Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանավանի թիվ 2 դպրոցի տնօրենի նամակը՝ Անահիտ Բախշյանին

Մայիս 06,2014 11:43

Երեկ տեղեկացրել ենք, որ իր ասուլիսի ժամանակ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը ահազանգ է հնչեցրել, թե Ստեփանավանի թիվ 2 դպրոցում դրամահավաք է իրականացվում:

«Առավոտը» զրուցել էր նաեւ տնօրեն Լիլյա Հարությունյանի եւ բողոքող ծնողների հետ:

Այսօր ստացանք նաեւ տնօրենի նամակը՝ ուղղված Անահիտ Բախշյանին:

«Տիկի′ն Բախշյան, ճիշտն ասած, այնքան վիրավորված եմ, որ նույնիսկ չեմ ուզում Ձեզ դիմել: Բայց, քանի որ Ձեր երեկվա անպատասխանատու հայտարարությունը լայնորեն արձագանքվել է, ստիպված եմ հղել Ձեզ իմ վերաբերմունքը: Գիտե՞ք, շատ հեշտ է մարդուն վարկաբեկել. մի անզգույշ բառ, արտահայտություն, և նախադեպը ստեղծված է: Մտածում եմ. Դուք ինձ չեք ճանաչում, դպրոցում չեք եղել, հաստատ համոզված եմ` ոչ մի ծնողի հետ չեք խոսել և այսպես արագորեն հանրությանն եք հանձնում Ձեր ոմն գործընկերոջ տվյալնները, թե անվերապահորեն վստահում եք Ձեր գործընկերոջը, թե՞ …….
Իսկ մի պահ Ձեր մտքով չանցա՞վ, որ դա կարող է լինել նախանձ` դպրոցի հաջողողությունների, հեղինակության, իմ` տարիների ընթացքում ձեռք բերած հեղինակության հանդեպ: Միգուցե կարելի էր ավելի շրջահայաց լինել և կանգ առնել` մինչ մարդուն անհիմն կաշառակեր հայտարարելը: Գուցե դա քաղաքական հնա՞րք է: Բայց չէ՞ որ Դուք արատավորում եք դպրոցը, տնօրենին, որոնք կոչված են դաստիարակելու և կրթելու, ոչ թե քաղաքական խաղերի զոհը դառնալու: Դուք, որ ինձ այսօր կաշառակեր անվանեցիք, մտածեցի՞ք, որ այդ հայտարարությունը պետք է լսեն դպրոցի մանկավարժները, աշակերտները, ծնողները, մեր քաղաքի բնակիչները: Դուք հասկանու՞մ եք, որ այդ հայտարարությամբ բնականոն հունից հանում եք մի ամբողջ դպրոց: Չեմ ուզում մտածել, որ դա է Ձեր նպատակը: Բայց և այնպես, այսօր կեղտ շպրտեցիք և′ իմ, և′ իմ դպրոցի վրա: Իսկ չմտածեցի՞ք, որ ես կարող եմ պատիվ պահանջել զրպարտելու և վարկաբեկելու համար:
Կոչ եմ անում Ձեզ. կամ Ձեր ասածը հիմնավորեք, կամ Ձեր մեջ ուժ գտեք` հրապարակավ ներողություն խնդրելու, ինչպես հրապարակավ ինձ անվանեցիք կաշառակեր և վարկաբեկեցիք ոչ միայն ինձ, դպրոցը, այլև փորձեցիք ինչ-ինչ ձևով ստվեր գցել իմ ընտանիքի վրա, իսկ ըտանիքը յուրաքանչյուր հայի համար սրբություն է:
Իսկ վերջում, որպեսզի ոմն գործընկերներից տեղեկություններ չստանաք իմ և իմ դպրոցի մասին, Ձեզ հրավիրում եմ մեր դպրոց: Կտեսնեք մեր դպրոցի առօրյան, կհանդիպեք աշակերտների, ուսուցիչների, ծնողների հետ և կանեք Ձեր սեփական եզրահանգումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Лусине says:

    Բայց ինչ չարացած էս Բախշյանը, բոլորին զազրախոսումա, տնօրենը լավ կանի դիմի դատախազություն ասի հաղորդումա եղել հանցագործության մասին, գործ հարուցեք , թող գա ապացուցի: Վեջապես մի օր Բախշյանը պիտի հասկանա որ խոսելու համար պատասխան են տալիս

    • qwerty says:

      Լուսինե ջան դուք չմտածեք, թե տնօրենը մի բարի պտուղն ա ու հեռու այդ ամենից: 90ականների անդաստիարակ, անտակտ հետնորդ ա, կիրթ լինելուց բավականին հեռու անձնավորություն, որին գուցեև տվյալ պահին զրպարտում են, բայց ոնց որ ասում են ինչքան գետնի երեսին ա, տաս էդքան տակն ա: Իսկ Բախշյանի խոսքերի համար պատասխան պահանջելուց առաջ, նախ ինքը թող իր խոսքերի համար պատասխան տար, հետո ուրիշներից պահանջեր, երբ ինքն էր զրպարտում ու իր պաշտոնը չարաշահում :

