Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ ցանկացած գանգատի դեպքում, թե՝
«բալը թանկ է», նա ապտակ կստանա «եվրասիական» բազազ-արտեմներից
– Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ կոմունիստները անցյալ շաբաթ փողոց էին դուրս եկել եւ ոչ թե ավանդական դարձած սոցիալական բնույթի բողոքներ էին ներկայացնում, այլ իշխանություններին կոչ էին անում օր առաջ ստորագրել Կրեմլի նախաձեռնած միությանը միանալու փաստաթուղթը եւ առավելապես ՌԴ նախագահին էին գովերգում: Պարոն Մեհրաբյան, Հայաստանում Կրեմլի քաղաքականության փոփոխություն նկատո՞ւմ եք, ռուսական ազդեցության ուժերի ակտիվացումը այդ մասի՞ն է վկայում:
– Հայաստանում Կրեմլի հովանու ներքո վերջին տարիներին խնամքով ձեւավորվել է մի հակահամակարգ՝ իր բաղկացուցիչ տարրերով, որը ներկայումս միահամուռ անցել է գործի եւ սպանում է մեր անկախ պետականությունը, ջարդում քաղաքացիական հասարակության ողնաշարը: Այդ տարրերն են՝ տոտալ կոռումպացված կրիմինալ-օլիգարխիկ համակարգը, իշխանական եւ «ոչ իշխանական» բարձր դիրքեր գրաված՝ ռուսական ազդեցության գործակալները, զանգվածային «լրատվամոլորության» միջոցները, ներկայիս ռուսական «բարոյականության» քարոզիչները, թշվառության աստիճանի աղքատացած, հուսալքված եւ ըստ այդմ՝ «հրաշքների» սպասող, «փրկիչներ» որոնող խավը: Ահա այսպիսի արդյունք մենք ունենք հայ-ռուսական բարեկամության այն «ավանդական»-արատավոր ընկալման արդյունքում, որը տասնամյակներով փաթաթվել է հայ ժողովրդի վզին: Այս ամենի մի փոքր դրսեւորումն էր, որ մենք տեսանք մայիսի 1-ին: Ռուսաստանի դեսպանատան մոտ «մեծն» Պուտինի եւ ուղղափառ-ֆաշիստական «արժեքների» ժամանակավոր հաղթանակի տակ կքած Ռուսաստանի հանդեպ մի խումբ մոլորված մարդկանց արտահայտած «սերը» ցույց է տալիս, թե ինչ փորձանքից է ձերբազատվել ժամանակին Վրաստանը, երբ իշխանությունը պարոն Վոլինկինին երկրից դուրս է վռնդել բոլոր դիվանագիտական նորմերը լկտիաբար խախտելու համար: Այո՛, սա ոչ թե դաշնակից պետության դեսպանատունն է, այլ մարդատյացության եւ հակաֆաշիստական լոզունգներով վատ քողարկված ֆաշիզմի դեսպանատուն: Այո՛, այլեւս այսպիսինն է Ռուսաստանը՝ ցավոք սրտի, եւ դեռ որոշ ժամանակ էլ այդպիսինը կլինի՝ մինչեւ Պուտինի ռեժիմը հայտնվի պատմության աղբանոցում: Չկա այլեւս սովորական դարձած «արջը»: Մոռացե՛ք: Այժմ մենք գործ ունենք մի մուտանտի հետ, որի մեջ միախառնվել է մեջքից հարձակվող լեշակեր բորենին եւ վայրի կապիկը:
– Ի՞նչ է սպասվում Հայաստանի անդամագրմանը Մաքսային միությանը: Վերջերս էկոնոմիկայի նախարարի նախկին պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանն ասել էր, թե հնարավոր է՝ Հայաստանը չստորագրի ՄՄ-ին անդամակցելու փաստաթուղթը, այլ միանգամից ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը: Հնարավո՞ր է Լեռնային Ղարաբաղի խնդիրը իսկապես խոչընդոտ դառնա Հայաստանի՝ Եվրասիական ինտեգրման ճանապարհին, եւ ՄՄ անդամ երկրներն ավելի բացահայտ Ադրբեջանի շահը պաշտպանեն:
Կարդացեք նաև
– Ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչ կստորագրվի կամ չի ստորագրվի, եթե հարցին մոտենանք ըստ էության: Այդ փաստաթղթերը, որոնք նույնիսկ չունեն այդ մի քանի տուփ թղթի արժեքը, ի վերջո կոչված են մի բանի՝ պահպանել եւ խորացնել իրավիճակը, որը տիրում է հայ-ռուսական վերտիկալ հարաբերություններում: Այո՛, այս ընթացքում անխուսափելիորեն շահարկվելու է նաեւ Ղարաբաղի խնդիրը: Ադրբեջանի շահն այստեղ կապ չունի: Այստեղ կապ ունեն Ղազախստանի շահը, Բելառուսի շահը եւ, իհարկե, Ռուսաստանի, որն այս խնդրի հրահրողն ու հովանավորն է: Հայաստա՛նն այստեղ ասելիք եւ անելիք