Լրահոս
Օրվա լրահոսը

Նախախորհրդարանի հայտարարությունը Անաստաս Միկոյանի արձանը Երևանում կանգնեցնելու որոշման վերաբերյալ

Մայիս 06,2014 11:04

Եվրասիական Միության տեսքով խորհրդային կայսրության վերականգնման ծրագրի հեղինակները և նրանց հայաստանյան դրածոները պլանավորված կերպով լայնածավալ արշավ են ձեռնարկել։ Նրանք անթաքույց կերպով փորձում են տեղեկութային-քարոզչական ու մշակութային-հոգեբանական դիվերսիայի միջոցով կեղծել պատմությունը, ջնջել հայության գիտակցությունն ու հիշողությունը և խորհրդառուսական ամբողջատիրական կայսրության նկատմամբ ձևավորել վարդագույն հիշողություններ և կարոտախտային ընկալումներ՝ դրանով իսկ թուլացնելով մեր ժողովրդի դիմադրողականությունը ու նպաստավոր պայմաններ ստեղծելով կայսրության վերականգնման համար։

Այդ արշավի մաս է կազմում նաև Խորհրդային քաղաքական և պետական գործիչ, ազգությամբ հայ Անաստաս Միկոյանի արձանը Երևանում կանգնեցնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշումը։

Միանգամայն բնական կերպով այս հարցը դարձել է հանրային ինքնաբուխ քննարկումների առարկա։ Որպես այդ քննարկումների արդյունք՝ լայն հասարակությանը հայտնի են դառնում Անաստաս Միկոյանի կենսագրության մութ էջեր, որոնք փաստում են նրա ազգուրաց և անմարդկային վարքի մասին։

Շրջանառվող նյութերը վկայում են, որ Անաստաս Միկոյանը հանուն անձնական կարիերայի զոհաբերել է ինչպես մեր ազգային շահերը, այնպես էլ անհամար թվով մարդկանց կյանքեր։ Մասնավորապես՝ նա նպաստել է մեր տարածքների նվազմանը, անգթություն է ցուցաբերել Մեծ Եղեռնից փրկված մարդկանց ճակատագրերի հանդեպ, անգամ՝ ուրացել է Ցեղասպանության փաստն ու դրանց զոհերի հիշատակը, Խորհրդային Հայաստանում ամբողջատիրական ռեժիմի ամրապնդման նպատակով ազգային մտածելակերպն արմատախիլ անելու համար անձամբ առաջարկել է գնդակահարել հարյուրավոր հայ մտավորականների և պաշտոնյաների։

Փաստերը նաև վկայում են, որ Միկոյանը նույնքան դաժան ու անմարդկային է եղել նաև ուրիշների նկատմամբ։ Նրա ձեռքերը թաթախվել են նաև ԽՍՀՄ և այլ երկրների ժողովուրդների, այդ թվում՝ ռուս ժողովրդի, արյան մեջ։ Առավել հայտնի և սահմռկելի է Կատինի դեպքերին նրա մասնակցությունը, որտեղ գնդակահարվեցին տասնյակ հազարավոր լեհ սպաներ։

Նախախորհրդարանը համոզված է, որ Հայաստանի խորհրդառուսական գաղութացման հայկական խորհրդանիշ-կերպար Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցնելու այս քայլը դիտարկվող արշավի՝ հատուկ պատվերով իրականացվող հանգուցային միջոցառումներից մեկն է։ Այն ոչ միայն արդարացնում է խորհրդային գաղութացումը, այլև խորհրդային դահճապետերից մեկին հերոսացնելու ու սրբացնելու միջոցով այդ գաղութացումը ներկայացնում է որպես բարիք և ապագայի նախընտրելի տարբերակ։ Մյուս կողմից՝ այդ քայլը լեհերի, ինչպես նաև համամարդկային արժեքներ դավանող այլ մարդկանց ու ժողովուրդների աչքում մեզ կվերածի լուսանցքային մերժելի հասարակության՝ դրանով իսկ մեր երկիրը մեկուսացնելով արտաքին աշխարհից։

Նախախորհրդարանը ողջունում է հայաստանյան հասարակության զանգվածային առողջ դիմադրությունը և մեր ժողովրդին կոչ է անում ամեն գնով խափանել հակահայկական հեռահար նպատակներ հետապնդող այս կայսերապաշտական ձեռնարկումը։

Նախախորհրդարան

06.05.2014 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031