  2. anahit says:

    Հարգելի Լիլյա Հարությունյան,նախ իմ ասածը երեկ Առավոտ թերթում հրապարակված հոդվածում հաստատել են ծնողները, իսկ այսօր Արմենիա հեռուստաընկերության Ժամը լրատվականի ռեպորտաժի ժամանակ ասացին, որ առաջին դասարանի հանդեսի համար հավաքում են 8-10 հազար դրամ, իհարկե նաև հայտարարեցին, որ դրամ հավաքելու որոշումն իրենցն է, որին ես հակված չեմ հավատալ: Երկրորդ, իմ արած հայտարարության մեջ չկա ածականը, մի՛ մատնեք Ձեզ: Երրորդ, ես մի օր անպայման կգամ Ստեփանավանի թ.2 դպրոց, բայց ոչ այս խնդրով, որն ինձ համար փակված է, այլ իմ սիրելի աշակերտների և մանկավարժների հետ խորհելու, թե մեր երկրի համար ինչպիսի՞ Քաղաքացի կրթենք, որպեսզի նրանք հետագայում երբ ծնող դառնան, ոչ մի դեպքում չուզենան հաճոյանալ որևէ տնօրենի, չվախենան իրենց կարծիքը տնօրենին ասելուց կամ դժգոհությունը հայտնելուց: Ինչպես նաև նրանցից ոմանք եթե մեծանան ու դառնան դպրոցի տնօրեն, չկրկնեն մեր սխալները:Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան

    • Անժելա says:

      Դուք հակված չեք հավատալ, Ձեզ համար փակված խնդիր… Բայց այս քաղաքում շարունակում ենք ապրել մենք, հասարակ մահկանացուներս, ով սիրում է իր քաղաքը, իր դպրոցը, իր ուսուցիչներին, իր համաքաղաքացիներին…ով ԿՐԹՎԵԼ է այս դպրոցում, ով արդեն դառձել է ծնող, ում երեխան հաճախում է այս կան որևէ այլ դպրոց…Սակայն, հարգելի տիկին Բախշյան, ամեն ահազանգ չէ, որ առանց ճշտելու, ստուգելու կարելի է բարձրաձայնել: Առավել ևս, Ձեր նման դիրք ունեցող մարդը պիտի թույլ չտա իրեն անհիմն հայտարարություններ հնչեցնել ու ինքն իր համար խնդիրը փակել: Դա ինչ է? Գովազդ? Դա վարկաբեկում է ոչ միայն նրան, ում հասցեին հնչեցվում են նման հայտարարությունները, այլ նաև վարկաբեկում է հնչեցնողին: Իսկ եթե կան ապացույցներ` հրապարակեք, մենք էլ Ձեզ հետ քննադատենք նման երևույթները, իմանանք ինչ հասարակության մեջ ենք ապրում և փորձենք միասին արմատախիլ անել նման երևույթները: Մեզնից յուրաքանչյուրը կարող է հանդիպել նման երևույթի: Մենք պետք է իմանանք, բացի անանուն ահազանգից, ուրիշ ինչ ճանապարհներ կան նման երևույթներից խուսափելու համար: Հույսով եմ, որ անցել են այն ժամանակները, երբ “անոնիմկեքը” դառնում էին մարդկանց վարկաբեկման հիմք: Իսկ Ձեզ անանուն ահազանգողը, ըստ ինձ, վախենում է, քանի որ, երեևի ուզում է որ իր երեխան շարունակի իր ուսումը` ԿՐԹՎԵԼԸ, այդ «արատավոր երևույթով» դպրոցում: Եթե կա նման երևույթ` ապացուցեք, և հետո հրապարակեք Ձեր դիտարկումները, այլ ոչ թե անհիմն խառնեք մի փոքրիկ խաղաղ քաղաքի հանգստությունը, որտեղ բոլորը իրար ճանաչում են, ունեն շրջապատ, ընտանիք, ապրում են, աշխատում են, վայելում են հարգանք, պատիվ: Գիտեմ միայն, որ Ստեփանավանում թիվ 2 դպրոցը, թեև 2013թ-ից դարձել է հիմնական, ինչի համար կարելի է միայն զղճալ,, ունի բավականին բարձր վարկանիշ, ունի լավ ավանդույթներ, ունի լավ հմուտ ուսուցչական կոլեկտիվ, ունի բավականին լուրջ ձեռքբերումներ տարբեր բնագավառներում: Հարգանքներով`Անժելա

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031