Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Եռակողմ ստի պայմաններում

Մայիս 06,2014 14:50

Ռուսաստանը, Արեւմուտքն ու Ուկրաինայի իշխանությունները
յուղ են լցնում ուկրաինական հրդեհի վրա

30 տարի առաջ ես կարող էի պատկերացնել, որ մենք ադրբեջանցիների հետ երբեւէ բախվելու ենք, մենք գիտեինք նաեւ՝ ինչպես են բախվում ույգուրները չինացիների կամ քրդերը՝ թուրքերի հետ: Բայց նման զինված հակամարտություն, ասենք, թուրքերի եւ ադրբեջանցիների կամ մոլդովացիների եւ ռումինացիների միջեւ պատկերացնելու համար իրոք պետք է մեծ երեւակայություն ունենալ: Մի տարի առաջ եթե որեւէ մեկն ասեր, որ ռուսների եւ ուկրաինացիների միջեւ ծագած ազգային խնդիրները կհանգեցնեն զինված հակամարտության, նրան գուցե խելագար համարեին:

Բայց, պարզվում է, հավերժ թշնամիների եւ բարեկամների մասին բանաձեւը այս դեպքում ձեռք է բերել իր չափազանց տխուր հաստատումը: Փոքր-ինչ ձեւակերպելով այդ ասացվածքը՝ կարելի է ասել՝ չկան հավերժ բարեկամ եւ թշնամի ազգեր, կան մշտապես անպատասխանատու քաղաքական գործիչներ: Եվ դա հավասարապես վերաբերում է Ռուսաստանի, Արեւմուտքի եւ Ուկրաինայի քաղաքական ղեկավարությանը՝ ինչպես նախկին, այնպես էլ ներկա: Վստահ եմ՝ եթե որեւէ երկրում եւ երկրից դուրս կա ադեկվատ վերնախավ (այդ թվում, իհարկե, փորձագիտական, մտավորական), ապա այն թույլ չի տա, որ տարբեր ազգերը, ինչպես նաեւ նույն ազգի տարբեր մասերը իրար կոտորեն:
Երբ սկսվում է «մի կաթիլ մեղրի» պատմությունը, պետք է լինեն հեղինակավոր մարդիկ, որոնք չեն վախենա ասել՝ «կանգ առեք»: Փոխարենը հայտնվում են ուժեր, որոնք տարբեր կողմերից «շիրա են տալիս»: Հիմա, երբ Ուկրաինայում բանը բանից անցել է, ռուս ակտիվիստները, ուկրաինացի ակտիվիստները, Ռուսաստանի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների լիդերները անընդհատ պնդում եւ պնդելու են՝ նրանք առաջինը սկսեցին, առաջինը սադրեցին: Այդ խոսակցությունն անիմաստ է, ինչպես նաեւ զավեշտալի է սեփական կողմնակիցներին որպես «անմեղ գառներ» ներկայացնելը, իսկ հակառակորդներին՝ որպես դաժան մարդասպաններ:

Դուք, ուրեմն, «միասնական Ուկրաինայի կողմնակիցնե՞ր» եք, իսկ նրանք՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից ներդրված գրոհայիննե՞ր: Դուք, ուրեմն, «Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցնե՞ր» եք, կամավորնե՞ր, ինքնապաշտպանության ուժե՞ր, իսկ ձեր հակառակորդները՝ Արեւմուտքից սնվող բանդերականներ եւ ֆաշիստնե՞ր: Այդ քարոզչական կլիշեներով իրա՞ր եք կերակրում, թե՞ մնացած աշխարհին: Իսկ ամենակարեւոր հարցը մնում է՝ եթե դուք ընդամենը «դաշնայնացման» կամ «միասնականության» կողմնակիցներ եք, ինչո՞ւ եք ուզում ձեր գաղափարներն ապացուցել զենքի ուժով: Եվ որտեղի՞ց եք դուք վերցնում զենքը՝ ո՞վ է այն ձեզ տալիս:

Արեւմուտքը ստում է, երբ ասում է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ զուսպ են եւ համաչափ: Ռուսաստանը ստում է, երբ ասում է, որ ինքը չի կազմակերպում ռուսամետ ակտիվիստների գործողությունները: Կիեւի իշխանությունները ստում են, երբ ասում են, որ ցանկացել են կանխել Օդեսայում մարդկանց հրկիզումը, բայց չեն կարողացել: Ինչպե՞ս չհիշես Գորբաչովի խոսքերն այն մասին, որ զորքերը Սումգայիթում ուշացել են կես օրով: Ի դեպ, զուտ «իրավաբանորեն» Ուկրաինայում տեղի ունեցող ամեն ինչի համար պատասխանատու են հենց այդ երկրի իշխանությունները:

Այդ եռակողմ ստի մեջ մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, փորձում ենք կողմնորոշվել: Մեծամասնությունը, ինչպես հայտնի է, ապրում է ռուսաստանյան քարոզչության «դոզայի» տակ: Փոքրամասնությունը հալած յուղի տեղ է դնում այն, ինչ ասում է Արեւմուտքը: Ես՝ ինչպես եւ ներքին կյանքում, այստեղ էլ ոչ մեկին չեմ հավատում: Բայց այստեղ կա մի կարեւոր հարց, որի հստակ պատասխանը ես չգիտեմ. մեզ ձեռնտու է, որ Ռուսաստանն իր կայսերապաշտական հավակնություններում հաջողի՞, թե՞ տապալվի: Ինձ թվում է՝ կարճատեւ պատմական հատվածի համար՝ առաջինը: Իսկ երկարատեւ հեռանկարի տեսակետից՝ երկրորդը: Բայց դա վերլուծության առանձին թեմա է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Եթե ռուսները տապալեն,Թուրքիան, Ադրբեջանի անվան տակ, Նախիջևանից կմտնի Հայաստան,ինձ այդպես է թվում:Ադրբեջանցին էլ արևելքից կհարձակվի:

  2. Արամ, լիովին կիսում եմ կարծիքդ

  3. Seyran says:

    Այստեղ են ասում՝ուկրաինացիներ և ռուսներ-իրար շատ չատեք,սիրել կա…;Իսկ մենք ադրբեջանցիներից նեղանում ենք հայատյացության համար…

  4. Արսեն says:

    Շատ ճիշտ է, բայց Եվրոպան է ձեզ խաբում՝ ունենում ես շատ մարդոի իրավունք և քիչ կապիտալիզմ, ամերիկան է խաբում՝ ունենում ես շատ կապիտալիզմ և քիչ մարդու իրավունք, ռուսն է խաբում՝ ունենում ես ռուսի սապոգ և ոչ մի իրավունք…))))…
    Հիմա հանգիստ նստեք, թուլացեք և մտածեք ով ձեզ խաբի?…))))…

  5. Анатолий says:

    А как вы думаете, если нас победят…
    то что будет потом ?? в долгосрочной перспективе ? этак лет 30-40…
    сможем ли мы держать базу в Армении, если проиграем…
    сможете ли вы противостоять Турции и Азебаржану без нас ??
    Подумайте !!!
    А то как то, начинаешь задумываться, что это за союзники, которые хотят чтобы мы проиграли…
    Может вы и не союзники ??? Может нам Азебаржан взять в союзники ??

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Браво! Прелестный образчик имперского высокомерия и шантажа. Побольше бы таких комментариев.

  6. gago says:

    Մենք էլ, ինչպես մյուսները՝ պետք է մնանք համաշխարհաին իրադարձություններին համաքայլ ու հիշենք հայտնի խոսքը, որ չկան մշտական բարեկամներ, կան մշտական շահեր: Ինչ վերաբերվում է Ռուսաստանի կայսերապաշտության տապալմանը ապա համոզված եմ դրա փլուզվելու դեպքում՝ տեղը դատարկ չի մնալու: Ճիշմարտությունն այն է, որ ստում են բոլորը, որովհետև դա է քաղաքականությունը: Ո՞վ է զինում Սիրիական ընդդիմությանը. մի կողմից զենք են մատակարարում, մյուս կողմից “մտահոգվում են” ու հայտարարում “stop killing your own people”.Ո՞վ զինեց մայդանցիներին ով է զինում այսօրվա ռուսամետ Ուկրաինան, պարզից էլ պարզ է: Մի բան էլ է պարզ. Մինչև կայծ ու վառելիք չլինի, մեծ հրդեհ չի բռնկվի, իսկ փոքր խարույկները մարելը հեշտ է:

  7. Հայկ says:

    Չկան հավերժ թշնամիներ և հավերժ դաշնակիցներ: Կան հավերժ պետական շահեր: Պետք է ճիշտ և ժամանակին կողմնորոշվել թե քո պետական շահերը այս պահին համընկնում են (տվյալ դեպքում) Ռուսաստանի հետ թե ոչ: Պետք է պատմություն ուսումնասիրել: Իսկ այն մեզ սովորեցնում է` երբ Ռուսաստանը սկսում է հզորանալ, պետք է իր կողքին լինել: Առաջին հայկական հանրապետության պետական այրերը չկարողացան ճիշտ կողմնորոշվել, ի տարբերություն Աթաթուրքի, և արդյունքում մենք կորցրեցինք և պետությունը և Ղարսը, իսկ այնուհետև Արցախն ու Նախիջևանը: Կուրացած արևմուտքից լսվող խոստումներից, դաշնակները չկարողացան ճիշտ կողմնորոշվել և տանոոլ տվեցին ամեն ինչ: Բայց դա մեզ դաս չեղավ: Հիմա հիշենք 90-կանները: Վազգեն Մանուկյանին իր “գնացքից թռնելով”: Նորից ճգուշակեցինք: Բավական էր սպասեինք ընդամենը 1 տարի և Խորհրդային Միությունը ինքը կփլուզվեր, մենք կստանաինք անկախություն: Բայց չէր լինի “Кольцо” օպերացիան, չէինք կորցնի Շահումյանը, շատ ու շատ լավագույն տղերք չէին զոհվի: Իսկ Աթաթուրքի դերում այդ ժամանակ Մութալիբովն էր:Որը անիմաստ չեր ընդիմանում Գորբաչովին:Բայց ինքն էլ ուներ իր Հայրիկյաններ և Մանուկյաններ: մեր բախտից Ադրբեջանի Ազգային Ճակատը տապալեց վերջինիս: Եվ սկսեցին մեր հաղթանակները: Ասածս ինչա` Երբ Ռուսաստանը սկսում է հզորանալ, պետք է հանուն մեր պետական շահերի , լինենք նրա կողքին :

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031