ունի, սակայն հաշվի առնելով, որ մեր երկրում նոր կառավարության ձեւավորմամբ որոշակի ռեւանշի հասած օլիգարխիան նախընտրում է արտաքին քաղաքականության թատերաբեմում Գիքորի կեցվածքը, ապա պարզ է, որ ցանկացած գանգատի դեպքում, թե՝ «բալը թանկ է», հաստատապես ապտակ կստանա «եվրասիական» բազազ-արտեմներից: Այսինքն՝ Հայաստանն այդտեղ դռան հետեւում կսպասի, թե ինչ կորոշեն իր վերաբերյալ, եւ արդյոք մի բան կորոշե՞ն, թե՞ ոչ: Սա էլ է մեծ եւ խիստ արդիական հարց՝ հաշվի առնելով դինամիկ միջազգային զարգացումները՝ կապված Ուկրաինայի հետ:
– ՄՄ անդամ երկրների միջեւ, ինչպես հայտնի է, բավական տարաձայնություններ կան: Բելառուսն ու Ղազախստանը պահանջում են վերացնել որոշակի տնտեսական սահմանափակումները: Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն վերջերս հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միության ձեւավորումը պետք է հետաձգվի 10 տարով: Այս խնդիրները հանգուցալուծում կարո՞ղ են ստանալ, ՌԴ-ին կհաջողվի՞ այս երկրների հետ լեզու գտնել:
– ՌԴ-ն վարում է «ուրագի» տնտեսական քաղաքականություն՝ իր ցանկացած առավելություն օգտագործելով որպես ճնշման եւ շանտաժի գործիք, հարեւանների տնտեսության «յուղոտ» պատառները գրպանելու միջոց: Այդպես է թե՛ Հայաստանի, թե՛ Բելառուսի եւ թե՛ Ղազախստանի, թե՛ այլ հետխորհրդային երկրների կամ ԵՄ պարագայում: Ուստի այստեղ, բնականաբար, ծագել են տարաձայնություններ, եւ Լուկաշենկոյի վրդովմունքը միանգամայն հասկանալի է: Հասկանալի է նաեւ, որ ՌԴ կողմից վարվող նման տնտեսական քաղաքականությունը հակացուցված է ցանկացած ինտեգրացիոն նախագծի՝ լինի դա Մաքսային, թե Եվրասիական, թե այլեւայլ միություններ: Այդ միություններն ինքնին արհեստածին են, եւ հաշվի առնելով, որ Ռուսաստանում Պուտինի «հանճարեղ» քաղաքականության արդյունքում երկիրն անխուսափելիորեն հանգելու է դաժան ճգնաժամի, ապա համոզված եմ, որ կյանքը ստիպելու է վերջ տալ այս «մաքսային-եվրասիական» կրկեսին:
– Արեւմուտքը պատժամիջոցների հերթական ալիքը գործի դրեց՝ հաշիվների սառեցում, վիզային սահմանափակումներ եւ Արեւմուտքում ռուսական ընկերությունների աշխատանքի որոշակի սահմանափակումներ: Այդ պատժամիջոցներն ինչպե՞ս կանդրադառնան ՌԴ տնտեսության վրա, եւ հնարավո՞ր եք համարում քաղաքական իրավիճակի փոփոխություն այս համատեքստում` ՌԴ-ի ներսում:
– Վերջին շաբաթների զարգացումները ցույց են տալիս, թե ինչ դժվարությամբ եւ դժկամությամբ է Արեւմուտքը պատժամիջոցներ կիրառում Ռուսաստանի դեմ: ԽՍՀՄ փլուզումից հետո ՌԴ-ն մեծ քայլերով ինտեգրվեց համաշխարհային տնտեսությանը՝ ստեղծելով բազմազան եւ խորը կապեր Եվրամիության, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ: Դրա արդյունքում ՌԴ-ը թե՛ հարստացավ, թե՛ արդիականացավ: Լինելով մշակութային, քաղաքակրթական առումով Եվրոպայի մասը՝ երկրի առաջ բացված էին բոլոր հնարավորությունները եւ ճանապարհները՝ նորմալ, ազատ եւ ժողովրդավարական պետություն դառնալու համար: Սակայն տեղի ունեցավ հակառակը, քանզի այս ընթացքում կար նաեւ պրոցեսի մյուս կողմը. տեղի ունեցավ չեկիստական ռեւանշ, եւ կրիմինալի հետ սերտաճած՝ ներկա եւ նախկին ուժայինների մի խավ տիրացավ երկրի ողջ հարստությանը՝ սարսափելի կողոպուտի ենթարկելով այն: Արեւմուտքն էլ՝ դրսեւորելով, այսպես ասած, պոզիտիվիստական մոտեցում թե՛ Ռուսաստանի, թե՛ հետխորհրդային ռեժիմների նկատմամբ, մտածելով, թե ժամանակը կհարթի բոլոր թերությունները՝ այսօր կանգնեց իր բոլոր պատրանքների՝ հօդս ցնդելու դաժան փաստի առաջ, խիստ անպատրաստ:
