքվում և ակտիվորեն քննարկում էր հասարակությանը փողոց հանելու, մասնակի իշխանափոխությունից մինչև ամբողջական իշխանափոխության հասնելու հեռանկարները, հիմա զբաղված է ընդամենը մեկ գործով՝ քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այդ նախագիծը քննարկվում է արդեն մեկ ամիս շարունակ և կարող է դեռ երկար քննարկվել, քանի որ քառյակն այլ զբաղմունք կարծես թե չունի՝ իր գոյությունն ապացուցելու կամ ի ցույց դնելու համար։
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը և ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այսօր կամ վաղը կառավարությանը կներկայացնեն քառյակի պատկերացումները կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ։ Սրանք առաջարկում են օրենքից հանել «պարտադիր» բառը, և կուտակային կենսաթոշակային համակարգը դարձնել կամավոր։ Ինչո՞ւ քառյակի ներկայացուցիչները չեն պահանջում նոր կառավարության հրաժարականը, ինչպես պահանջում էին նախորդինը, արդյո՞ք օրենքի նախագիծ գրելը, կառավարություն ուղարկելը կառավարության հետ յուրօրինակ համագործակցության ձև չէ։ Քառյակի ներկայացուցիչներն ասում են, որ նախ՝ պետք է ներկայացնել առաջարկը, սպասել կառավարության արձագանքին, հետո նոր քննարկել և որոշել հետագա քայլերի տրամաբանությունը։

Իրականում քառյակի ներկայացուցիչները շատ լավ գիտեն, թե ինչ է պատասխանելու իրենց առաջարկին կառավարությունը։ Այդ պատասխանը նրանց տրվել է ավելի քան մեկ շաբաթ առաջ։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը 10 օր առաջ մասնակցեց քառյակի նիստին և առաջարկեց ներկայացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ քառյակի մոտեցումները, որպեսզի կառավարությունը դրանք հաշվի առնի իր կողմից ներկայացվելիք օրենքի նախագծում։ Քառյակը ներկայացրեց իր տարբերակը, բայց կառավարությունը խորհրդարանին ներկայացրեց տրամագծորեն հակառակ բովանդակությամբ օրենքի նախագիծ, այնտեղ առաջարկվում է ոչ թե հրաժարվել պարտադիր բաղադրիչից, այլ հրաժարվել պարտադիր գանձումներ չկատարելու համար սահմանված տուգանքներից։ Խորհրդարանական քառյակի ներկայացուցիչները կառավարության ներկայացրած նախագծի քննարկումների ժամանակ քննադատում էին այդ մոտեցումը և հայտարարում, որ կառավարությունն այս օրինագծով ժամանակ է շահում, որպեսզի համակարգը գործի, թափ հավաքի, և այլևս հնարավոր չլինի այն կանգնեցնել։ Բայց նույն գործով՝ ժամանակ շահելով է զբաղված նաև քառյակը։ Եվ եթե կառավարության դեպքում ժամանակ շահելու նպատակը պարզ է, ապա քառյակի դեպքում այն մի քիչ անհասկանալի է։

Ժամանակ շահելն ընդամենը մի նպատակ կարող է ունենալ. ցույց տալ, որ քառյակը գոյություն, ունի, որ այն ինչ-որ գործով զբաղված է:

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031