Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանով են պրոֆեսիոնալ մեր լրատվամիջոցները

Մայիս 06,2014 14:58

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի պատասխանատու Գեղամ Մանուկյանը եւ «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը:

Արամ Աբրահամյան.- Որքանո՞վ է պրոֆեսիոնալ մեր մամուլը, կայքերի եւ սոցցանցերի առկայությունը արդյոք չի՞ իջեցրել մեր լրագրության որակը եւ պատասխանատվությունը:

Գեղամ Մանուկյան.– Չեմ կարծում, որ կայքերով էր պայմանավորված որակի իջեցումը: Պարզապես կայքերի եւ «առցանց լրատվամիջոցների» առկայությունը տակնուվրա արեց ամեն ինչ, թացն ու չորը խառնեց, եւ հիմա կարելի է ասել՝ ուղղակի լրատվությունը, որպես այդպիսին, Հայաստանում դադարել է գոյություն ունենալ, որովհետեւ հատկապես կայքերի առկայությունը ստիպում է զերծ մնալ որեւէ պատասխանատվությունից: Ամենավառ օրինակը վերջին 10 օրվա ընթացքում ՀՀ կառավարության նշանակման մասին պարբերաբար կրկնվող սուտ տեղեկատվությունն էր: Հանրային վերահսկողություն, հանրային պատասխանատվության կանչելու ինստիտուտ Հայաստանում չկա: Այսինքն՝ հասարակությունը այդ գիտակցությունը չունի, այդ պատասխանատվության կանչելու զգացումը չունի, որպեսզի ասի` այս կայք, այս թերթ կամ այս լրատվամիջոց, 7 անուն եք տվել, 7-ն էլ սխալ է եղել, ի վերջո` այլեւս դադարում եք մեզ համար որպես հավաստի աղբյուր ներկայանալ:

Ա. Ա.- Եթե վաճառվում է այս «լրատվությունը», ուրեմն այն շարունակելու է գոյություն ունենալ:

Արման Բաբաջանյան.- Ես չեմ կարծում, որ շարունակելու է գոյություն ունենալ: Կարծում եմ, որ ինչ-որ մի ժամանակ անպայման ֆիլտրացիայի կենթարկվի, եւ մենք իսկապես որակյալ առցանց լրատվություն կունենանք, եւ կասկած չունեմ, որ այս խայտաբղետությունը ինչ-որ մի պահի որոշակի տեսքի կգա:

Ա. Ա.- Ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմով:

Ա. Բ.- Երբ որ սպառողը կգնահատի որակյալ, արժեքավոր լրատվությունը, կտարբերի արժեքավոր վերլուծությունը անարժեք եւ ուղղակի թրաֆիկ ապահովող լրատվամիջոցից: Ինձ ավելի շատ մտահոգողը դաշտում գաղափարների բացակայությունն է, երբ լրատվամիջոցն իր բուն առաքելությունը թողած՝ սկսում է գաղափարներ գեներացնել եւ գաղափարներ նետել հրապարակ՝ այն դեպքում, երբ գաղափարը հրապարակից պետք է գար մամուլ, եւ մամուլը դրա տարածողը պետք է դառնար: 1990-ականներին կար շատ լավ մամուլ՝ միայն այն պատճառով, որ կար հասարակական դիսկուրս, կար հստակ ընդգծված իշխանություն, որն ուներ գաղափարական կոնկրետ ուղղվածություն, եւ կար ընդդիմություն` հանձին Դաշնակցության, որն ուներ դրան հակազդող ընդգծված գաղափարախոսություն, մամուլ, եւ այդպես կայանում էր մամուլը: Այսօր այս իշխանությունից ոչինչ չես հասկանում` մի օր նրանք եվրաասոցացվում են, հաջորդ օրը դառնում են Մաքսայինի անդամ, մի օր նժդեհական են, հաջորդ օրը՝ չգիտես ինչ, եւ այդպես մենք չունենք ազատական, ըստ էության, դաշտ, չունենք լիբերալ արժեքներ կրող, կայացած գոնե կուսակցություններ, որոնք գաղափարներ կնետեին այսօր հրապարակ, եւ մեզ չէին ստիպի, որ մենք այդ գաղափարները ինքներս նստենք, մտածենք, արտադրենք:

Գ. Մ.- Այստեղ խնդիրն ուրիշ է, որովհետեւ հայկական մամուլում չկա ստորագրություն: Եզակի բացառություններ կան, բայց «Առավոտի» նման, որ գիտենք` ամեն օր առավոտյան թերթը բացելիս կա խմբագրական, կա դիրքորոշում, կա ինչ-որ քաղաքական կամ հասարակական հարցերի շուրջ դիրքորոշում, նման ստորագրությունները հայկական մամուլում գրեթե բացակայում են, դասական պատկերացումը, պատասխանատու խոսք ասելը, «ես»-ով ներկայանալը Հայաստանում գրեթե բացակայում են, այսինքն՝ այն հրաշալի շերտը, որ հիշատակվեց՝ 90-ականների լրագրողական շերտը, դրա մեծ մասը մամուլից, հեռուստատեսությունից տեղափոխվել է այլ ոլորտներ՝ դա լինի մամուլի քարտուղար, լինի քաղաքականություն, բայց տեղը չի գալիս սերունդ, որ կարող է այդ բացը լրացնել:

Ա. Ա.– Համացանցում տեղ գտնող «ստատուսները», «քոմենթները» լրագրությո՞ւն են, թե՞ ոչ:

Գ. Մ.- Այդ հարցը բուռն քննարկվում է, ի վերջո՝ պետք է հասկանանք, որ լրատվամիջոցը պատասխանատու է իր էջի համար եւ իր էջում եղած ստատուսների համար, ոչ թե ցենզուրայի ենթարկելու, այլ օրենքով արգելված բոլոր երեւույթները՝ լինի հայհոյանք եւ այլն, դա չպետք է լինի լրատվության էջերում:

Ա. Ա.– Իսկ «Ֆեյսբուք»-ո՞ւմ, եթե, օրինակ, գրում են՝ այսօր լավ եղանակ է, դա լրագրությո՞ւն է, թե՞ ոչ:

Գ. Մ.– «Ֆեյսբուք»-ի հարցը ընդհանրապես բաց է, թերեւս ամենաքննարկվելիք հարցերից մեկը պետք է դառնա, որովհետեւ ֆեյսբուքյան անպատասխանատվությունը կամ, այսպես ասած, ոչ հավաստիությունը սահմաններ չի ճանաչում:

Ա. Բ.– Բայց եթե Հայաստանից դուրս գանք, նույն «Ֆեյսբուքն» ու «Թվիթերը» ուկրաինական կամ ամբողջ արաբական գարնան շրջանում ունեցան ավելի մեծ դերակատարություն, քան ցանկացած մամուլ կարող էր ունենալ այդ նույն երկրներում, այսինքն՝ ինքը այդ նշանակությունը ունեցավ եւ ունի: Թերեւս մեզ մոտ աղճատված ինչ-որ այլ բան է դառնում, բայց ունի դրական այդ իմաստն ու նշանակությունը:

Քննարկումն

ամբողջությամբ

 

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031