Մոտավորապես նույն պատկերն էր Եվրոպայում 20-րդ դարի 30-ականներին, երբ անցած սարսափելի պատերազմի վերքերից նոր ապաքինված մայրցամաքը տեսնում էր, բայց չէր տեսնում նոր՝ ավելի սարսափելի հրեշի ծնունդը եւ ավելի սարսափելի պատերազմի սպառնալիքը, չէր ուզում իր աչքերին հավատալ, ընկել էր սին պատրանքների գիրկը: Համոզված եմ, որ այդ պատմական փորձն, այնուամենայնիվ, լավ են սերտել Արեւմուտքում եւ պարզապես թույլ չեն տա, որ մի ինչ-որ բարդույթավորված «ալֆա-սամեց»-դուրսպրծուկ մարսի Ղրիմի անշլյուսը: Համոզված եմ նաեւ, որ սա դեռ սկիզբն է. պատժամիջոցների մեխանիզմները գնալով կատարելագործվում են, եւ հիմա ամենեւին էլ անհրաժեշտություն չկա պատժելու ամբողջ երկիրը, որն, ի տարբերություն ԽՍՀՄ-ի կամ նացիստական Գերմանիայի, նույնիսկ դաշնակից չունի: Բավական է պատժել մի քանի տասնյակ անձանց, որոնք պետությունը եւ իշխանությունը վերածել են հանցագործության գործիքի, եւ նրանց կողմից վերահսկվող մի քանի մոնոպոլիստ ընկերությունների եւ տնտեսական ոլորտներ: Այստեղ ամենակարեւորը լիբերալ ժողովրդավարությունների համերաշխ եւ միասնական դիրքորոշումն է, որը մինչ օրս սկզբունքորեն կա՝ չնայած որոշ հանգամանքներին, որոնք միանգամայն հաղթահարելի են: Եվ ռուսական տնտեսությունն, ինչպես ասացի, անխուսափելիորեն ընկղմվելու է խորը ճգնաժամի մեջ, ինչը չի կարող չբերել քաղաքական փոփոխությունների Ռուսաստանում: Այլ հարց է, թե ինչպիսին կլինեն այդ փոփոխությունները… Բոլոր դեպքերում՝ արդեն այսօր է պետք մտածել հետխորհրդային ժամանակաշրջանին հաջորդող՝ հետպուտինյան, հետռուսական ժամանակաշրջանի մասին:
– Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի դիրքորոշման պայմաններում սրվեցին տարածքային հակամարտությունները, օրինակ` Մերձդնեստրի հակամարտությունը: Հնարավո՞ր է հաջորդ թիրախը դառնա Հարավային Կովկասը եւ մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
– Ոչ միայն հնարավոր է, այլեւ խիստ հավանական: Եթե մոսկովյան «շտաբիստի» հայացքով փորձենք նայել հետխորհրդային տարածքին, ապա պարզ է դառնում, որ հետխորհրդային պետությունների եվրոպական ընթացքը խափանելու համար պետք է ներգործել երկու ուղղությամբ՝ Արեւելաեվրոպական եւ Կովկասյան: Ուրիշ ուղղություն ուղղակի չկա: Այսօր ՌԴ-ն մինչեւ արմունկները թաթախվել է արյան մեջ Ուկրաինայում՝ ընտրելով այդ երկիրը որպես հիմնական ուղղություն եւ թիրախ, եւ Կովկասն ունի առայժմ միայն օժանդակ նշանակություն: Այստեղ ՌԴ քայլերն առաջիկայում ուղղված են լինելու պահպանելու եւ հնարավորության դեպքում ուժեղացնելու իր լծակները, թույլ չտալու որեւէ պրոցես, որը կհակասի իր կայսերական շահերին: Սակայն հետագայում կամ այս ամենին զուգահեռ՝ Մոսկվայում կարող են փոխվել մոտեցումները: Կրեմլը կարող է ստիպել ալիեւյան Ադրբեջանին կարճատեւ պատերազմ սանձազերծել հայերի դեմ, որպեսզի որոշ ժամանակ անց գա «փրկության»: Դրա նախադրյալները, ցավոք, կան. հարձակողական զենքի վաճառքը Բաքվին, դուգին-ժիրինովսկի-մարկովների վայնասունները ՌԴ-ում, «հայկական շպիոնների» հետ կապված հիստերիայի նոր ալիքն Ադրբեջանում եւ քաղաքացիական ակտիվիստների խայտառակ հետապնդումները, զորիբալայանական «դիսկուրսը» Հայաստանում եւ այլն: Բայց ես ուզում եմ հավատալ, որ այսքանից հետո թե Հայաստանում, թե Ադրբեջանում պատմական փորձն ու առողջ բանականությունն ավելի ուժեղ կգտնվեն, որպեսզի կարողանանք ոչ միայն մեր երկրները զերծ պահել փլուզվող կայսրության փլատակների տակ հայտնվելու սպառնալիքից, այլեւ մոտ ապագայում համատեղ խաղաղություն կառուցել մեր տարածաշրջանում՝ մի կողմ դնելով ինչ-ինչ «մեծ եղբայրների» գործիքը լինելու գայթակղությունը, չնմանվելով «չսովորած դասերի» երկրներին:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